13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Սա ամեն ինչ լավ արեց, որովհետև խուլերին լսել է տալիս և համրերին՝ խոսել» (Մրկ. 7:37):
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Այսօրվա ավետարանական ընթերցվածքը մեզ կրկին տեղափոխում է մեր մտավոր տեսածրին արդեն այնքան հարազատ դարձած Գալիլիայի գողտրիկ ծովեզերքն ու հերթական հրաշքի ականատեսը դարձնում: Մարկոս ավետարանիչը չի բացահայտում, թե ով՝ միգուցե Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտները, միգուցե Նրան հետևող ու Նրա գործած բազմաթիվ հրաշքներից որևէ մեկին ականատես եղած մարդիկ, մի խուլուհամրի են բերում Քրիստոսի մոտ ու աղաչում, որ Իր ձեռքը նրա վրա դնի: Մարդասեր Աստված մի կողմ է տանում այդ խեղճին, հոգոց հանելով՝ երկինք նայում ու նրա լեզվին ու ականջներին դիպչելով՝ բժշկում դրանք (հմմտ. Մրկ. 7:31-35): Եվ ավետարանիչը շատ խորհրդանշորեն ասում է, որ «նրա լսողությունը բացվեց, և լեզվի կապանքներն ընկան»:
Ողջ կյանքում տառապած մարդը մի ակնթարթում բուժվում է, հիվանդությունը, որ վստահաբար թունավորել էր նրա ու նրա հարազատների կյանքը վայրկենապես անհետանում է՝ ասես չի էլ եղել: Իրական հրաշք, Աստծու մեծ ողորմություն ու ամենաիսկական տոն, սակայն ո՞ւր են դափերն ու ծնծղաները, ո՞ւր է հրավառությունն ու մեծարման շքեղ երեկոն: Չկա՛ն, սիրելինե՛ր, փոխարենը Քրիստոս նրանց պատվիրում է ոչ ոքի չասել, չբարձրաձայնել դրա մասին (հմմտ. Մրկ. 7:36): Եվ Աստված միշտ է այսպես գործում, քանի որ գործելու դրդապատճառը փառքն ու անունը չեն. Ամենազորն ու Բարձրայլը դրանց կարիքը չունի, այլ «իրենը չփնտրող» սերն է, որ անվերջ ու անչափ հեղվում է այնքան տկար, այնքան մեղավոր, բայց և այնքան սիրելի արարածի վրա: Աստված Սեր է և չի կարող ի գործ չդնել այդ սերը: Եվ մենք էլ, որպես Սիրող Հոր որդեգիր զավակներ, կոչված ենք ժառանգելու աստվածային հատկանիշներն ու Քրիստոսի պատվիրանի համաձայն՝ ձգտելու հնարավորինս նմանվել մեր Կատարյալ Հորը, որ երկնքում է (Մտթ. 5:48): Այո՛, մենք էլ կոչված ենք գործելու, սիրելի՛ հավատացյալներ, սակայն, լինեն դրանք ողորմության գործեր, վկայություն, ճգնություն, թե աղոթք, պիտի հստակ գիտակցենք, որ դրանք անում ենք ոչ ի տես մարդկանց, այլ նրանց հանդեպ անշահախնդիր սիրուց մղված և ի փառս Աստծու: «Գործերդ, ինչպիսին էլ որ լինեն, մի՛ հպարտացիր»,- զգուշացնում է սուրբ Անտոն Անապատականը, որպեսզի հպարտանալով՝ չմիանանք Բանսարկուի կործանարար բանակին, այլ խոնարհաբար անցնենք փրկության տանող ճանապարհով:
Բայց դառնանք կրկին ավետարանական խուլուհամրին, սիրելի՛ հավատացյալներ և փորձենք հասկանալ, թե այս պատմությունից է՛լ ինչ խրատներ կարող ենք քաղել մեր հոգևոր առողջության և հոգու փրկության համար:
Ամենքիս առատաձեռն Հայրը, այս սքանչելի Երկիր մոլորակն արարելով ու մարդուն նվիրելով, բազում անգին պարգևներ է պատրաստել դրա յուրաքանչյուր երևույթի մեջ: Անձրևի հանգստաբեր թմբկահարումը պատուհանին, լեռնային առվակի ուրախ կարկաչը, ծղրիդների երգն իրիկնամուտին… Իսկ ինչեր ասես, որ չարժի օրորոցային երգող մոր փաղաքուշ ձայնը, զավակի երջանիկ ծիծաղն ու սիրելիի սիրո խոստովանությունը: Խուլերը, սակայն, այս ամենը չեն լսում: Տարիներ առաջ տեսած մի անչափ հուզիչ տեսագրություն հիշեցի, որում մի քանի ամսական չլսող երեխային վիրահատել էին, թե հատուկ սարք էին տեղադրել ականջին, հիմա արդեն չեմ հիշում, սակայն մտքումս դրոշմվել է երեխայի առաջին, աննկարագրելի հուզիչ արձագանքը մոր ձայնին. զարմանքից ու հիացմունքից կլորացած աչքեր ու անսահման երջանկությամբ, սիրով և ուրախությամբ լի ժպիտ… Եվ մոր՝ հուզմունքից դողացող ձայնը, որ ասես վերագտել էր իր զավակին:
Վերում թվարկածներս տարրական բաներ են միգուցե մեզ՝ լսողներիս համար, որ սովորության ուժով հաճախ չենք նկատում կամ գնահատում, սակայն որքա՜ն արժեքավոր ու փափագելի են նրանց համար, ովքեր զուրկ են դրանցից: Անշուշտ սա մեծ ցավ ու դժվարություն է և՛ խուլուհամրի, և՛ նրա ծնողների ու սիրելիների համար, սակայն, բարեբախտաբար, ոչ մահացու, ինչը, ցավոք, չենք կարող ասել հոգևոր խուլուհամրության մասին:
Ցավոք, սիրելինե՛ր, շատ հաճախ մենք կատարյալ խուլուհամր ենք Երկնավոր Հոր առջև կանգնելիս: Մեր սիրող ու բարեգութ Հայրը ոչ մի վայրկյան չի դադարում մեզ հետ խոսելուց. մերթ բնության զարմանահրաշ լեզվով է դիմում մեր հոգուն ու սրտին, մերթ շրջապատող մարդկանց միջոցով: Նա մեզ է դիմում Աստվածաշնչի ու սուրբ գրվածքների միջոցով, խոսում Իր հոգևոր սպասավորների շուրթերով, թակում է մեր սրտի դուռն ու այդպես էլ պատասխանի չի արժանանում: Որովհետև աշխարհի աղմկոտ գայթակղությունները խլացնում են մեր հոգին, որպեսզի չլսենք փրկության կանչը: Անլուծելի թվացող խնդիրներն ու անվերջանալի փուչ զբաղմունքները ծանր կողպեքի պես փակում են մեր լեզուն՝ աղոթքի և օրհնության համար: Եվ աստվածապատկեր հոգին դառնում է անհաղորդ, փոքրանում, կծկվում է սեփական պատյանում ու սեղմվում հողին՝ մոռանալով, որ ստեղված է Երկնքում սավառնելու համար: Սա դյուրությամբ կարող ենք ստուգել նրանով, թե ինչպես ենք փոխվում մենք, ինչպես է փոխվում մեր վարքն ու ապրելակերպը Քրիստոսի հետ հանդիպումից հետո: Քանի որ շատերը տարեցտարի եկեղեցի են գալիս, մասնակցում խորհուրդներին ու տոներին, սակայն այդպես էլ ոչինչ չի փոխվում նրանցում. խոնարհությունը, հեզությունը, համբերությունը, ողորմածությունը, խաղաղությունը, անժուժկալությունը, անկեղծությունն ու պարզությունը նրանց համար մնում են լոկ գոյականներ, որ երբևէ կյանքի չեն կոչվում: Եվ քանի որ անսխալ ու անմեղ մարդ չկա այս սխալական աշխարհում, ու բոլորս էլ փոխվելու ու հոգեպես նորոգվելու կարիք ունենք, և եթե այդ փոփոխությունը տեղի չի ունենում, կնշանակի որ Աստծու խոսքը լսել ենք մարմնական ականջներով, սակայն հոգին մնացել է խուլ, և եթե անգամ լեզվով խոստովանում ենք Քրիստոսին, ապա գործով համր ենք ու անպտուղ:
Սիրելինե՛ր, մեղքի կապանքները, ցանցը կամ թակարդը, ինչպես կուզեք՝ անվանեք, մեզ ճնշելով ու ստրկացնելով, զրկում են այն ճշմարիտ ազատությունից, որ միայն Քրիստոսով և Քրիստոսի մեջ է հնարավոր: Դրանք կտրում են մեզ Երկինք բարձրացնող թևերը, բթացնում զգայարանները, խեղում ճշմարտությունն ու հեռացնում մեզ այն Միակից, Որն ի զորու է մի հոգոցով, մի խոսքով, մատների մի հպումով վերացնելու մեզ տանջող, մեր հոգին կրծող ցավն ու դրա տեղը անուշաբույր բալասան դնելու մեր վերքին: Վանդակն ընկած գազանի պես այս ու այն կողմ ենք վազում, ապարդյուն փորձում ճաղերը պոկել՝ այդ ընթացքում հասցնելով վնասել մեզ և ուժասպառ լինել: Այնինչ հարկավոր է միայն կանգ առնել ու դիմել այն Մեկին, Որն այդ ողջ ընթացքում ամեն կերպ փորձում է հասկացնել, որ Ինքը մեր փրկության բանալին ունի: Սա իսկապես ցավալի իրողություն է, սիրելի՛ հավատացյալներ: Նավաբեկյալը չի լսում օգնության շտապող նավի ձայնը, հիվանդն՝ իր Բժշկի, զավակը՝ Հոր, ծարավածը՝ Կենաց Աղբյուրի: Եվ ցավում է սիրող Երկնային Ծնողի սիրտը Իր հոգեպես խուլուհամր զավակին նայելիս, որը շատ հաճախ չի էլ գիտակցում կամ չի ցանկանում ընդունել, որ ինքն օգնության կարիք ունի:
Իսկ այդ կապանքներից ձերբազատվելու համար պիտի կարողանաք նախ՝ դրանք տեսնել, սիրելի՛ հավատացյալներ: Այդ հարցում ձեզ կօգնի մեղքերի խոստովանությունը, որի ժամանակ հոգու խոց հանդիսացող մեղքերը մեկիկ-մեկիկ թվարկելով՝ հիշողության խորքերից դուրս կգան այն բոլոր զանցանքները, որ մեծ ու փոքր նիզակների պես խոցոտել են ձեր իսկ հոգին՝ զրկելով այնքան կարևոր զգայունությունից: Որոնք հաստ ու բարակ շղթաների տեսքով կապկպել, ծանրացրել ու կաշկանդել են ձեր հոգին՝ թույլ չտալով դեպի վեր՝ դեպի Աստված բարձրանալ: Ուստի անկեղծ զղջումը, խոստովանությունն ու ապաշխարությունն են, որ ձեզ Քրիստոսի մոտ կտանեն ու կաղաչեն, որ ձեռքը ձեզ վրա դնի:
Եկեղեցին է այն բժշկարանը, սիրելինե՛ր, որտեղ Քրիստոս Իր օծյալ հոգևորականի միջոցով ներում է շնորհում բոլոր խոստովանողներին այն խոսքի համաձայն՝ թե. «….ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում: Եվ ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում» (Մտթ. 18:18): Ուստի, սիրելի՛ հավատացյալներ, առանց հապաղելու ու երկմտելու, ձեր կրքերն ու տկարությունները համարձակորեն Քրիստոսի առջև բերեք՝ Նրա օգնությունը հայցելով դրանց դեմ բարեհաջող պայքարելու և բժշկվելու համար: Քանի որ ինչպես հայրերն են ասում՝ մենք պայքարում ենք կրքերի դեմ, իսկ հատողն Աստված է: Եվ ես ի սրտե աղոթում եմ, որպեսզի սուրբ Աստվածածնի, սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությամբ մարդիկ ձեզ նայելով՝ գոհանան ու փառավորեն Քրիստոսին՝ ասելով. «[Աստված] ամեն ինչ լավ արեց, որովհետև խուլերին լսել է տալիս և համրերին՝ խոսել». ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան