15 Մարտ, Շբ, Մեծ պահքի ԺԳ օր
«Հազար ճամփա է մեզ շեղում նպատակից, մինչ դեպի այն տանում է լոկ մեկը…» Միշել Մոնտե
Անկախ ընտրած մասնագիտությունից, անկախ կրոնական դավանանքից, անկախ ժամանակի հրամայականից՝ բանականության թռիչքների և սոցիալական ցնցումների խաչմերուկում յուրաքանչյուր ոք կյանքի ընթացքում հասնում է այնպիսի մի կարևոր ճամփաբաժանման, որտեղից պիտի սկսի իր ինքնուրույն կյանքը, ընտրի իր մասնագիտությունը և պատրաստ լինի գիտակցել, թե որն է իր կոչումը, իր կյանքի իմաստն ու բովանդակությունը:
Մարդը գործող էակ է, և գործունեությունն աշխարհի հետ հարաբերվելու մարդուն բնորոշ ձևն է: Մարդն իր նպատակաուղղված գործունեության շնորհիվ կարողացել է վերափոխել իրեն տրված միջավայրը և ոչ միայն հարմարվել, այլև միջավայրը հարմարեցնել իրեն: Մարդուն հնարավորությունների լայն շրջանակներ են տրված, որոնց սահմաններում պիտի կարողանա օգտագործել հրաշագործ բանականության տարերքը և տեր կանգնի գաղափարին, մարդկային իր կոչմանը, որպեսզի արդյունքում դրանից շահի ոչ միայն իր սեփական անձը, այլև շրջապատը, հասարակությունը:
Մարդու կյանքի իմաստի հարցն իր մեջ պարունակում է այնպիսի կարևոր արժեքներ, ինչպիսիք են բարին, ճշմարտությունը, գեղեցիկը: Այսինքն՝ մարդն իր ամենօրյա արարքներում պետք է առաջնորդվի բարության և գեղեցկության օրենքներով: Մարդու կատարած ցանկացած գործ, արարք պետք է ունենա բարոյական հնչեղություն և նշանակություն: Մարդկային կյանքի հիմքը պետք է լինի փոխադարձ սերը: Սեփական կյանքի իմաստի ճիշտ ըմբռնման կողպեքը բացվում է միայն այն բանալիով, որը գտնվում է մարդկանց շփման մեջ, որի իմացաբանական էությունը Սերն է: Այսպիսով՝ կյանքի իմաստի ընտրությունը յուրաքանչյուր անձի առանձին ընտրությունն է, ինքնուրույն գիտակցված ընտրությունը:
Կյանքի իմաստը հաճախ կապվում է մարդու ընտրած այս կամ այն արժեքների, երեխաների, ընտանիքի, աշխատանքի հետ, սակայն դրանք կարող են յուրաքանչյուր մարդու մոտ, որոշակի ժամանակահատվածում տարբեր լինել (Ա Տիմ. 6:9-10, Բ Տիմ. 3:2-3): Մարդիկ ապրում են ինչ-որ բանի համար: Եթե նրանք չիմանային, թե ինչի համար են ապրում, նրանք պարզապես չէին ապրի: Սեփական գոյության նպատակը տարբեր ձևերով կարելի է սահմանել, բայց նպատակ անպայման պետք է լինի, հակառակ դեպքում դա ոչ թե կյանք կլինի, այլ անիմաստ գոյություն: Կյանքում պետք է նաև սկզբունքներ ունենալ, որոնք ընտրելիս ևս պետք չէ շտապել:
Կյանքում մի կանոն կա, որ յուրաքանչյուր մարդու համար, նրա կյանքի նպատակի մեջ, նրա սկզբունքներում, նրա վարքում պիտի լինի․ կյանքը պետք է արժանապատվորեն ապրել, որ հետո հիշելիս չամաչես: Արժանապատվությունը բարություն, մեծահոգություն, նեղմիտ եսասեր չլինելու, արդարամիտ, լավ ընկեր լինելու, օգնելով ուրախանալու կարողություն է պահանջում:
Աշխարհում չկա մի բան, որն այդքան լավ կօգնի մարդուն հաղթահարել անգամ ամենավատ պայմանները, որքան այն բանի իմացությունը, որ կյանքը իմաստ ունի:
Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված Ադամին և Եվային ստեղծելիս մի առանձնահատուկ նպատակ ուներ նրանց համար. «Աճեցեք և շատացեք և լցրեք երկիրը և տիեզերքը և իշխեք ծովի ձկների և թռչունների վրա և երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա» (Ծնն. 1:28):
Ինչ-որ մեխանիզմ, որևէ բարդ մաս ճիշտ կաշխատի, եթե այն օգտագործվի իր նպատակի համաձայն և այնպես, ինչպես այն ծրագրել է ստեղծողը: Նմանապես մենք, եթե ուզում ենք չվնասել ինքներս մեզ, լինի դա հոգևոր, մտավոր, զգացական, թե ֆիզիկական առումներով, ապա պետք է օգտագործենք մեր կյանքը այնպես, ինչպես, որ մեր Արարիչն է նպատակադրել:
Կյանքը մի բարդ խնդիր է, որը մենք ապրելով ենք լուծում: Հաճախ մարդիկ այդ խնդրի համար սխալ լուծումներ են գտնում, դրա համար էլ չեն ստանում ցանկալի արդյունքներ: Կյանքը հրաշալի գիրք է, որը մենք գրում ենք՝ կամա, թե ակամա: Սակայն գիրքը հնարավոր կլինի կարդալ միայն այն ժամանակ, երբ կավարտենք այն: Գիրքը ընթեռնելի կլինի մեր հաջորդների համար, ուստի մտածենք թե ինչ ենք գրում…
Աննա Մուրադյան