Ոմն եղբայր, չարքերի հարուցած պոռնկությունից տագնապած, գնաց մի մեծն ծերի մոտ և ասաց. «Բարի՛ եղիր և աղո՛թք արա ինձ վրա, քանզի պոռնկությունից փոթորկվում եմ», իսկ ծերը նրա համար աղաչեց Աստծուն: Հետո կրկին եկավ ծերի մոտ՝ նույն խնդրով, և ծերը չհապաղեց նորից խնդրել նրա համար Աստծուն: Եվ այսպես բազում անգամ պոռնկությունից խռովահույզ՝ շտապում էր ծերի մոտ: Եվ ծերն աղաչեց Աստծուն և ասաց. «Տե՛ր, հայտնի՛ր ինձ այս եղբոր նիստուկացը և թե` որտեղի՞ց է գալիս այդ դատարկությունը, որովհետև աղաչեցի Քեզ նրա համար, սակայն այս եղբայրը հանգիստ չգտավ»: Եվ Աստված հայտնեց նրա խնդրածը, և նա տեսավ, որ նստած էր եղբայրը, իսկ նրա մոտ բազմել էին պոռնկության դևերը, և նա զվարճանում էր նրանց հետ: Նրա մոտ էր Տիրոջ հրեշտակը, որ առաքված էր օգնելու նրան, և բարկանում էր եղբոր վրա, որ իրեն չէր հանձնում Աստծուն, այլ հեշտանում էր իր խորհուրդների մեջ և իր բովանդակ միտքն ու խորհուրդները խոնարհեցնում էր դեպի պոռնկությունը և ոչ թե բարձրացնում էր դեպի Աստված: Եվ ծերը հասկացավ, որ եղբայրն էր պատճառը, նրան ևս հասկացնելով՝ ասաց. «Դո՛ւ ես քո խորհուրդների պատճառը», և ուսուցանեց նրան, թե ինչպես ընդդիմանա խորհուրդներին: Եվ եղբայրը, ծերի խրատներից ու աղոթքներից սթափված, գտավ հանգիստ և ողորմություն:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016