Հայր Գելասիոսն ասաց. «Մենք չենք կարող իջնել դեպի կենագործող խոնարհությունը, եթե նախ մեզանից չհեռացնենք հոգիներ սպանող ամբարտավանության ծանր բեռը, որովհետև եթե ճգնենք այս ուղղությամբ, խոնարհություն կգտնենք: Մի՛ ասեք, թե այսինչ բանը մեզ չի վնասում, քանզի ամեն բան, որ չի օգնում մեզ, դրան հակառակ` վնասում է, ինչպես և Տերն է ասում. «Ով ինձ հետ չի հավաքում` ցրում է (Մատթ. ԺԲ 30): Ինչպես որ կնիքը` պատկերում է այն, ինչ որ դրոշմված ունի, այդպես և գործերն են դրոշմվելով՝ պատկերվում հոգու վրա: Ուստի՝ քո տեսքը, հանդերձները, ընթացքը, նիստուկացը, կերակուրը, կենսակերպը, անկողինը, հողաթափերը, ողջ կահկարասին, տունը և ամանեղենը` թո՛ղ համեստ և հեզ լինեն: Մեծմեծ բաներ մի՛ խոսիր և հռետորական ու գոռոզ ձայնով մի՛ բարբառիր, մի՛ խոսիր և գործիր անպատեհ ժամի, երգելով մի՛ աղոթիր և հպարտությամբ մի՛ պատասխանիր, այլ ամեն ինչում գործից և խոսքից վերցրո՛ւ մեծը և տո՛ւր փոքրը: Եվ քաղցր եղի՛ր բարեկամների հանդեպ, հեզ` քեզ հնազանդվողի հանդեպ, անհիշաչար` հանդուգների նկատմամբ և մարդասեր` խոնարհների հանդեպ, մխիթարող եղի՛ր վշտացյալներին և խնամող` հիվանդներին, մարդկանցից ոչ մեկին մի՛ արհամարհիր, քա՛ղցր եղիր խոսելիս, ուրախ և մեղմ` պատասխանելիս, քաղցրախոս և դյուրընկալ եղիր բոլորի հետ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016