Խիղճն է դատապարտում մարդկանց

Ֆրանսիան մի ինչ-որ զարգացող երկիր չէ, այն շատերից առաջ է ընթանում: Բայց չնայած դրան, վերջին տարիներին* ութսուն հազար ֆրանսիացի մահմեդական է դարձել: Ինչո՞ւ: Որովհետև մեղքը նրանց մոտ նորաձև է դարձել, բայց խիղճը տանջում է նրանց ու նրանք փորձում են հանգստացնել այն: Հին հույները, կամենալով իրենց կրքերն արդարացնել՝ տասներկու աստված էին հորինել իրենց համար: Այդպես էլ ֆրանսիացիները, փորձել են մի այնպիսի կրոն գտնել, որ կարդարացնի իրենց կրքերը, որպեսզի այդ հարցն այլևս չանհանգստացնի նրանց: Կարելի է ասել, որ մահմեդականությունը ձեռնտու է իրենց. մի քանի կին կարող ես ունենալ, իսկ հաջորդ կյանքում այդ կրոնն անսահմանափակ քանակությամբ փլավ է խոստանում նրանց, թթվասեր ու մեղրի ծովեր: Եվ եթե ննջեցյալին տաք ջրով լողացնեն մահվանից հետո, ապա, իբրև թե, նա կմաքրվի իր բոլոր մեղքերից: Մաքուր-մաքուր Ալլահի մոտ կգնան: Էլ ի՞նչ է անհրաժեշտ: Ամեն ինչ այնքա՜ն հարմար է: Բայց ֆրանսիացիները հանգիստ չեն գտնի: Նրանք ներքին խաղաղության են ձգտում, բայց չեն գտնի այն, որովհետև կրքերն արդարացում չունեն:

Ինչ էլ, որ մարդիկ հորինում են, ինչ անզգամության ետևում էլ, որ թաքնվում են՝ միևնույն է, հանգստություն չեն գտնում: Նրանք տանջվում են իրենց հոգում՝ փորձելով արդարացնել այն, ինչ արդարացում չունի: Նրանք քայքայված են ներքուստ: Այդ պատճառով էլ զվարճություն են փնտրում, վազում են բարերով ու դիսկոտեկներով, հարբում են, հեռուստացույց նայում… Այսինքն խիղճը տանջում է նրանց ու նրանք հիմարություններով են զբաղվում՝ մոռացության մատնվելու համար: Եվ նույնիսկ, երբ քնած են, կարծում ես հանգի՞ստ են: Մարդը խիղճ ունի: Խիղճն ամենաառաջին Սուրբ Գիրքն է, որ Աստված տվել է նախամարդկանց: Մենք «պատճենում ենք» խիղճը մեր ծնողներից: Որքան էլ մարդ տրորի իր խիղճը, միևնույն է, այն կդատապարտի նրան ներսից: Այդ պատճառով էլ ասում են. «Որդը կրծում է նրան»: Քանի որ խաղաղ հոգուց ավելի քաղցր բան չկա: Այդպիսի մարդն իրեն ոգևորված է զգում ներքուստ, թևեր է առնում ու այդ ժամանակ թռչում է:

 

* Արտասանվել է 1988թ. նոյեմբերին:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

30.11.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․