«Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց» (Ելք 20:4-5): Տասը պատվիրաններից երկրորդը շարունակությունն է առաջին պատվիրանի. «Կուռքեր չշինես քեզ համար» խոսքը հաստատումն է «ուրիշ աստվածներ չունենաս»-ի: Պատվիրանը զգուշացնում է կռապաշտությունից հեռու մնալուց, արգելում է ստեղծել որևէ կուռք և երկրպագել: Սրա մասին մեկ անգամ չէ, որ նշվում է Հին կտակարանում: Աստված մարդկանց նախազգուշացնում է, որ «ձուլածո աստվածներ չկերտեն» (Ելք 34:17; Ղևտ. 19:4), ձեռակերտ կամ քանդակված կուռքեր չստեղծեն և արձան չկանգնեցնեն (Ղևտ. 26:1) և կուռքեր չստեղծեն մարդկանց կերպարանքով, երկրի վրա գտնվող որևէ կենդանու, թռչնի, ձկան կերպարանքով (Երկրորդ Օրենք 4:15-18): Վերևում՝ երկնքում, այսինքն՝ արև, լուսին, աստղ, լույս, ներքևում՝ երկրի վրա, այսինքն՝ կրակ, ջուր, կենդանի, մարդ՝ որպես Աստված չպիտի պաշտվեն: Թվարկվածներից պարզ է դառնում, թե նախկինում մարդիկ ինչերի էին հակված երկրպագելու:
Այս պատվիրանը քրիստոնյաներին էլ է վերաբերում: Ճիշտ է մենք չունենք քարե, երկաթե և փայտե կուռքեր, բայց և այնպես «Կուռքեր չշինես քեզ համար»-ը ավելորդ չէ: Ժամանակները փոխվել են և դժվար է պատկերացնել, որ այսօր որևէ մեկը լրջորեն կերկրպագի կենդանիներին կամ թռչուններին: Ժամանակակից մարդու համար կուռքերին տառացի երկրպագությունն անտրամաբանական է և նույնիսկ՝ ծիծաղելի: Այնուամենայնիվ, այս պատվիրանը խախտվում է շատերի կողմից: Այսօր մարդու համար կուռք կարող է դառնալ հարստությունը, հագուստը, ավտոմեքենաները, գրքերը, ընտանի կենդանիները, փողը, երկրավոր երջանկությունը, ֆիզիկական հաճույքը, երաժշտությունը, երեխան, առավել ևս եթե միակն է, երկրպագումը որևէ դերասանին, երգչին և այլն: Միանգամայն նորմալ է սիրել Աստծո կողմից արարված աշխարհը, բայց պետք է զատորոշել բնական սիրո զգացմունքի և կրքոտ երկրպագության սահմանը: Կուռք է համարվում այն ամենը, ինչին մարդը չափազանց է կապվում, ինչին նվիրում է իր ուժերը և առողջությունը՝ ի վնաս իր հոգու փրկության: Երկրորդ պատվիրանով Տերը մարդուն արգելում է իր համար կուռքեր ստեղծել՝ լինի նյութական կամ երևակայական, ծառայել ու երկրպագել և որևէ պատիվ կամ հարգանք մատուցել դրանց:
Առարկային երկրպագելու նշաններից է չափից ավելի ժամանակի տրամադրումը, երբ մարդը դադարում է զգալ ժամանակի զգացողությունը: Պատահական չէ, որ խաղատներում պատուհաններ չկան, որպեսզի խաղամոլները չզգան ժամանակը: Կամ էլ օրինակ՝ չափից ավելի մտածելը սիրելի կինոդերասանի, փողի և հաճույքների մասին:
«Արդարև, կուռքերի անունն ու նրանց պաշտամունքը հենց բոլոր չարիքների սկիզբն են, պատճառն են ու վախճանը» (Իմաստություն Սողոմոնի 14:27): Կռապաշտությամբ մարդը խախտում է նաև մյուս պատվիրանները, օրինակ, եթե աշխատանքը համարվում է կուռք, ապա աշխատելու ցանկություն է առաջանում նաև կիրակի օրերին: Շնությունը երկրպագություն է հաճույքներին: Նյութական բարիքներին պատվելը տանում է նախանձի, գողության և սուտ վկայության: Կուռք կարող է դառնալ նաև գիտությունը, կրթությունը:
Կռապաշտություն է համարվում որևէ անձին երկրպագելը: Որոշ դերասաններ, երգիչներ հենց այդպես էլ իրենց անվանում են՝ կուռքեր: Երկրորդ պատվիրանը հորդորում է չաստվածացնել ու չերկրպագել արարածին Արարչի փոխարեն: Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «...և անմահ Աստծո փառքը հատկացրին մահկանացու մարդկանց, թռչունների, չորքոտանիների և սողունների նմանությունը ունեցող պատկերների: Դրա համար էլ Աստված թույլ տվեց, որ իրենց սրտի ցանկություններով հանձնվեն պղծության և իրենք իրենց մարմինն անպատվեն, քանի որ Աստծո վերաբերմամբ ճշմարտության փոխարեն նրանք նախընտրեցին ստությունը, արարածներին հարգանք ընծայեցին և նրանց պաշտեցին, փոխանակ պաշտելու Արարչին, որ օրհնյալ է հավիտյան. ամեն» (Հռոմ. 1:23-25):
Մոլությունները՝ թմրամոլությունը, հարբեցողությունը, ծխելը, մոլախաղերը, որկրամոլությունը, այս ամենը դաժան կուռքեր են, որոնք արմատավորվում են մեղսագործությամբ, կորստաբեր կախվածությամբ: Որոշ մարդիկ ծառայում են մոլություններին՝ ինչպես իրենց տերերի, քանի որ. «Մարդն ինչ բանի որ ենթարկում է ինքն իրեն, նրա գերին է լինում» (Բ Պետրոս 2:19): Պողոս առաքյալը կրքերին ծառայելը համեմատում է կռապաշտության հետ. «Հետևաբար, ձեր մեջ սպանե՛ք երկրավոր ցանկությունները, այսինքն՝ ձեզնից դո՛ւրս վանեցեք պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունը և ագահությունը, որ կռապաշտություն է» (Կողոս. 3:5): Մոլություններին գերի դառանով՝ մարդը դադարում է Աստծո մասին մտածելուց, ծառայելուց ու Նրան սիրելուց, մարդը մոռանում է նաև մերձավորին սիրելու մասին:
Ի դեպ երկրորդ պատվիրանը ոչ մի կերպ չի արգելում սրբապատկերների գոյությունը քրիստոնեական եկեղեցիներում: Կռապաշտություն չի կարող համարվել այն սրբապատկերները, որոնք ստացել են աներևույթ կնիքներ և ունեն սրբարար զորություն և որոնց առջև աղոթում ենք: Հայ եկեղեցին ընդունում և հարգում է Ամենասուրբ Երրորդության տնօրինությունների, Սուրբ Մարիամ Աստվածածնի, սրբերի և հրեշտակային դասերի սրբապատկերները, որոնք օգնում են մեզ՝ հաստատվելու հոգևոր կյանքի և աստվածպաշտության մեջ: Դրանք հավիտենական կյանքի պատգամներ են հաղորդում մեր հոգիներին: Եթե սրբապատկերներին երկրպագելու կամ ծառայություն մատուցելու նպատակ չկա, ուրեմն պատվիրանն էլ չի խախտվում:
Հավիտենական Աստված չի կարող սահմանափակվել որևէ կերպարանքով, որ պատրաստված է փայտից կամ քարից: Այդպիսի փորձը վիրավորում է Նրան և խեղաթյուրում ճշմարտությունը: «Հեթանոսների բոլոր կուռքերը սնոտի բաներ են՝ անտառից կտրված փայտ, հյուսների ձեռքի գործեր, արծաթով և ոսկով զարդարված ձուլածո բաներ: Մուրճերով և գամերով ամրացրել են դրանք, որ չշարժվեն, հղկված արծաթ են, Թարսիսի բանված արծաթ և ոսկի՝ բերված Մեմփաթայից: Ոսկերչի ձեռքը ճարտար վարպետի գործ է կատարել. կապույտ ու ծիրանի են հագցնում նրանց, բայց նրանք չեն կարող գնալ, այլ պետք է բարձվելով տարվեն. ոտքով մի քայլ էլ չեն փոխի, ոչ էլ իրենք իրենց կարող են բարձրանալ այն բանի վրա, որ տանում են: Մի՛ վախեցեք նրանցից, որովհետև չարություն չեն անում, բայց բարություն էլ չկա նրանց մեջ» (Երեմիա 10:3-5),- կարդում ենք Սուրբ Գրքում:
Երկրորդ պատվիրանով Աստված մեր սիրտն է կամենում, բայց ոչ կիսատ ու թերի, այլ՝ ամբողջական: «Տո՛ւր ինձ, որդյա՛կ, քո սիրտը, և թող աչքերդ սպասեն Ինձ՝ Իմ ճանապարհին» (Առակ. 23:26): Եթե կամենում ենք մեր սիրտն Աստծուն տալ, ապա պետք է ամեն ինչից առավել սիրենք ու վստահենք Նրան: Աստծուն պիտի ավելի սիրենք, քան փողը, հարստությունը, աշխարհի փառքն ու պատիվը, ոչինչ չպիտի լինի Նրանից բարձր: Ոմանց համար սիրելի է փառքը, պատիվը, բայց Աստծո հանդեպ սերն ամեն բանից բարձրը պետք է լինի: Նրան, Ով մեզ նախ սիրեց (Ա Հովհ. 4:19), պետք է ամբողջ սրտով սիրենք: «Արդարև, ինձ համար ի՞նչ կա երկնքում, կամ քեզնից բացի ի՞նչ փնտրեմ երկրի վրա» (Սաղմոս 72:25): Ով այսպիսի սեր ունի առ Աստված, նա ձգտում է Ամենաբարձրին, Ով ամենասուրբ է, բարի և ողորմած: Ով սեր ունի առ Աստված, այնպիսին ուժ և զորություն է ստանում՝ կատարելու աստվածային պատվիրանները: Իսկ երբ մարդու կյանքում բացակայում է առ Աստված ունեցած սերը, ապա վաղ թե ուշ այն փոխարինվում է այլ բանով: Արդյունքում նորանոր կուռքեր են ի հայտ գալիս, նվազում է նաև մարդկանց միջև եղած հաղորդակցությունը, սերը սկսում է մարել, իսկ առանց հաղորդակցության հնարավոր չէ սերն արտահայտել: Եվ ինչպես մարդկանց միջև սերը հնարավոր չէ առանց հաղորդակցության, նույնպես և սերը Աստծո հանդեպ ենթադրում է Նրա հետ հաղորդակցություն, իսկ կռապաշտությունը զրկում է մարդուն փրկարար այդ հաղորդակցությունից:
Կազմեց Գայանե Սուգիկյանը