Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում ամեն օր՝ ժամերգություններին և կիրակի օրը՝ Սբ. Պատարագին, ատյանում և Սբ. Խորանում սպասավորող սարկավագների և դպիրների մեջ կարող ենք տեսնել նաև շապիկ հագած մանկահասակ տղաների:
«Հայ ընտանիքում առաջնային խնդիրը պետք է լինի երեխային դեռ մանկուց աստվածային լույսի ներքո դաստիարակելը: Մեր փոքրիկ տղաների մասնակցությունը եկեղեցական արարողություններին լիացնում է եկեղեցին՝ «մանկահասակ երեխաների բերանից հնչած օրհնությամբ», ինչպես սաղմոսերգուն է ասում: Շապիկ հագնող երեխաների ներկայությունը եկեղեցում արդեն իսկ նրանց քրիստոնեական դաստիարակության հիմքն է համարվում, արդեն իսկ իրենց մեջ արմատավորվում է Տիրոջ հանդեպ երկյուղը, հարգանքը Տիրոջ տան և հոգևոր սպասավորների հանդեպ: Մեր մեծ ընտանիքից ներս, հոգևորականներիս համար ուրախալի է տեսնել տղաների ուշադիր, կարգապահ և աստվածավախ պահվածքը եկեղեցում: Մեր մեծ ցանկությունն է, որ առաքինությունների մեջ առաջադիմելով, նրանք Հայ ազգի, Մայր եկեղեցու և իրենց ընտանիքի սիրասուն զավակը լինեն, իսկ դպրոցում՝ ուսումնատենչ և կարգապահ աշակերտ»,- ասաց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:
Նման երեխաների թվին է պատկանում 9-ամյա Հայկ Գրիգորյանը, ով Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում շապիկ հագնող տղաների մեջ ամենափոքրն է և Տեր Հայրը, որպես խրախուսում, նրան նվիրեց պլանշետ և համակարգչային պարագաներ, որ սիրով տրամադրել էր ամերիկաբնակ Արարատ Մարկոսյանը:
«Ամեն անգամ, Սբ. Խորան բարձրանալով, ես Երկինք եմ բարձրանում և դառնում թռչող հրեշտակ: Ամեն անգամ կերոնը բռնելիս կամ քշոցը շարժելիս զգում եմ, թե ինչպես է հրեշտակն իմ փոխարեն կերոնը բռնում կամ քշոցը շարժում: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին դարձել է իմ հոգևոր տունը: Շնորհակալ եմ Տեր Գրիգորին, ում առաջարկությամբ ես արդեն մեկ տարի է ծառայում եմ եկեղեցում»,- ասաց Հայկը:
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ է ապրում փոքրիկ Հայկը: Եկեղեցում նրա ծառայությանը նպաստել են նաև նրա ծնողները, ովքեր Հայկին դեռ փոքրուց եկեղեցի են բերել և նրա համար վաղուց է Զորավոր Սբ. Աստվածածինը դարձել սիրելի և հարազատ եկեղեցի, իսկ եկեղեցու բակը՝ հանգստի և սիրելի բակ: Նշենք, որ Հայկն իր առջև ունի նաև իր հայրիկի օրինակը, ով նույնպես ծառայում է Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում: Հայկի Սբ. Խորան բարձրանալու մասին գիտեն թե՛ նրա եղբայրները և թե՛ դասընկերները, այդ մասին նա հաճախակի է զրուցում նրանց հետ: Եվ Հայկն ասաց, որ իր եղբայրներից մեկը ցանկություն է հայտնել ծառայել եկեղեցում, քանի որ գիտի, թե ինչ մեծ երանություն է Սբ. Խորան բարձրանալը:
«Ծնողական դաստիրակության մեջ առաջին մեծ դասն ու առաջին մեծ գիտությունը կրոնն ու աստվածպաշտությունն են, և նրա միակ դասագիրքը Աստվածաշունչ մատյանն է: Կրոնի ու աստվածպաշտության դասերը դժվարին ու անըմբռնելի չեն, մանուկներն ու պարզամիտները այն շուտ են ըմբռնում հավատով, քանի որ Աստծո հայտնությունը երեխաների համար է, ինչպես Հիսուսն է հայտնում. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից ու հայտնեցիր մանուկներին» (Մատթեոս 11:25)»,- ասել է Խրիմյան Հայրիկը:
Կարինե Սուգիկյան