Գրքեր

«Խաչի ճանապարհով ենք անցել և դեռ անցնում ենք, կարևորը, որ դեպի Քրիստոս ենք գնում»

1915-1923 թթ-ին Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանում իրագործված հայերի բնաջնջումն ուղեկցվեց նախ տեղահանությամբ: Բազմաթիվ նահանգներից, այդ թվում նաև Սասունից և Վանից տարհանվեցին մեծ թվով հայ ընտանիքներ, որոնց շարքերում էին նաև Օհանյան և Աբրահամյան ընտանիքները: Հայրենի եզերքից հեռու՝ այս ընտանիքներն ապաստան գտան նախ Սիրիայում, Բեյրությում, ապա՝ Հայաստանում: Թուրքական յաթաղանից մազապուրծ փրկված Օհանյան և Աբրահամյան ընտանիքներից Պետրոսն ու Սրբուհին ընտանիք կազմեցին, դառնալով կոտրված ծառի կենդանությունը վկայող նորածիլ շիվերը՝ Տիրոջ հետևյալ խոսքի համաձայն. «Ծառի համար իսկ գտնվում է հույս. թեև կտրում են, նորից է ծաղկում: Ճյուղերը նրա դեռ չեն պակասում: Անգամ արմատը թե որ ծերանա խորքի մեջ հողի, քարերի մեջ էլ խեղդվի բունը, ջրի հոտից իսկ կծաղկի իսկույն, նորատունկի պես պտուղներ կտա» (Հոբ 14:6-10):

Նորածիլ շիվը նորատունկի պես ծաղկեց և պտղաբերեց

Օհանյան ընտանիքում լույս աշխարհ եկան 12 զավակներ: Բազմանդամ այս ընտանիքի զավակներից Հայկանուշ Օհանյանը այժմ ապրում է Երևանում: 80-ամյա տիկին Հայկանուշի հիշողության մեջ դրոշմվել են իր մոր՝ Սրբուհի Աբրահամյանի պատմածները ցեղասպանության մասին: 

«Հայրս՝ 1902թ. Սասունում ծնված Օհանյան Պետրոսը, շատ ավելին էր հիշում ցեղասպանության մասին, քան մայրս, բայց մեզ մոտ մշտապես լռում էր»,- ասաց տիկին Հայկանուշը և անդրադառնալով հուշերի շղթային՝ պատմեց, որ Վանի շրջակա գյուղերից մեկում ծնված իր մայրը, թեև փոքրահասակ է եղել, բայց մինչ 1920 թ-ի տեղահանության անասելի դաժան ճանապարհը, շատ լավ է հիշում, թե ինչպես իրենց գյուղից դուրս գնդակահարեցին 14 և ավելի բարձր տարիք ունեցող բոլոր հայ տղաներին: Պատանիներին ուղղված թուրք գնդակահարողների այն հարցին՝ թուրքանալու ես, թե՞ ոչ, բոլորը բացի մեկ հոգուց պատասխանել են, որ մենք Հիսուսի ճանապարհով ենք գնալու: Որդեկորույս ծնողները, բացի իսլամանալու ցանկությունը հայտնած տղայի ծնողներից, պատմում էին այն հրաշքի մասին, որ ականատես էին եղել իրենց զավակների մարմինները հողին հանձնելուց. տղաների մարմիններն ամբողջովին մյուռոնվել էին: Սգավոր ծնողները միմյանց մխիթարում էին՝ ասելով, որ մեր զավակները Հիսուսի ճանապարհով գնացին: Հայերն իրենց հավատքը վկայում էին, երբ, թուրքի մահասփյուռ գնդակից չվախենալով, իրենց երեխաներին գաղտնի մկրտում էին տանը, Ավագ Հինգշաբթի օրը գնում էին մոտակա գետը՝ մասնակցելու Ոտնլվայի արարողությանը:

Այնուհետև Հայկանուշ Օհանյանը շարունակեց. «Չեմ կարող չպատմել պապիկիս հոր՝ Օհան Աբրահամյանի մասին, ով եղել է Սասունի հայտնի բժիշկը (այն ժամանակ հեքիմ էին ասում), նրա եղբայրները ևս բժշկությամբ էին զբաղվում: Օհանը 19-րդ դարի վերջին տեղի ունեցած ընդհարումների ժամանակ թե՛ հայ, թե՛ քուրդ և թե՛ թուրք վիրավորներին էր բուժում դեղաբույսերով: Նա Սասունի խանի հրամանով գաղտնաբար և նենգորեն սպանվեց այն պատճառաբանությամբ, որ իր բուժածների մեջ ավելի շատ կենդանի էին մնում և շուտ ապաքինվում հայերը, քան թե թուրքերը»:

Իսկ հոր մասին պատմեց. «Խստահայաց հայրս ճշմարտության համար պայքարող քաջ մարտիկ է եղել: Աստված բազմաթիվ պարգևներ էր շնորհել հորս: Նա, իրենց սերնդին տրված բժշկագիտության շնորհին տիրապետելով, դեղաբույսերով բուժել է չբերություն, թոքախտ, ուռուցք, փտախտ և այլ հիվանդություններ, զենք և երաժշտական գործիքներ է պատրաստել,

Սիրիայում 17 տարի ծառայելով ֆրանսիական բանակում, հասել է մինչև սերժանտի աստիճան: Այստեղ՝ Հայաստանում, մեծ ընտանիքի հոգսերն հոգալու համար, կոշկակարությամբ և շինարարությամբ է զբաղվել: Հիշում եմ, մի օր հայրս ինձ Սիրիայում հարվածեց նրա համար, որ ես կանգնած նայում էի, թե ինչպես էր փոքր քույրս կռվում թուրք երեխայի հետ և ես քրոջս չէի պաշտպանում, թեև նա պաշտպանության կարիք չուներ: Այդ տեսարանից անհանգստացած մորս՝ հայրս բարկացած ասաց՝ քույրը կռվում է թուրքի հետ, իսկ նա կանգնած նայում է և չի պաշտպանում: Հայրիկիս շնորհիվ սասունցիների երգն ու պարն այնքան հոգեհարազատ է դարձել ինձ համար, որ լսելուն պես չեմ կարող չերգել ու չպարել: Մայրս քրդախոս էր և Վանում իրենք «Յարխուշտա»-ն քրդերենով անվանել են «Չափկե», ընտանիքներով հավաքվել են, երգել, պարել և նվագել իրենց պատրաստած երաժշտական գործիքներով»:

«Մայրս հավատավոր, խոնարհ, խոհեմ և հյուրասեր մի կին էր: Բազմանդամ ընտանիքում բազմաթիվ գործերով հանդերձ, նա չէր հանգստանում մինչև որ մեր տուն հյուրընկալվածը մեր սեղանից չօգտվեր: Շաբաթվա սուրբ օրը՝ կիրակին, մեզ անպայման եկեղեցի էր տանում: Մայրս նախանձախնդրորեն հետևում էր, որ ողջ ընտանիքով՝ փոքրից մեծ, Մեծ պահքը պահենք: Հիշում եմ Սիրիայում ինչպես էինք անհամբերությամբ սպասում Սբ. զատկական Պատարագի ավարտվելուն, որ մայրիկի պայուսակից ձուն վերցնենք և շտապենք եկեղեցու բակ՝ ձվակռվի: Իսկ Սբ. Պատարագի ավարտին եկեղեցու բակն արդեն փայլում էր ձվի կեղևներից»,- պատմում էր տիկին Հայկանուշը:

Հավատի սերմերը Օհանյան ընտանիքում, բարեբեր հողի մեջ ընկնելով, իրենց պտուղները տվեցին: Հայկանուշ Օհանյանի դուստրը՝ Սիրանուշ Գումրույանը, 27 տարիներ շարունակ եղել է Սիրիայի Հալեպ քաղաքի Սբ. Գևորգ եկեղեցու դպրաց դասի երգչախմբի ղեկավարը և նվագակցողը, նույն եկեղեցու «Օրհնություն» մանկական դպրաց դասի երգչախմբի հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարը, նաև «Նանոր» և «Լուսավորիչ» երգչախմբերի կոնցերտմայստրը: Հալեպում և Դեր-Զորում ապրիլի 24-ին Սիրանուշը «Լուսավորիչ» երգչախմբով հանդես է եկել հուշ-երեկոյով: Սիրիայում պատերազմական գործողությունները սկսելուց ի վեր չորս տարի է, ինչ Հայաստանում է և Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության ակտիվ անդամներից է, նաև կիրակնօրյա դպրոցի մանկավարժը: Սիրանուշը Սրբուհի տատիկի հետ կապված հիշեց, որ նա շատ էր սիրում քնելիս Աստվածաշունչը իր գլխատակին դնել և, գրաճանաչ չլինելով, շատ լավ գիտեր Աստվածաշնչի բովանդակությունը: «Տատիկիս խնդրանքով շատ անգամներ եմ նրա համար Աստվածաշունչ կարդացել: Պապիկս էլ մեծ հավատքի տեր մարդ է եղել: Ցեղասպանության հետ կապված տատիկիս պատմածներից հիշում եմ, որ շատ քրդերի շնորհիվ թե՛ իրենք և թե՛ շատ հայեր պաշտպանություն են գտել: Եվ մի օր տատիկս, քրդական հագուստով ազատ լինելով թուրքի հարձակումից, ականատես է եղել, թե ինչպես թուրք ոճրագործները մի խումբ հայերի առջև պայման են դրել չիսլամանալու դեպքում բոլորին գետը նետել, դա լսելուն պես, հայերը թթի պես թափվել են գետը: Հիշում եմ պապիկիս այս հորդորը, իր թոռներին ուղղված, ասում էր՝ զենքը սիրեք, զենք ունեցեք, բայց տեղին գործածեք: Այս հորդորի իրականացնողները հենց իրենք են եղել. ցեղասպանության տարիներին թե՛ պապիկիս և թե՛ տատիկիս սերնդից քիչ նահատակներ ենք ունեցել»:

Զրույցի ավարտին տիկին Հայկանուշն ասաց. «Խաչի ճանապարհով ենք անցել և դեռ անցնում ենք, կարևորը, որ դեպի Քրիստոս ենք գնում»:

 

 

Կարինե Սուգիկյան

25.04.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․