Լավագույն ժառանգություն, որ կարող ենք թողնել երեխային

Երեխաներն Աստծու պարգևն են, իսկ ծնողներն ու մանկավարժները՝ նրանց խնամակալներն ու դաստիարակները, կոչված են նպաստելու երեխաների հոգևոր աճին և զարգացմանը: Այս կարևորագույն նպատակին էր կոչված Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի հերթական ուխտագնացությունը: Հոկտեմբերի 5-ին դպրոցի սաները, նրանց ծնողներն ու մանկավարժ Տաթև Պետրոսյանը, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեցին Արագածոտնի թեմի սրբավայրեր: Փոքրիկ ուխտավորները նախ եղան Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում, մասնակցեցին Սուրբ Պատարագին և Սուրբ Հաղորդություն ստացան, ապա այցելեցին  Բաշ-Ապարանի հերոսամարտի «Վերածնունդ» հուշահամալիր: Շարունակելով իրենց ընթացքը՝ ուխտավորները կանգ առան Աստվածընկալ վանքում, ուր Տեր Հոր գլխավորությամբ «Տերունական աղոթք»-ն ասացին, որից հետո Տեր Հոր հետ հետաքրքիր զրույց և սիրո ճաշ ունեցան: Ուրախ հանգիստը ոգևորել էր երեխաներին, քանի որ իրենց խաղերին էր միացել Տեր Գրիգորը: «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները անմոռանալի և ուրախ տպավորություններով վերադարձան Երևան:

Մարդն արարվել է Աստծու պատկերով և նմանությամբ, և երեխայի մեջ այս կատարյալ պատկերի ամրապնդումը ծնողի և մանկավարժի հիմնական ու կարևորագույն պարտականություններից մեկն է: Երբ նպաստում են, որ երեխայի սրտում կենդանի մնա հավատը և Աստծու հանդեպ երկյուղը, ապա իր կյանքում նա անսասան կկանգնի ամուր ժայռի վրա և չի ցնցվի իր շուրջը մոլեգնած քամիներից՝ վստահ լինելով, որ իր գլխից մի մազ անգամ չի ընկնի առանց Աստծու կամքի: Փիլիսոփաներից Ցիցերոնը հետևյալ կարևորագույն միտքն է արտահայտել. «Հեռացրեք մարդկանցից Աստծու երկյուղը և աշխարհում կկործանվեն նվիրվածությունը, բարեկամությունն ու արդարությունը», իսկ Պլատոնը նշել է այն լավագույն ժառանգությունը, որ կարող ենք թողնել երեխային. «Անկասկած մարդկային հոգու լավագույն որակը Աստծու առաջ քայլելն է ամենայն ճշմարտությամբ և մաքրությամբ: Նա, ով հավատում է Աստծու գոյությանը, երբեք չի գործի անազնիվ արարք: Հետևաբար՝ մեր երեխաներին կարող ենք թողնել լավագույն ժառանգությունը՝ ոչ թե ոսկին, այլ խորը բարեպաշտությունը»:

 

Կարինե Սուգիկյան

06.10.25
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․