Կար-չկար մի մարդ, որ բավականին խճճված կյանք էր վարում: Մի օր էլ որոշեց խելքի գալ, բարիք գործել ու հոգին փրկել: Բարիքը գործում էր, գործում, բայց առանձնապես ոչ մի փոփոխություն դեպի լավը չէր նկատում:
Մի անգամ էլ քայլում էր փողոցով, երբ տեսավ, որ մի ծեր տատիկի վերարկուի կոճակը պոկվեց ու գետնին ընկավ: Տեսավ ու մտածեց. «Դե սա ի՞նչ է, որ: Հաստատ բավականաչափ կոճակներ կունենա տանը, հո գետնից չե՞մ բարձրացնելու»: Բայց և այնպես, տնքալով՝ կռացավ, վերցրեց կոճակը, հասավ տատիկի հետևից, տվեց նրան ու մոռացավ այդ դեպքի մասին:
Հետո, երբ մահացավ, մի կշեռք տեսավ դրված, որի ձախ կողմից չարն էր այն ներքև քաշում, իսկ աջ կողմում ոչինչ չկար, դատարկ էր: «Է՜հ,- մտածեց մարդը,- այստեղ էլ բախտս չբերեց»: Բայց հանկարծ տեսավ, որ հրեշտակները կշեռքի վրա կոճակն են դնում… Եվ բարի գործերով նժարն ավելի ծանր գտնվեց մյուսից: «Մի՞թե այդ մի կոճակն իմ բոլոր չար գործերին հաղթեց,- զարմացավ մարդը,- որքա՜ն բարիք եմ գործել, բայց դրանց հետքն էլ չի երևում»: Եվ լսեց, թե ինչպես է հրեշտակն իրեն ասում.
- Քո բարի գործերն անհետացան, քանի որ հպարտանում էիր դրանցով: Իսկ հենց այդ կոճակը, որի մասին մոռացել էիր, բավարար եղավ, որպեսզի փրկվես կործանումից:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի