2 Հունիս, Գշ
«Եթե մեկը կամենում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ հետևից» (Մատթ. 16:24):
Այս սուրբ կամարի տակ այսօր հավաքվելով՝ ջերմագին փափագով շտապում ենք երկրպագել բարձրացված և փառավորված և քրիստոնեության պարծանքն ու փառքը հանդիսացող Ս. Նշանի՝ Խաչի առջև: Նրա տեսքը ինչե՞ր չի ներշնչում, մի անգամ ևս կանգնենք Նրա սուրբ պատվանդանի առջև, խորհենք նրա շուրջ: Նա պիտի խոսի մեզ հետ, պիտի խոսի սիրո և անձնազոհության վսեմ սկզբունքների մասին, եթե մոտեցել ենք նրանից լսելու և որևէ բան հասկանալու համար: Ամեն ինչից առաջ, այնքա՜ն քաղցր ձայնով, այս խոսքը պիտի լսենք. «Ով որ ցանկանում է Իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և հետևի Ինձ»:
Անշուշտ, այս խոսքը Ս. Եկեղեցում բազմիցս եք լսել, թերևս ձեր ընտանեկան հարկի տակ էլ եք կարդացել, և այսօր, երբ հատկապես եկել եք Ս. Խաչը երկրպագելու համար, մի անգամ ևս շեշտվում է այս խոսքի կարևորությունը:
Երբ մեր Տերը մեզ պատվիրում է գնալ Իր հետևից, այդ լռելյայն նշանակում է, որ մենք մի ուրիշ բանի ետևից ենք գնում: Ի՞նչի հետևից և ո՞ւր ենք գնում: Մենք երեք գլխավոր ճանապարհներ ունենք. մեկով գնում ենք դեպի զգայական զվարճություններ և վայելքներ, մյուսով՝ դեպի երկրավոր գանձ և հարստություն, երորրդ՝ դեպի պատիվ և փառք: Ճանապարհները միատեսակ են, սակայն առանձին-առանձին տեղեր են տանում մեզ, բայց գլխավոր տեղը, որտեղից ճանապարհները բաժանվում են, նույնն է, այն է՝ «անձնասիրություն», և որտեղ միանում են ճանապարհները, դա էլ հոգու կորստյան անդունդն է: Արդյո՞ք մեր Փրկչի համար մեծ վիշտ չէ, երբ տեսնում է, որ մարմնի և աշխարհի ճանապարհներով գնում ենք դեպի մեր կորուստը: Ցավ զգալով մեր կուրության համար՝ Նա, որպես արարածների Արարիչ, Առաջնորդ և Թագավոր, որևէ մեկի կամքին բռնությամբ իշխել չի ցանկանում, այլ առանց որևէ ստիպողության մեզ հրավիրում է գնալ Իր հետևից, և ահա սրա համար Նա ասում է. «Որ ոք կամի», եթե մեկը ցանկանում է: Որպես խաղաղության և սիրո թագավորության հիմնադիր և հաստատող՝ նա չի ցանկանում, որ մարդը Իր թագավորություն մտնի՝ վախենալով պատժից, մեր Փրկիչը ամեն ինչ մեր կամքին է թողնում:
Մեր Փրկիչը, մեզ Իր հետևից գնալու հրավիրելով, նախ մեզնից պահանջում է անձնուրացություն. «Ով որ կամենում է Իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը»: Այս պատվիրանն է տալիս, որպեսզի մեր խելքին, հպարտությանը, իմաստությանը, արժանավորությանը, բարիքին, վայելչությանը պաշտելու չափ չհետևենք, քանի որ սրանք մեղքի, սայթաքման են առաջնորդում և մեզ հեռացնում Աստծուց: Անձնուրաց լինելու համար անհրաժեշտ է հեզ և խոնրհ լինել սրտով, արհամարհել մեր իմաստությունը, որը մեր աչքին մեծ բան է երևում և մեզ հպարտացնում , չնայել մեր փառքին և շնորքին, սառնասրտորեն նայել մեր ունեցած բարիքներին:
Թերևս ոմանք ասեն, թե ամենադժվար բանն է պահանջվում մեզնից. այս աշխարհում անձնուրացությունը գրեթե անկարելի բան է: Սակայն այսպես ասողները շատ են սխալվում: Մի՞թե մեկ այլ ձևով չենք ուրանում մեր անձը, երբ, օրինակ, գերի ենք լինում աշխարհին և մարմնին, երբ գարշելի ցանկություններին ենք զոհաբերում մեր խելքն ու խիղճը, երբ պատվի և փառքի համար ուրանում և մոռանում ենք ամեն ինչ. սա անձնուրացություն չէ՞, թեև Հիսուսի պահանջածից բոլորովին այլ անձնուրացություն: Անձնուրացություն չէ՞, օրինակ, երբ շատերը մոռանում են իրենց պատիվը, ընտանիքը, ունեցածն ու չունեցածը և մինչև իսկ կյանքը, երբ իրենց ընկերոջը ազատելու համար նետվում, խոյանում են ամենակուլ հրի մեջ, կամ ծովի փոթորկահույզ ալիքների մեջ են նետվում իրենց սիրելիին խեղդվելուց փրկելու համար և ազատում են. չկարծեք, թե ազատարարները շահասիրական ակնկալություններից և նպատակներից ներշնչված են ուրանում իրենց անձը, ո՛չ, հուզումն ու զգացմունքն է, ավելի ճիշտ սերն է, որ ստիպում է մոռանալ անձը և արիաբար գործել: Հետևաբար մի՛ կարծեք, թե անձնուրացությունը անհնարին բան է, անձնուրաց լինելու համար փափագ, կամք, սրտի հոժարություն է պետք:
Մյուս պայմանը. «Վերցրու խաչդ, արի՛ Իմ հետևից», բայց ինչո՞ւ. այն Հիսուսի խաչը չէ, այլ նույն ինքը՝ մերը: Այն պատճառով, որ Հիսուսի խաչը ոչ ոք չի կարող տանել, բացի Նրանից, ամեն մարդ իր խաչը ունի: Ով ուրանում է իր անձը, նա նոր մտքերի, նոր զգացմունքների, նոր գործերի տեր է դառնում, որոնք բոլորովին տարբեր են այն մտքերից, զգացմունքներից և գործերից, որ դեռևս անձնուրաց չեղած ժամանակ ուներ, և ահա իր խաչը վերցնելը բոլորովին փոխվելն է: Երբ չես զգում և չես ապրում՝ աշխարհի հրապույրներին համեմատ, աշխարհիկ մարդկանց մտածելակերպի համեմատ՝ չես զգում և գործում, այն ժամանակ խաչդ է, որ վերցնում ես, կրում ես: Երբ ցանկանում ես մարմինդ զերծ պահել կրքերից, ոտնակոխ ես անում շահդ և ապրում ես ողջախոհությամբ, աշխարհի վրա մի խաչ է, որ տանում ես, երբ մարմնիդ, արյանդ, ոսկորներիդ թելադրանքով չես ապրում, այլ ավետարանական սուրբ կյանքով ես ապրում, երկրի վրա երկնային կյանքով, խաչդ վերցրած Նրա հետևից է, որ գնում ես, Նրա հետևից, Ով քեզ դեպի վեր է տանում: Եթե մոլության դեմ պայքարելով՝ առաքինություն ես ձեռք բերում, մի խաչ է, որ բարձրացնում, վերցնում ես, քանի որ շատ դժվար է խոնարհ, հեզ, համբերող, անշահախնդիր և որղջախոհ լինել: Սրանք կատարելու համար մեծ աշխատանք ու շատ ճիգ է պետք, պետք է շատ և շատ զոհողություններ անել: Կրքերը թույլտվություն պիտի ցանկանան, սակայն պետք է մերժել, բոլոր կողմերից «իմ հետևից արի՛» են ասում, բոլորն էլ իրենց պերճախոս լեզուն ունեն, հրապուրիչ կողմերը, շողշողացող շքեղությունները, որոնք ցանկանում են մարդուն շլացնել, սակայն չպետք է հետևել այդ հրապույրներին: Շատերի համար այս ամենը շատ դժվար է լինում, քանի որ չեն ցանկանում զոհել իրենց դիրքը, հանգիստն ու շահերը: Պետք է, մոռանալով մեր պիղծ խորհուրդները, անսուրբ զգացմունքները, մոլի կրքերը, մեր խաչը վերցրած հետևել Հիսուսին:
Իմացի՛ր, ո՜վ հավատացյալ, կյանքի և սրտի խաղաղության մեկ այլ ճանապարհ չկա, բացի միայն Ս. Խաչի և անդադար անձնուրացության ճանապարհից, ուր ուզում ես, գնա՛, ինչ ուզում ես, փնտրի՛ր, բնավ չպիտի գտնես ո՛չ վերևում հանգիստ և ո՛չ էլ ներքևում ապահով ճանապարհ՝ Ս. Խաչի ճանապարհից բացի:
Եթե դու զվարթությամբ կրես խաչդ, խաչը քեզ պիտի զորացնի և փափագելի վախճանին առաջնորդի, այսինքն՝ այնտեղ, որտեղ այս աշխարհում թերևս երբեք չվերջացող նեղություններն են վերջանում: Եթե խաչդ ստիպված կրես, դու քեզ համար նոր բեռ ես ավելացնում և ծանրացնում, այսուհանդերձ, կամավորաբար կամ ակամա ստիպված ես կրել: Եթե խաչերիցդ մեկը ցանկանաս նետել, անտարակույս մեկ ուրիշը պիտի գտնես, թերևս որպես տանջանքի գործիք՝ ավելի ծանր:
Խաչի առջև փառաբանական երգեր երգելը բավական չէ Հիսուսին հետևող լինելու համար, այլ պետք է կրել խաչը: Օ՜հ, մարմինն ու արյունը կամովին որքա՜ն են խուսափում Քրիստոսի խաչից: Եփրեմի նման սիրում ենք ցորեն ծեծել և լսել այն հաճելի երաժշտությունները , որ ավետարանական քարոզներն են տալիս, երբ միայն շնորհք է քարոզվում , այլ ոչ թե պարտականությունների և անձնուրացության գործերը:
Խաչը միշտ պատրաստ է և, ուր էլ գնանք, մեզ է սպասում, նրանից չենք կարող փախչել՝ ո՛չ վեր, ո՛չ վար, ներս ու դուրս. որ կողմ էլ շրջվենք, ամենուրեք խաչն ենք գտնում, և իհարկե միշտ համբերությամբ ամուր պիտի բռնենք այն, եթե ցանկանում ենք, որ հոգիները խաղաղություն ունենան և հավիտենական կյանք ժառանգեն:
Որքա՜ն շատ մարդ է հարազատաբար խոսում խաչի մասին, նրա պայմանների, զոհերի, անձնուրացությունների և անձը խաչելու մասին, մինչդեռ իրենք գործնականում բնավ չգիտեն դրանց մասին: Հիսուսին հետևել չէ, երբ խաչը հոյակապ եկեղեցիների գագաթն է զարդարում, երբ բերանները՝ գովում, և հռչակավոր ատենաբանները նրա սրբությունն են հռչակում, որքա՜ն հաճելի պիտի լիներ Հիսուսի համար, երբ մենք ճշմարիտ խաչակիրներ, անձնուրաց քրիստոնյաներ լինեինք:
Ինչո՞ւ խաչ կրենք և ամեն մեկս խաչակիրներ լինենք, մի՞թե հնարավոր չէ առանց խաչի փրկություն գտնել. հնարավոր չէ, քանի որ առանց խաչի, այսինքն՝ առանց ինքնազոհողության և տառապանքի մեր հոգի առավել ևս պիտի փափկանար, պիտի թուլանար և էլ ավելի երկրաքարշ վիճակի պիտի մատնվեր, այսպես, օրինակ, շարունակաբար հաջողությունը մեր մեջ փափուկ ոգի է ծնում, հանգիստն ու հաճույքը, վայելչությունն ու փառքը փոխում են մարդու նկարագիրն ու մեծամիտ ու անմերձենալի, քարասիրտ ու ժլատ են դարձնում մարդուն, եթե տևական. հանգստություն ու հաճույք լիներ, մարդու ներսում պիտի առաջ գար մոռացություն առ Աստված և արհամարհանք դեպի մեր մերձավորը կամ ընկերը: Վերջապես պիտի կործանվեինք, եթե մշտական և անփոփոխ բախտավորություն ունենայինք, այն ժամանակ որտեղ պիտի գտնեինք բարեպաշտներ, որտեղ պիտի գտնեինք առաքինի և հավատացյալ մարդկանց: Ահա դրա համար Հիսուսը մեզ Իրեն մոտեցնելու միակ միջոցը խաչն է ընտրել. փրկության ճանապարհը խաչի ճանապարհն է, Հիսուսին մոտեցնող ճանապարհը խաչի ճանապարհն է: Հիսուսը մեր փրկության համար պատրաստել է դառը վշտերի և չարչարանքների խաչը, որը մեր մեջ նորոգում է այն ամենը, ինչը հնացել և վնասվել է, բժշկում է այն ամենը, ինչ ախտահարված է: Այսպիսով՝ հպարտ մարդը թշվառության խաչի ճնշման տակ խոնարհության և հեզության զգացմունքով է տոգորվում, խստասիրտը մեղմանում է, հեշտասերը անիծում է իր անվայել և անհոգ կյանքը և խոստանում է ժուժկալությամբ ապրել, անսանձ և անկարգ մտքերի և լեզվի տեր մարդը իր մոլություններն է խոստովանում և Խաչյալի առջև ծնրադրելով՝ զղջման արտասուքներ է թափում, երկնային թագավորության լուսե ճառագայթներով է լուսավորվում:
Արդ ինչո՞ւ երկմտել, ո՜վ քրիստոնյաներ, վերցնել այն խաչը, որը ձեզ դեպի արքայություն է առաջնորդում: Խաչով է մեր փրկությունը, խաչով է կյանքը, խաչով է պաշտպանությունը թշնամուց: Խաչից է բխում երկնային քաղցրության վտակը, խաչով է մտքի զորությունը, խաչն է հոգու ուրախությունը, խաչն է սրբության կատարելությունը, չկա հոգու [այլ] փրկություն և ոչ էլ հավիտենական կյանքի հույս, բայց միայն խաչով:
Ուրեմն ամեն մեկդ վերցրե՛ք ձեր խաչը և հետևե՛ք Հիսուսին, և այն ժամանակ հավիտենական կյանքին պիտի առաջնորդվեք: Նա ձեզնից առաջ գնաց, կրելով Իր խաչը՝ ձեզ համար մահացավ խաչի վրա, որպեսզի դուք ևս ձեր խաչը կրեք և ցանկանաք խաչի վրա սպանել ձեր աղտոտ կրքերը, որպեսզի Նրա հետ մեռնեք և Նրա հետ էլ ապրեք, և եթե Նրան ընկերանաք, փառքի մեջ էլ նրան բաժնեկից կլինեք:
Քրիստոսը մեր տերն է, խաչի կյանքի Առաջնորդը: Պիտի հետևենք նրա խոսքին և օրինակին, ինչքան էլ որ ծանր լինի մեզ համար, ուրեմն ամեն ինչից առաջ մեր անձը պիտի խաչենք: Տեսեք. Պողոս առաքյալը խաչի համար ամեն ինչ զոհաբերեց և խաչը վերցրեց իր ուսերին: Նա հաջողության ի՜նչ պայծառ հույսեր ուներ, իր ժամանակի համար հասարակության մեջ ինչքա՜ն մեծ դիրք ուներ, բայց հարկավոր համարեց ամեն ինչ զոհել, քանի որ հետևում էր Նրան, ով «չարչարանքով կատարյալ դարձավ»:
Երբեք չձանձրանանք խաչից: Նա, ով սիրով է կրում խաչը, թեև վիշտ է կրում, սակայն նեղության մեջ չի ընկնում, թեև կարոտյալ է լինում, սակայն երբեք չի հուսահատվում, թեև հալածվում է, բայց միայնակ չի մնում, թեև ընկնում է, սակայն չի կորչում. «Ամեն ժամ Հիսուսի մահը իր մարմնի մեջ է կրում, որպեսզի Հիսուսի կյանքն էլ իր մարմնի մեջ հայտնվի»: Խաչի տակ կարող ենք հոգնել, սակայն խաչից երբեք չենք հոգնի:
Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ» Ա հատոր, Կ. Պոլիս, 1907թ.
Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը