Կիրակնօրյա դպրոցը նշեց Բուն բարեկենդանը

Այս տարի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի համաձայն, փետրվարի 26-ին է նշվում Բուն բարեկենդանը: Հայոց հնագույն տոնն իր ողջ ուրախությամբ թափանցել էր նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոց՝ հերթական դասը վերածելով ուրախ տոնախմբության: Երգն ու պարը, խաղերն ու հյուրասիրությունը հաջորդում էին միմյանց: Թե՛ մանկավարժ Սիրանուշ Գումրույանը և թե՛ երեխաները մեծ ջանասիրությամբ պատրաստվել էին տոնին: Փոքրիկները՝ տոնին բնորոշ կառնավալային հագուստներով, երգեցին «Գացեք տեսեք» ժողովրդական երգը, մեծ ոգևորությամբ մասնակից եղան խաղերին, պարեցին: Կիրակնօրյա դպրոցի սաներից Սամվելը Հովհաննես Թումանյանի «Բարեկենդան» հեքիաթը պատմելուց հետո ասաց. «Իրենք չգիտեին, բայց մենք գիտենք, որ բարեկենդանը մարդ չի, տոն է»: Մանկավարժը նշեց, որ երեխաները հեքիաթի շնորհիվ առնչվեցին բարությանը, ազնվությանը, ինչպես նաև՝ ստին: Երեխաները քաջատեղյակ էին, որ օրեր առաջ Հայ եկեղեցին նշել է Ս. Վարդանանց տոնը, որի պատմությունը ևս ներկայացրեցին՝ առանձնակի շեշտելով Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի խիզախ կերպարը:

«Եկեղեցական տոները մեր հոգևոր կյանքի անբաժան մաս են կազմում, որոնցով արտահայտում ենք մեր հավատը, աստվածճանաչողությունը և աստվածապաշտությունը: Ուրախալի է, որ մեր կիրակնօրյա դպրոցի սաները, մանկավարժի գլխավորությամբ, մասնակից են դառնում տոներին՝ սովորելով փառաբանել Աստծուն Նրա շնորհած մեծամեծ բարիքների համար: Հայ եկեղեցին՝ իբրև սիրող մայր, իր զավակներին դաստիարակում է Աստծո խոսքի համաձայն՝ հետապնդելով մի նպատակ միայն` ուղղել նրանց քայլերը դեպի մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս»,- ասաց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:

 

Կարինե Սուգիկյան

26.02.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․