26 Ապրիլ, Կիր
«Սակայն քա´վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ աշխարհի համար» (Գաղ. 6:14):
Սիրելի´ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,
Այսօր նշում ենք հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, որը Սուրբ Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև խաչի՝ գերությունից վերադարձին է նվիրված։
Ես այսօր չեմ անդրադառնալու նրա պատմությանը՝ վստահ լինելով, որ բազմիցս կարդացել եք կամ լսել, այլ խոսելու եմ այն մասին, թե ինչ խորհուրդ ունի խաչը մեզ համար:
Տեր Հիսուս Քրիստոս Իր երկրային քարոզչության ողջ շրջանում մեզ սովորեցնում է սեր, զոհաբերություն և խոնարհություն: Եվ քրիստոնեության այս երեք կարևորագույն առաքինություններն են, որոնց վրա ձևավորվում է փրկչական խաչի խորհուրդը: Աստծու բացարձակ, անձնազոհ սերն էր պատճառը մեր` մարմնավորներիս հանդեպ, որ հազարամյակներ առաջ Բարձրյալը գնաց այն աննկարագրելի զոհաբերությանը, որ կատարվեց մեզ համար: Եվ մեծագույն խոնարհության պատճառով էր, որ Քրիստոս Աստվածային փառքից խոնարհվելով` մարդկային մարմին առավ, դարձավ մեզանից մեկը, խոնարհաբար խաչը բարձրացավ և որպես անմեղ գառ՝ Իր արյունը հեղեց` մեղքի գերությունից և հավիտենական մահվանից մեզ փրկելու համար: Եվ Պետրոս առաքյալի ավետարանական հետևյալ տողերն էլ հրաշալի վկայությունն են ասածիս. «Նա, որ մեր մեղքերը իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարության համար. Նա, որի վերքերով բժշկվեցիք դուք» (Ա Պետ. 2:24):
Ահա սա է խաչի մեծագույն խորհուրդը, սիրելի՛ հավատացյալներ:
Աստծու Խոսքը, Եկեղեցին, Եկեղեցու հայրերը մշտապես կոչում են մեզ՝ գիտակցելու, որ կյանքում բազմաթիվ մեղքեր ունենք: Քանի որ ինչքան շուտ սա հասկանանք և ընդունենք, այնքան շուտ կգնահատենք այն, ինչ Քրիստոս արեց մեզ համար: Եվ որքան շուտ հասկանանք, որ մեր փրկությունն Աստված է, այնքան շատ կսիրենք և կծառայենք Նրան:
Քրիստոնեության հիմական գաղափարն այն է, սիրելինե՛ր, որ Աստված սիրում է մեզ և միայնակ չթողեց այն քաոսի մեջ, որը ստեղծեցինք մեր ազատ կամքով, մեր ընտրությամբ և ապրած սխալ կյանքով: Քրիստոս՝ կատարելապես անմեղ լինելով, գնաց խաչի մահվան՝ մեզ մեր ստեղծած քաոսից դուրս բերելու, մեր սեփական մեղքերից ազատագրելու և դեպի հավիտենական փրկություն առաջնորդելու համար:
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, հաճախ հանդիպում ենք իրավիճակների, երբ մարդիկ տեսնելով կամ լսելով մեկի սխրագործության կամ որևէ նվիրյալ հոգևորականի մասին, մեծ ոգևորությամբ, հարգանքով ու նվիրումով են լցվում տվյալ անձի հանդեպ պատրաստ լինելով ամեն պարագայում նրա կողքին լինելու: Սա, իհարկե, ողջունելի և գովելի մոտեցում է, բայց կա մի «բայց». եթե մենք երախտագիտության և գնահատանքի այս վեհ զգացողությունը ունենք, և ունակ ենք անմնացորդ նվիրվելու, ապա ինչո՞ւ չենք կարողանում այդ ամենը կիրառել և անհրաժեշտ պատկառանքով, երախտագիտությամբ ու երկյուղով լցվել մեր Տիրոջ հանդեպ, որն Իր Միածնի կյանքը չխնայեց մեզ համար:
Վերջերս հետաքրքիր մի պատմություն կարդացի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած մի դեպքի մասին, երբ ռազմագերիների մի խումբ աշխատում էր Բիրմայի երկաթուղում: Աշխատանքային օրվա ավարտին աշխատողներից հավաքում էին գործիքները: Եվ մի անգամ ճապոնացի հսկիչ զինվորն ասում է, որ մի բահ է կորել, և պահանջում է պարզել, թե աշխատողներից ով է վերցրել այն: Բոլորի վրա բարձր բղավելով` հրամայում է մեղավորին մեկ քայլ առաջ գալ: Ոչ ոք տեղից չի շարժվում: Եվ նա, մատը դնելով ավտոմատի ձգանին, պահում է ավտոմատը ռազմագերիների վրա՝ բղավելով. «Դուք բոլորդ հիմա կմեռնեք»:
Այդ ժամանակ գերիներից մեկն առաջ է գալիս: Ճապոնացի զինվորը ավտոմատի կոթով մահվան աստիճան ծեծում է նրան: Իսկ մարդը նույնիսկ չի էլ փորձում պաշտպանվել: Երբ ճամբար վերադառնալով՝ նրանք նորից են հաշվում բահերը, պարզվում է, որ բոլորը տեղում էին: Իսկ այն մարդն առաջ էր եկել` փրկելու մյուսներին:
Այսպես եկավ նաև Քրիստոս, որպեսզի խաչի վրա մահանալով՝ փրկի մեզ: Որպեսզի խաչի մահվամբ զինաթափի թշնամուն՝ չարի ուժերին, և մահը պարտվի:
Պողոս առաքյալն ասում է. «Այդպիսով նա զինաթափ արեց ոգեղեն աշխարհի իշխանություններին ու պետություններին` նրանց հայտնապես խայտառակելով ու պարտության մատնելով Քրիստոսի ձեռքով նրա հարության ժամանակ» (Կողոս. 2:15):
Խաչին գամված` Աստված բացահայտեց Իր անհատնում սերը մեր հանդեպ՝ ցույց տալով, որ Աստված անտարբեր չէ մարդկության տառապանքների նկատմամբ: Խաչին գամված Քրիստոս անձնազոհ սիրո օրինակ ցույց տվեց, «….որովհետև այդ բանի համար իսկ կոչվեցիք, քանի որ Քրիստոս էլ ձեզ համար մեռավ և ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք» (Ա Պետր. 2:21):
Եկեղեցու սրբազան հայրերն ու սուրբ մարտիրոսները լավ հասկացան այս զոհողության և սիրո գինը, որի համար էլ հաղթահարեցին բազմապիսի դժվարություններ, և որոնցից շատերը նաև մեր Տիրոջ համար նահատակության սուրբ պսակն ընդունեցին:
Սիրելի՛ հավատացյալներ, ավետարանական ճշմարիտ կյանքը հեշտ չէ, փրկության արահետը նեղ է ու փշոտ: Սակայն առանց խաչի՝ չկա փրկություն, և եթե սիրով ու հեզաբար չվերցնենք մեր խաչն ու չհետևենք Քրիստոսին, արժանի չենք լինի ո՛չ Նրա Արքայությանը, ո՛չ՝ Նրա աշակերտն ու զավակը կոչվելու: Պետք է հաստատակամորեն պայքարենք դժվարությունների դեմ, հավատարիմ մնանք Ավետարանի վարդապետությանը և մեր խաչը կրենք քաջ զինվորի պես՝ հետևելով երկնային զորքերի Զորագլուխ Քրիստոսին:
Եկեղեցին այսօր կոչված է շարունակելու մեր Տիրոջ գործը: Այն շարունակում է կատարել Աստվածային պատգամները՝ օգնելով յուրաքանչյուր հավատացյալի հաղորդակցվելու Տիրոջը՝ Սուրբ Հաղորդության խորհրդի շնորհիվ, խաչելու սեփական մեղքերն ու կրքերը, և որպես նոր մարդ՝ հարություն առնելու Տեր Հիսուս Քրիստոսով: Եկեղեցին շարունակում է Տիրոջ վարդապետությունը՝ ուղղորդելով մեզ փրկության ճանապարհով, մշտապես հիշեցնելով, որ փրկվում ենք ոչ թե մեր սեփական ուժերով և կատարած բարի գործերով միայն, այլ Աստծու ողորմածությամբ և մեծագույն շնորհով՝ խաչյալ Քրիստոսով:
Խաչը մարդուն մաքրեց մեղքի գարշահոտությունից, քանդեց մեղքի իշխանությունը, վերացրեց մարդու և Աստծու միջև եղած անջրպետը: Եվ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ընդամենը չորս բառի մեջ լիարժեքորեն ամփոփում է խաչի անսահման խորհուրդը՝ ասելով. «Խաչը մեր փրկությունն է»:
Այս բառերը մեկընդմիշտ դրոշմենք մեր հոգում ու սրտում, սիրելի՛ հավատացյալներ՝ կրկնելով, որ խաչն է մեր փրկությունը, որովհետև Քրիստոսի խաչի շնորհիվ ազատագրվեցինք մեղքի մահասփյուռ իշխանությունից: Սա է միակ իրական ու ճշմարիտ փրկությունը, որը մարդուն տանում է անանց երջանկություն, խաղաղություն և, ի վերջո, հավիտենական կյանք:
Մեկընդմիշտ մտապահենք, սիրելինե՛ր, որ Ամենակարող Աստված սիրում է մեզ, և որպես Երկնավոր ծնող՝ սպասում է Իր զավակների վերադարձին: Հիսուս Քրիստոս խաչվեց բոլորի համար, և մեզանից յուրաքանչյուրի համար՝ անհատապես: Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Աստծո Որդին սիրեց ինձ և Իր կյանքը տվեց ինձ համար»: Հետևապես, եթե մեզանից մեկն այս աշխարհում լիներ միակը, Հիսուս Քրիստոս նորից կմահանար այդ մի մարդու համար:
Եկեք ուրեմն մեծագույն երախտագիտությամբ և ակնածանքով կրկին խոնարհվենք Տիրոջ խաչին՝ ասելով. «Փա՜ռք Սուրբ Խաչիդ, ալելուիա, հավիտյանս հավիտենից. ամեն»:
Տ. Գրիգոր քհն. Գրիգորյան