Խնկաման-տապանակ

Խնկամանը խունկ լցնելու համար նախատեսված արծաթե փոքրիկ աման է, արկղիկ, որը ձեռքին կրում է բուրվառակիրը: Այն լինում է կափարիչով և առանց կափարիչի: Խնկամանները պատրաստված են լինում տարբեր մետաղներից, տարբեր ձևերով: Հաճախ նրանք ունենում են մեկ, երկու տուփ, խունկ լցնելու տեղեր, զարդարված են լինում խաչիկներով, կենտրոնում փոքրիկ մոմակալով: Խնկամանի մեջ դրված է լինում մի փոքր գդալ՝ խունկ լցնելու համար: Խնկամանին հաճախ անվանում են տապանակ: Տապանակի գործածությունը վերցված է Հին Ուխտի եկեղեցուց:

Արարողության ժամանակ սարկավագը, երբ խունկ դնելու համար բուրվառը ձեռքին ներկայանում է հանդիսադիր քահանային, նրան է մոտեցնում նաև խնկամանը, որի միջի խունկը քահանան օրհնում է և փոքրիկ գդալով դնում բուրվառի մեջ: Քանի որ, ըստ Մաշտոցի, խունկը օգտագործելուց առաջ պետք է օրհնվի: Խունկը ծառերի խեժերից, նաև հալվեից ու մուշկից պատրաստված անուշահոտ նյութ է, որ ծխում են: Եկեղեցում այն օգտագործվում է որպես անուշահոտություն մեր ջերմեռանդ աղոթքի: Խնկարկելով մենք մեր հարգանքն ենք մատուցում Աստծուն, սրբապատկերներին:

Խնկարկելով ցանկանում ենք, որ Աստված ընդունի մեր աղոթքը որպես անուշահոտություն:

Սբ. Դավիթ մարգարեն շատ գեղեցիկ է բնորոշում խունկի և աղոթքի համեմատությունը՝ ասելով. «Ուղիղ եղիցին աղոթք իմ, որպես խունկ առաջի քո Տէր»:

Խնկամանները բուրվառի հետ միասին պետք է պատրաստված լինեն նույն մետաղից, նույն արվեստագործի ձեռքով, գեղեցիկ, զարդարուն, զարդարված հայկական զարդանախշերով:

04.12.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․