22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Մի մարդ գնաց անապատական ճգնավորի մոտ և հարցրեց.
- Լռության մեջ անցկացվող կյանքը քեզ ի՞նչ է սովորեցնում:
Ջրհորից ջուր հանող մենակյացն իր հյուրին պատասխանեց.
- Այս ջրհորի հատակին նայիր: Ի՞նչ ես տեսնում:
Տղամարդը նայեց ջրհորի մեջ ու ասաց.
- Ոչինչ էլ չեմ տեսնում:
Ճգնավորը որոշ ժամանակ անշարժ կանգնած մնաց, այնուհետև կրկին իր հյուրին դիմեց.
- Իսկ ա՞յժմ: Այժմ ի՞նչ ես տեսնում:
Տղամարդը նայեց և ասաց.
- Այժմ ինձ եմ տեսնում, իմ արտացոլանքը ջրում:
Ճգնավորը բացատրեց.
- Երբ ես դույլն իջեցրի, ջրի վրա ալիքներ հայտնվեցին: Իսկ այժմ ջուրը հանդարտ է: Լռության արդյունքն էլ այդպիսին է՝ մարդը գտնում է ինքն իրեն:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի