Այս օրենքների Գիրքը քո շուրթերից չհեռացնե՛ս, այլ գիշեր-ցերեկ դրա մասին մտածի՛ր, որպեսզի գիտենաս կատարել դրա մեջ բոլոր գրվածները. այն ժամանակ հաջողակ կլինես, ուղիղ ճանապարհով կընթանաս և խելամտորեն կգործես (Հեսու Ա 8):
«Երանելի է այն մարդը, ով ամբարիշտների խորհրդով չի գնում, մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ժանտերի աթոռին չի նստում» (Սաղմ. Ա 1), այսինքն` քննում է Աստծու օրենքը` ոչ թե իմանալու` ճշմարիտ են կամ իրեն հաճելի, այլ տեսնելու, թե Աստված դրանով ինչ է հրամայում անել կամ չանել: Եվ որպեսզի ցույց տա, որ պետք է հարատևել այդ բանում, ավելացնում է` գիշեր-ցերեկ: Այսինքն` միշտ պետք է խորհի կամ էլ` երբ հարկ լինի, ցերեկ թե գիշեր, «տանը նստելիս թե ճանապարհ գնալիս, պառկելիս թե վեր կենալիս», ինչպես ասվում է Բ Օրենք Զ 6-7-ում: Օրինակ` մի բան անելիս կամ ձեռնարկելիս նախ մտածի` արդյո՞ք Աստծու օրենքներին համապատասխանում է այն, ինչ անում է, թե՞ հակառակ է դրանց: Նույնպես և` գիշերը:
Ոչ միայն այսչափ, այլև օրվա ընթացքում բազում անգամ քննում է, թե Տերն ինչ է հրամայում, որպեսզի ըստ այնմ կարգավորի իր կյանքն ու գործերը: Այլև քննում է բաղդատությամբ, այսինքն` համեմատելով իր գործերն ու կյանքը Աստծու օրենքների` իբրև տիպարի կամ էլ կյանքի փորձաքարի հետ, որ տեսնի` համահո՞ւնչ են միմյանց, իսկ եթե ոչ, ապա ջանա համաձայնեցնել իր վարքը օրենքի հետ:
Այս մտածությունը կամ խորհրդածությունը ախտերի ու տրտմությունների հալիչ է, առաքինություններ աճեցնող ու անարատ վարքի տիպար: Բանն այն է, որ Տիրոջ օրենքների քննությունն ու նրանց մասին խորհրդածությունը նման են ջրի, իսկ ախտն ու տրտմությունը` դառն աղի. ինչպես որ աղն է ջրին հպվելիս հալչում, այդպես էլ ախտն ու տրտմությունն են հալչում օրենքի շուրջ խորհրդածությանը հպվելիս: Ասացի, որ նաև տիպար են, որովհետև պատվիրանների քննությունը նման է բարի վարքի և կյանքի անարատության նախանկարի (նախատիպ օրինակի), ըստ որի էլ կառուցվում է մարդու բարի ու աստվածահաճո կենցաղավարությունը: Ուստի նրանք, ովքեր կամենում են ապրել ըստ Աստծու օրենքի, պետք է այս մտահոգությունն ունենան ու այսպես գործեն: Այդպես էին անում սրբերը, և այդպես են անում Աստծու ծառաները. այդպես գործելով` նրանք իմաստնանում ու երջանկանում են, քանզի նմանօրինակ մտածությունն աճեցնում է հոգևոր կյանքը...
Իսկ նրանք, ովքեր անհոգ են ընթերցելու և խորհելու նկատմամբ, չեն կարող աճել առաքինություններով ու առաջնորդվել ըստ Աստծու օրենքների: Եթե նրանք, ովքեր միշտ խորհում ու քննում են, բազմիցս են վրիպում, ապա որքան առավել կվրիպեն նրանք, ովքեր անփույթ են, քանզի եթե չենք հետևում այդ խորհուրդներին, ապա «եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, և հողեղեն այս հարկը բազմահոգ է դարձնում միտքը» (Իմաստ. Թ 15) (Միքայել վրդ. Չամչյանց):
Մովսեսը հրամայում է խոկալ Աստծու օրենքների շուրջ տանը նստելիս, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս, գրել դրանք տների մուտքին ու դռների վրա, «որ մնան,- ասում է,- անշարժ քո աչքերի առջև» (Բ Օրենք Զ 8):
Դավիթը Սաղմոսարանում ասում է. «Աստծու օրենքների շուրջ գիշեր-ցերեկ խորհող մարդը նման է ծառի, որ տնկված է ջրերի հոսանքների վրա, որն իր պտուղը ժամանակին է տալիս, և նրա տերևը չի թափվում» (տե՛ս Սաղմ. Ա 2-3):
Քանզի ո՞ր ջուրը կարող է այնպիսի տնկիներ աճեցնել, պտղաբեր ու տերևաշատ դարձնել դրանք, ինչպես սուրբգրային ընթերցվածքները` միտքը: Կամ ո՞ր անձրևը կարող է այնպես սնել բույսերն ու փարթամացնել ճյուղերը, ինչպես սուրբգրային գիտությունը` աստվածասեր հոգին:
Տեսնո՞ւմ ես` ինչպես հոգաց Քրիստոս թե՛ անձամբ, թե՛ առաքյալների ու մարգարեների միջոցով` հորդորելու մեզ կրթվել և աճել Սուրբ Գրքի ընթերցվածքներով: Հարատև պարապել և գիշեր-ցերեկ տքնել ու նույն բանում ջանալ, միշտ խոկալ և ընթերցանությունն իր հոգևոր կերակուրն ու ջուրը համարել (Սարգիս Շնորհալի):
Սուրբ Գրոց հոգևոր խրատները տալիս են ճշմարիտ վարքի իմացություն և հորդորում են մեզ դեպի հոգևոր կարգը: Քանզի երբ մարդը նյութական բաներ է խորհում, նմանապես և մարմնավոր հիշողություններով աղտեղի շարժումներ է ունենում, որոնք պղտորում են միտքն ու մարմնի զգայարանները: Իսկ եթե հոգևոր սրբությունների մասին է մտորում, Սուրբ Հոգու ազդեցությամբ հոգևոր վարքի մասին է խորհում և ջանում առաքինության գործեր կատարել (ս. Գրիգոր Լուսավորիչ):
Պետք է Գրքերը կարդալ առավոտյան, աշխատանքից առաջ, մոտ քառորդ ժամ, ապա ամբողջ օրը ծամծմել կարդացածը, ինչպես ոչխարն է որոճում (Ամբրոսի Օպտինսկի):
Ամեն հոգս ու երկրային մտածում մերժելուն համեմատ պետք է ըստ ամենայնի ջանալ փութեռանդորեն և նույնիսկ անդադրում զբաղվել Սուրբ Գրքի ընթերցանությամբ, մինչև որ հարատև ընթերցանությունը համակի հոգիդ... Այս խորհրդածության օգուտը երկակի է. նախ` հոգին կլանվում է ընթերցանությամբ ու խորհրդածությամբ: Երկրորդ` այն, ինչ հաճախակի կրկնությամբ (երբ փորձում ենք յուրացնել հիշողությամբ) չենք կարողացել հասկանալ մեր` այդ ժամանակ զբաղված մտքով, հետո, բոլոր գործերից ու հոգսերից ազատվելով և հատկապես գիշերային լռության մեջ խորհրդածելով, ավելի լավ ենք հասկանում, այնպես որ հանգստանալիս և նույնիսկ խոր քուն մտնելիս բացահայտվում է ամենածածուկ իմաստի ընկալումը, որը մենք անգամ դույզն-ինչ չէինք հասկացել արթմնի (ս. Իոան Կասիան):
Զբաղվի՛ր Գրքի ընթերցանությամբ և, երբ դառնաս աղոթքին և քո գործին, ապա աշխարհում տեսածիդ ու լսածիդ փոխարեն կխորհրդածես Սուրբ Գրքերից ընթերցված հատվածների մասին: Դրանով մոռացության կմատնվեն աշխարհային հիշողությունները. այդպիսով միտքը մաքրության մեջ կհաստատվի: Ընթերցանությունն օգնում է հոգուն, երբ վերջինս աղոթքի է կանգնում. ընթերցանությամբ հոգին լուսավորվում է, որպեսզի առանց ծուլանալու և այլայլվելու հանապազ աղոթի:
Եթե կամենում ես, որ Սուրբ Գրքի ընթերցանությունը հաճելի լինի և իմաստով հասկանալի, մի կողմ դիր ընթերցածիդ չափն ու քանակը, և թող միտքդ խորամուխ լինի Հոգու խոսքերի մեջ, մինչև որ հոգիդ սքանչանա Աստծու փրկագործության առջև ու խորունկ խորհրդածության միջոցով ձգտի բարեբանության կամ հոգեշահ տխրության (ս. Իսահակ Ասորի):
Սուրբ Գիրքը վերցնելիս մի՛ ձգտիր միմիայն ընթերցել թերթ թերթի հետևից, այլ խորհրդածելով թափանցի՛ր յուրաքանչյուր բառի մեջ: Կանգ առ այն բառերի վրա, որոնք դրդում են քեզ խորասուզվել անձիդ մեջ կամ ապաշխարության պատճառ են դառնում կամ էլ հոգևոր խնդությամբ ու սիրով համակում են սիրտդ: Այդ Աստված է մոտենում քեզ. բաց սրտով խոնարհաբար ընդունի՛ր Նրան այնպես, ինչպես Ինքն է կամենում, որ հաղորդվես Իր հետ (ս. Նիկոդիմ Սվյատոգորեց):
Անապատի վանականները Աստվածաշունչն ընթերցում էին օր ու գիշեր, և վանական զգեստ չէր ստանում նա, ով անգիր չէր իմանում առնվազն Ավետարաններն ու Սաղմոսները: Ընթերցանությամբ անգիր սովորած ամբողջական հատվածների մտովին ծամումը, նրանց շուրջ խորհրդածությունը (խոսքն իրենց սրտում պահպանելու համար), լռությունը, որ հնարավորություն էր ստեղծում ունկնդրել Հոգուն, միայնությունը, որ ազատում էր նրանց իրենց սեփական եսից և աշխարհային ցանկություններից, դարձնում էին այս աբբաներին Աստվածաշնչով լի մարդիկ («Աբբա՛, մի խոսք ասա՛ ինձ»):
Գրիգոր Դարբինյան
«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից