«Կինը թող երկնչի իր մարդուց»

Ֆէմինիստուհիներին այս խօսքը շատ է զայրացնում, իսկ որոշ տղամարդիկ, հեղինակութիւն ձեռք բերելու համար եւ անկարողութիւնից տառապելով, այս խօսքի իրենց սխալ ընկալումով հակադրւում են ընտանիքում ինքնահաստատութիւն ձեռք բերելու համար: Յաճախ են այս խօսքերն ընկալւում որպէս ամուսնու բռնատիրութեան հաւանութիւն կամ պատժամիջոց ընտանիքում: Բայց շատերը մոռանում են, թէ այս արտայայտութիւնը կտրուած է ընդհանուր իր համատեքստից, եւ միայն այդ պատճառով անհասկանալի է հնչում: Բայց ինչպէս տեսնում ենք, Պօղոս առաքեալն այստեղ ցոյց է տալիս քրիստոնէական ամուսնութեան սկզբունքը՝ պատմելով, թէ ինչպէ՛ս պէտք է լինի հաւատացեալ ամուսինների իսկական ամուսնութիւնը: Առաքեալը մինչ այդ ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց հաւասարապէս կոչ է արել փոխադարձ պատասխանատուութեան: Կարելի՞ է արդեօք երջանիկ ընտանեկան յարաբերութիւններ կառուցել վախի վրայ: Սա հասկանալու համար պէտք է յիշել, թէ ի՛նչ է ասում Պօղոս առաքեալը եփեսացիներին ուղղուած նամակում՝ կարդալով 5-րդ գլխի ամբողջ հատուածը: Ինչո՞ւ պէտք է, որ կինը երկնչի իր ամուսնուց: Ըստ ուղղափառ աստուածաբանների՝ ամուսնուց երկնչելը չի նշանակում, թէ կինը պէտք է ահ ու դող զգայ իր ամուսնու նկատմամբ, այլ միայն այն, թէ պէտք է վախենայ իր ամուսնուն վիրաւորելուց, վախենայ նրա պատուին նախատինք լինելուց: Դա ոչ թէ ատելութեան կամ սարսափի անասնական վախ է, այլ սիրուց բխող պաշտպանական վախ: Այդպէս են, օրինակ, երեխաները վախենում վիրաւորել ու ցաւ պատճառել իրենց ծնողներին: Տղամարդու եւ կնոջ ամուսնութեան յարաբերութիւնները Պօղոս առաքեալը համեմատում է սիրոյ այն միասնութեան հետ, որով կապուած են Քրիստոս եւ եկեղեցին: Կան զուգահեռ երկու հիմնական կէտեր: Մի կողմից, եկեղեցին ենթակայ է Քրիստոսին, ինչպէս որ կինը պէտք է ենթարկուի իր ամուսնուն, միւս կողմից, Քրիստոս այնքան է սիրում եկեղեցուն, որ Իր անձը նրա համար մահուան մատնեց: Ամուսինն էլ պէտք է իր կնոջն այնպէս սիրի, որ պատրաստ լինի իր կեանքը տալու նրա համար։ Սուրբ Պսակի խորհրդի ընթացքում ընթերցւում է Պօղոս առաքեալի կողմից եփեսացիներին ուղղուած նամակից այն հատուածը (Եփես. 5, 22-33), որը շարադրում է Յիսուսի վարդապետութիւնը ամուսնութեան վերաբերեալ. «Դուք էլ նոյնպէս ամէն մէկդ նո՛յնն արէք, որպէսզի իւրաքանչիւր ոք իր կնոջն այնպէս սիրի, ինչպէս իր անձը, եւ կինը թող երկնչի իր մարդուց» (Եփես. 5, 33): Պարզ է դառնում, թէ խօսքը ոչ թէ հոգեւոր կամ ֆիզիկական բռնութեան պատճառած վախի մասին է, այլ ամուսնու հանդէպ սէր ու յարգանք տածելու, որը պէտք է արտահայտուի հնազանդութեամբ եւ ենթակայութեամբ: Այնպէս որ, ոչ թէ պէտք է վախենալ ամուսնուց, այլ պէտք է վախենալ նրա հանդէպ տածած սեփական անարգանքից: Սակայն ընտանեկան յարաբերութիւններում այդպիսի ըմբռնումը ոչ բոլորի համար կարող է լինել ակնյայտ ու հասկանալի: Ստացւում է, թէ կինը պարտաւոր է յարգել ամուսնուն ու վախենայ վշտացնել կամ նուաստացնել նրան, իսկ ամուսինը պէտք չէ՞ նոյնն անի: Իհարկէ, ընտանիքում յարգանքը միմեանց հանդէպ պէտք է փոխադարձ լինի: Բայց ինչպէ՞ս է դա արտահայտւում ամուսնու կողմից: Ինչո՞ւ է հնազանդուելու ու վախենալու պատուիրանը՝ որպէս ճշմարիտ ընտանեկան սիրոյ արտայայտութիւն, վերաբերում միայն կնոջը: Այս հարցի բարդութիւնը բոլորովին նրա մէջ չէ, թէ կան ընտանիքներ, ուր կանայք աւելի խելացի են իրենց ամուսիններից: Խելացի կնոջ համար պարզապէս աւելի հեշտ է հնազանդուել: Դժուարութիւններն առաջանում են այն դէպքում, երբ կինն ունի շատ յամառ եւ անզիջող բնաւորութիւն, իսկ ամուսինը մեղմ է ու խոնարհ: Այս իրավիճակում ամուսնուն լսելն ու յարգելը շատ աւելի բարդ է, թէեւ արտաքուստ այդ յարաբերութիւնները կարող են աւելի քան ապահով երեւալ: Կնոջ համար ամուսնու հանդէպ յարգանքը կորցնելը վտանգ է, առանց որի սիրոյ յարաբերութիւնները դժուար են պահպանւում, իսկ ամուսնու համար վտանգ է կորցնել իր ընտանիքի պատասխանատուութեան զգացումը, առանց որի նա դադարում է լինել ընտանիքում կատարել իր դերը: Այս անպատասխանատուութիւնը միշտ շատ ցաւալի է, քանի որ այն ցոյց է տալիս սէրը պահպանելու եւ ընտանիքը կառավարելու անկարողութիւնը: Ամուսնուն սա սովորեցնելու լաւագոյն միջոցն է կնոջ հնազանդութիւնը: Եթէ տղամարդը պէտք է վախենայ անպատասխանատուութիւնից, ի դէմս իր կնոջ, ապա կինը պէտք է վախենայ անկարող լինել սիրելուց, վախենայ այդ սէրը վիրաւորելու: Յովհաննէս աստուածաբանն ասում է հետեւեալ խսսքերը. «Սիրոյ մէջ երկիւղ չկայ, եւ կատարեալ սէրը հեռու է վանում երկիւղը, որովհետեւ երկիւղը տանջանքի ենթակայ է, եւ ով երկնչում է, կատարեալ չէ սիրոյ մէջ» (Ա. Յովհ. 4, 18): Երբ Տէրն Իր մօտ կանչի կնոջը, Նա չի հարցնելու, թէ ինչպէ՞ս էր նա ենթարկւում կամ թէ որքա՞ն էր «երկնչում» իր ամուսնուց, այլ կը հարցնի, թէ «ինչպէ՞ս էր սիրում»: Այստեղ որեւէ հակասութիւն չկայ, քանի որ Պօղոս առաքեալը խօսում էր այն միջոցների ու պայմանների մասին, որոնցով սէրը պահպանւում է եւ աճում։ Իսկ միջոցներն են հնազանդութիւնը, վստահութիւնը եւ պատասխանատուութիւնը: Երբ մարդիկ հասնում են այսպիսի սիրոյ, սա հեռու է վանում երկիւղը: Երբ մարդ սիրում է, իրօք, այս ամէնը դառնում են իր սիրոյ բնական արտայայտութիւնը: Այսպիսի սիրոյ են ձգտում քրիստոնեաները, լաւ գիտակցելով, թէ դեռեւս «անկատար» են սիրոյ մէջ, եւ հետեւաբար, այսօր պէտք է հոգ տանել, պահպանել ու «վախենալ» կորցնելու այդ մեծագոյն շնորհը՝ սէրը: «Կինը թող երկնչի իր մարդուց» նշանակում է, որ նա վախենում է իր ամուսնուն վիրաւորելուց, ցաւ պատճառելուց, վախենում է ոչնչացնել նրա սէրը: Իսկ պէ՞տք է արդեօք, որ ամուսինը երկնչի իր կնոջից: Ամուսինը պէտք է երկնչի Աստծուց, եւ միեւնոյն ժամանակ իր կնոջն այնպէս սիրի, ինչպէս իր անձը (Եփես. 5, 33): Սա՛ է նուիրապետութիւնը, երբ ամուսինը երկնչում է Աստծուց, կինը երկնչում է ամուսնուց, իսկ երեխաները մեծարում ու պատւում են իրենց ծնողներին: Երեխաները փրկւում են ծնողներին յարգելով ու պատուելով, կինը փրկւում է իր ամուսնուն հնազանդուելով, եւ ամուսինը փրկւում է Աստծուն հնազանդուելով: Պօղոս առաքեալը, դիմելով բոլոր քրիստոնեաներին, ասում է. «Հնազանդուեցէ՛ք միմեանց Քրիստոսի երկիւղով» (Եփես. 5, 21): Ըստ էութեան, ամուսինը նոյնպէս պէտք է հնազանդ լինի ու Քրիստոսի երկիւղով երկնչի իր կնոջից, որպէսզի իր վարքով ու պահուածքով ոչ մի դէպքում չձանձրացնի, չվրդովեցնի ու չվիրաւորի նրան: Ամուսինը պարտաւոր է հոգալ ու պահպանել ընտանեկան յարաբերութիւնների խաղաղութիւնն ու անվտանգութիւնը: Սուրբ Հայրերը, երբ խօսում են Աստծու երկիւղի մասին, խրատում են մեզ այնպէս ապրել, որ մեր մեղքերով չվիրաւորենք Քրիստոսին: Նոյն նմանութիւնը կարելի է բերել նաեւ տղամարդկանց եւ կանանց յարաբերութիւններում, քանի որ իրենց խորհրդաւոր ամուսնութեան միութիւնը պատկերում է Քրիստոսի եւ Եկեղեցու խորհրդաւոր միասնութիւնը: Եւ այն իմաստով, որ եկեղեցին կազմում է Քրիստոսի խորհրդաւոր Մարմինը, մենք նայում ենք Քրիստոսին՝ որպէս Եկեղեցու գլխի, եւ կինը պէտք է տեսնի իր ամուսնուն՝ որպէս ընտանիքի գլխի: Առաքեալը շարունակում է. «Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպէս կը հնազանդուեն Տիրոջը, որովհետեւ մարդն է գլուխը կնոջ, ինչպէս որ Քրիստոս գլուխն է եկեղեցու. եւ ինքն է Փրկիչը այդ մարմնի» (Եփես. 5, 22-23): Ուրեմն, ամուսինը պէտք է լինի գլուխն իր կնոջն այնպէս, ինչպէս Քրիստոս գլուխն է Եկեղեցու: Եւ այս առումով է, որ ընտանեկան յարաբերութիւնների նուիրապետութիւնը, ըստ առաքեալի, ընդմիշտ հաստատուած է: Հետեւաբար, քրիստոնէական ընտանիքում աւելի մեծ պատասխանատուութիւն է կրում ամուսինը, եւ խօսքը պատասխանատուութեան մասին է, այլ ոչ թէ իրաւունքների:

Արդեօ՞ք Աստուած ուզում է, որ ամուսինը, որպէս տան գլուխ՝ ղեկավարի իր ընտանիքը, բայց միեւնոյն ժամանակ չենթարկուի Քրիստոսին: Իհարկէ, ո՛չ: Անտրամաբանական է, որ կինը կուրօրէն հնազանդուի տղամարդու այն կամքին, որը թելադրում է կնոջ հաւատի մերժումն ու խղճի խայթը: Ամէն ամուսին, երբ անդրադառնում է հետեւեալ խօսքերին՝ «կինը թող երկնչի իր մարդուց» կամ «կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն», պէտք է փորձի հասկանալ, թէ սրանք միակողմանի հրահանգներ չեն՝ չկենտրոնանալով միայն կանանց ենթակայութեան վրայ, այլ պէտք է Աստծու կամքի լոյսի ներքոյ յստակեցնի իր ճշմարիտ դիրքն ընտանիքում: Նշենք, թէ այս նոյն 5-րդ գլխում արդէն տղամարդուն վերաբերեալ կայ ոչ թէ մէկ, այլ երեք հրահանգ: Տղամարդիկ պէտք է սիրեն իրենց կանանց՝ «իբրեւ իրենց մարմինները», «ինչպէս իր անձը», եւ «ինչպէս որ Քրիստոս սիրեց եկեղեցին եւ Իր անձը մատնեց նրա համար»: Եթէ տղամարդն այդպէ՛ս վերաբերի իր կնոջը, ապա հանգիստ սրտով կարելի է երկնչել այդ ընտանիքի գլխից: Քրիստոնէական ընտանիքն ընկալւում է որպէս փոքրիկ եկեղեցի: Եւ գլխի այս հատուածում խօսքը, անկասկած, սիրոյ հնազանդութեան մասին է. «Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպէս կը հնազանդուեն Տիրոջը, … եւ ինչպէս եկեղեցին հնազանւում է Քրիստոսին» (Եփես. 5, 22. 24): Եթէ ամուսինը որեւէ հարցում արդարամիտ չէ, ապա ճիշդ կը լինի, Աստծուն վստահելով, աղօթել նրա համար, փնտռել ու լսել Տիրոջ կամքը, եւ հեզութեամբ ու նրբանկատօրէն բացատրել նրան ճշմարիտը եւ օգտակարը: Կարելի է աղօթել միասին, խօսել եւ շրջապատել նրան սիրով ու հոգատարութեամբ: Եւ եթէ կինն ունի Աստծու Հոգին, ապա նա ուշադիր կը լինի իր խօսքերին, կը լինի խոնարհ ու հնազանդ եւ, միեւնոյն ժամանակ, իրեն կը զգայ ոչ թէ որպէս ստրուկ, այլ իր ամուսնու օգնականը եւ ուղեկիցը: Առաքեալի խօսքի հրահանգում՝ «կինը թող երկնչի իր մարդուց», «երկնչի» բառը ստրկական կամ պատժի վախ չէ, այլ թէ ինչ ենք մենք զգում, երբ մտածում ենք, որ յանկարծ չվիրաւորենք մեր սիրելի մարդուն մեր գործողութեամբ: Սա նոյնն է, ինչ որ կամաւոր հնազանդութիւնը: Դասական յունարէնով «երկնչի» (յունարէն φόβηται) բառը մի քանի իմաստ ունի, իսկ երբեմն էլ այն նշանակում է «յարգանք» կամ «խնամք»: Այն, որ «երկնչի» բառն իրականում ցոյց չի տալիս կնոջ ցածրակարգ լինելու հանգամանքը, երեւում է այն ամէնից, որ առաքեալն արդէն խօսում  էր սիրոյ եւ ամուսնութեան կարեւորութեան մասին:

Կեանքում առկայ բոլոր դժուարութիւններն Աստծու հանդէպ սիրոյ պակասից են, ու մարդկանց միջեւ բոլոր խնդիրները նոյնպէս միմեանց հանդէպ սիրոյ պակասից են: Խօսելով կնոջ երկիւղի մասին՝ նշենք, թէ ամուսնու հանդէպ «երկիւղ ունենալ»-ն ու «սիրել»-ը նոյն բաներն են: Իրականում Աստծու հանդէպ երկիւղածութեան մասին կան սուրբգրային եզրեր, բայց մենք հասկանում ենք, թէ Աստծու վախը Նրա հանդէպ տածած մեր մեծագոյն սիրոյ արտայայտութիւնն է, մեր մեղքերի պատճառով Նրանից հեռանալու ու Նրան կորցնելու վախն է, Նրա կամքը չկատարելու եւ Նրան վշտացնելու վախն է: Եթէ ամուսին եւ կին, ինչպէս նաեւ ծնող ու զաւակ փոխյարաբերութիւնները դիտարկենք մարդկային յարաբերութիւնների տեսանկիւնից, ապա կը տեսնենք, թէ առողջ յարաբերութիւնների դէպքում մեր սիրելիի հանդէպ մենք սխալ չենք գործում ոչ թէ նրա կողմից պատժուելու վախից, այլ նրան ցաւ պատճառելու ու վշտացնելու վախից: Յիսուս ասում էր. «Ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ» (Յովհ. 14, 10): Նմանապէս, ամուսնու եւ կնոջ միջեւ փոխյարաբերութիւնները պէտք է ունենան նոյն հոգեւոր կապը եւ, իհարկէ, այս դէպքում անհնազանդութեան հարց չի առաջանայ: Աստուածաշունչը նաեւ աւելացնում է. «Իմաստութեան սկիզբը երկիւղն է Տիրոջ հանդէպ, բարեմիտ են բոլոր նրանք, որ գործադրում են այն. նրա օրհնութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից» (Սաղմ. 110, 10): «Տիրոջ երկիւղը խրատ է եւ իմաստութիւն, եւ փառքը ծագում է դրանից» (Առակ. 15, 33): «Տիրոջ երկիւղը կեանք է մարդու համար. ով չունի այդ երկիւղը, մոլորուած շրջում է դռներին» (Առակ. 19, 23):

Սբ. Յովհան Ոսկեբերան հայրապետը, մեկնաբանելով Պօղոս առաքեալի եփեսացիներին ուղղուած նամակը, գրում է. «Կինը երկրորդակարգ իշխանութիւն է, հետեւաբար պէտք չէ պահանջի հաւասարութիւն (ամուսնու հետ), քանի որ ղեկավար ունի. իսկ նա (ամուսինը) պէտք չէ ամբարտաւանութեամբ տեսնի նրան որպէս ենթարկուող, քանի որ իր մարմինն է, որովհետեւ եթէ գլուխն սկսի անտեսել իր մարմինը, ինքը նոյնպէս կը կորի։ Ենթարկուելու փոխարէն այն պէտք է ներդնի սէր: Ինչպէս գլուխն է, այդպէս էլ մարմինը: Մարմինը  հնարաւորութիւն է տալիս գլխին՝ ծառայեցնելու ձեռքերը, ոտքերն ու բոլոր միւս անդամները, իսկ գլուխը հոգ է տանում մարմնին՝ նրան նուիրելով իր ամբողջ գիտակցութիւնը: Չկայ ոչինչ աւելի լաւ, քան այսպիսի ամուսնութիւնը: Բայց թերեւս կարող են հարցնել՝ ինչպիսի՞ սէր կարող է լինել այնտեղ, ուր կայ վախ: Ըստ էութեան, ճիշդ այնտեղ է սէրը: Ով վախենում է, նա էլ սիրում է: Սիրելով նա երկնչում է գլխից եւ սիրում է որպէս անդամ, քանի որ գլուխը նոյնպէս ամբողջ մարմնի անդամներից մէկն է: Դրա համար էլ նա ենթակայ է դարձնում նրան, եւ բարձրացնում է ամուսնուն, որպէսզի խաղաղութիւն լինի: Որտեղ կայ հաւասարութիւն, այնտեղ չի կարող լինել խաղաղութիւն, լինի դա թէ՛ ժողովրդավարական կառավարութիւն, եւ թէ՛ բոլորը հրամաններ արձակեն. անհրաժեշտ է, որ լինի մէկ ղեկավարութիւն: Այդպէս է միշտ լինում մարմնական էակների հետ: Եթէ մարդիկ լինէին հոգեւոր, ապա կը լինէր խաղաղութիւն: Ժամանակին հինգ հազար հոգիներ միատեղ էին, եւ «նրանցից ոչ ոք չէր ասում, թէ իր ինչքերը իրենն են, այլ ամէն ինչ նրանց համար հասարակաց էր» եւ ամէն ինչ կիսում էին իրար հետ: (Գործ. 4, 32): Ահա՛ իմաստութեան ու Աստծու վախի նշանը: Այսպիսով (առաքեալը) ցոյց տուեց սիրոյ պատկեր, իսկ վախի պատկեր՝ ոչ: Տեսնո՞ւմ ես արդեօք, թէ ինչպէ՞ս է նա խօսում սիրոյ մասին, օրինակ է բերում Քրիստոսին, յիշեցնում է իր մարմինը եւ ասում. «Դրա համար մարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը», իսկ վախը չի լուսաբանւում: Ինչո՞ւ: Քանի որ ցանկանում է, որ աւելի գերակշռի սէրը: Եթէ լինի սէրը, ապա նրան կը հետեւի բոլոր մնացածը. իսկ եթէ լինի վախը՝ ապա ոչ այնքան: Նա, ով սիրում է իր կնոջը, թէեւ նա չլինի շատ հնազանդ, ամէն ինչ կը հանդուրժի, բայց եթէ (ամուսնացածները) կապուած չեն սիրոյ զօրութեամբ, ապա նրանց միջեւ համերաշխութիւնն անըմբռնելի ու դժուար է: Վախը չի առաջացնում նման գործողութիւն: Ուստի (առաքեալը) հիմնականում կանգնում է այն փաստի վրայ, որն աւելի զօրեղ է: Իսկ կնոջը, թէեւ ըստ երեւոյթի վնաս է հասցւում այն բանով, որ նրան սահմանւում է վախը, ոչինչ չի կորսնում, քանի որ ամուսնուն սահմանւում է այն, ինչը յատկապէս կարեւոր է՝ սէրը: Բայց, ասում են, իսկ ի՞նչ կը լինի, եթէ կինը չվախենայ իր ամուսնուց: Դու սիրի՛ր, դու կատարի՛ր քո պարտքը: Թող ուրիշները չկատարեն այն, ինչ պէտք է. մենք պէտք է կատարենք: Նշեմ մի օրինակ։ Գրուած է. «Հնազանդուեցէ՛ք միմեանց Քրիստոսի երկիւղով» (Եփես. 5, 21): Ուրեմն ի՞նչ: Թող ուրիշները չենթարկուեն, բայց դու հնազադուի՛ր Աստծու օրէնքին: Այնպէս էլ այստեղ. թէեւ ամուսինը չսիրի իր կնոջը, կինը պէտք է վախենայ նրանից, որպէսզի իրեն պարտք չմնայ: Նմանապէս եւ հակառակն է. եթէ կինը չվախենայ իր ամուսնուց, ամուսինը պէտք է սիրի նրան, որպէսզի նրան պարտք չմնայ: Իւրաքանչիւրն ունի իր անձնական պարտականութիւնները: Սա՛ է Քրիստոսի հետ «ամուսնութիւնը», որ հոգեւոր ամուսնութիւն է՝ ոչ թէ արեան, ոչ թէ ծննդեան ցաւերով: Ինչո՞ւ կնոջ համար ասուած չէ, թէ «պէտք է միանայ իր ամուսնուն» (Ծննդ. 2, 24): Ինչո՞ւ է այդպէս: Որովհետեւ սիրոյ մասին արդէն ասուել էր եւ ասուել էր ամուսնուն: Իսկ կնոջը (առաքեալը) ներշնչում է վախ եւ միեւնոյն ժամանակ ասում է. «Կնոջ գլուխը՝ մարդն է» (Եփես. 5, 23). եւ դարձեալ՝ «Նա՛ է գլուխը մարմնի, որ եկեղեցին է» (Կող. 1, 19): Ամուսնու հետ նա  (առաքեալը) խօսում է սիրոյ մասին եւ հնարաւորութիւն է տալիս նրան այն, ինչը համապատասխանում է կնոջը: Խօսում է սիրոյ մասին՝ նրան կապելով եւ միաւորելով իր կնոջ հետ: Իսկապէս, հօրը թողնելով իր կնոջ համար, եւ ապա կնոջն էլ թողնելով, որ գնայ. արդեօք կարո՞ղ է արժանի լինել որեւէ հանդուրժողութեան: Տեսնո՞ւմ ես, թէ Աստծու կամքով ի՛նչ պատիւ պէտք է ունենայ նա (կինը), երբ Աստուած, քեզ հօրիցդ հեռացնելով, միաւորում է նրա հետ: «Կինը թող երկնչի իր մարդուց» խօսքը չի նշանակում ստրուկի երկիւղ, սակայն կնոջից պահանջւում է պատուել ու յարգել իր ամուսնուն՝ կարծես թէ ակնածանք ունենալով նրա հանդէպ»[1]:

 

 

[1]     Святитель Иоанн Златоуст, Беседы на послание к Ефесянам. Беседа 20

      Տե՛ս http://www.biblioteka3.ru/biblioteka/zlatoust/tom_11_1/txt20.html

      (առ 29/03/2017)։

 

Գևորգ սրկ․ Գևորգյան

«Կինը Նոր Ուխտի Եկեղեցում» գրքից

 

28.10.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․