Աղքատ ուսանողը սիրահարվեց մի հարուստ աղջկա և ահա՛ այդ աղջիկը նրան հրավիրեց իր ծննդյան տարեդարձին:
Ծնողները բազմաթիվ հայտնի ընտանիքների էին հրավիրել իրենց միակ դստեր խնջույքին: Նման դեպքերում հյուրերը միշտ թանկարժեք նվերներով են գալիս, միմյանց հետ մրցելով, թե ում նվերն ավելի շատ կգրավի հոբելյարին: Իսկ ի՞նչ կարող է նվիրել աղքատ ուսանողը, իր սիրող սրտից բացի, սակայն այն այսօր գին չունի: Այսօր ընդունված է թանկարժեք զարդեր, զգեստներ ու ծրարով գումար նվիրել, իսկ սիրտը ծրարի մեջ չես դնի…
Ի՞նչ անել: Երկար մտածեց ուսանողն ու որոշեց: Մի հարուստ խանութ մտավ ու հարցրեց.
- Թանկարժեք, բայց կոտրված ծաղկաման ունե՞ք:
- Այո՛:
- Իսկ ի՞նչ արժե:
Գինը շատ ցածր էր և ուրախացած ուսանողը խնդրեց փաթաթել այն գեղեցիկ թղթով ու շտապեց դեպի դրամարկղը:
Երեկոյան հյուրերն սկսեցին իրենց նվերները հանձնել և ուսանողն էլ, իր սիրեցյալին շնորհավորելով, նրան մեկնեց իր նվերը, սակայն անհաջող կերպով շրջվելով՝ կարծես թե պատահաբար վայր գցեց փաթեթը:
Ներկաներն ախ քաշեցին, իսկ վշտացած աղջիկը այն հատակից բարձրացրեց ու բաց արեց: Եվ օ՜, ինչպիսի սարսափ, պատրաստակամ վաճառողները կոտրված ծաղկամանի յուրաքանչյուր կտորն առանձին էին փաթաթել: Հյուրերն ուղղակի ապշեցին նման խաբեությունից, իսկ խայտառակված երիտասարդն ամոթից փախավ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի