23 Դեկտեմբեր, Բշ
Ապրիլի 20-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ.Շահե քահանա Հայրապետյանն օրհնեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակում տեղադրված խաչքարը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Խաչքարի օրհնության կարգից հետո Տեր հայրը դիմեց ներկաներին ասելով.«Այստեղ՝ խաչքարի մոտ, բոլորս կանգնած ենք և զբաղված ենք մեր հոգու մաքրության քննումներով: Ս. Գրիգոր Տաթևացին ասում է, որ մարդանց հիշողության մեջ կա խաչի նշանը և բոլոր ազգերն ունեն խաչի նշան՝ եգիպտացիները, բաբելացիներ, հին հնդիկները և այլն: Բոլոր ազգերը, որոնք ունեն պատմություն, ունեն խաչի նշան: Եվ ս. Տաթևացին ասում է, որ խաչը դրախտում կենաց ծառի նշանն է, որովհետև կենաց ծառը խաչանման է: Սա է պատճառը, որ հայոց խաչը ծաղկյալ է և Քրիստոս ինքը դարձավ այն անուշ պտուղը, ում միջոցով մենք անմահությունը պիտի ճաշակենք: Ահա մենք գնում ենք դեպի անմահություն և այս անմահությունը նաև մեր բյուրավոր հիշատակների միջոցով է, որոնք ապրիլի 23-ին պիտի սրբադասվեն և մենք այլևս պիտի նրանց բարեխոսությունը խնդրենք բոլորիս համար: Խաչը թող դառնա ստեղծագործական այն մեծ ուժը, որը կոգևորի մեզ և նորանոր խիզախումների կառաջնորդի»:
ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանը խոսեց Ցեղասպանության և աշխարհի կողմից այն ճանաչելու մասին մասնավորապես ասելով.«Սա 100-րդ ապրիլն է 1915 թվականից հետո: Պատմությունը նայում է մեզ, մենք նայում ենք պատմությանը, բայց այդ պատմությունը նայում է նաև աշխարհին և աշխարհը նույնպես այդ պատմության աչքերի մեջ է նայում և բարոյական, քաղաքական, հոգևոր եզրահանգումներ անում պատմության այս անողոք հայացքից: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես տարբեր երկրներ ու ժողովուրդներ իմաստավորում են այդ անցյալը: Մենք աշխարհի տարբեր անկյուններից ստանում ենք այդ ուղերձները և հասկանում, որ հայ ժողովրդի դառը պատմական փորձությունը աշխարհը սկսել է ընկալել որպես իր համար դաս և փորձում է համարժեք անուն տալ այդ ամենին, զորակցություն արտահայտել: Եվ մեր երկիրն այս օրերին դառնում է համաշխարհային խղճի ցուցանիշ…»:
Ինստիտուտի խումբ ուսանողներ ընթերցեցին արևմտահայ բանաստեղծներ Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի և Սիամանթոյի ստեծագործություններից:
Վերջում ներկաները օրհնված խաչքարի մոտ հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Արարողությանը ներկա էին ԵԹԿԻ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, հյուրեր:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին