3 Դեկտեմբեր, Գշ
- Հա՛յր, իսկ ի՞նչ անել, եթե հանձնարարված աշխատանքի ժամանակ աղմուկ է կամ ձեռքի աշխատանքի համար որևէ սարքավորում է անհրաժեշտ, որն աշխատելիս աղմկում է:
- Եթե ձեռքի աշխատանքն աղմկոտ է, ապա ցածրաձայն սաղմոսերգելը շատ է օգնում: Եթե չեք կարող Հիսուսի աղոթքն ասել, ապա որևէ շարական երգեք: Համբերություն է պահանջվում: Երբ Աթոսից մեկնում եմ կամ վերադառնում՝ նավի վրա շատ աղմուկ է լինում: Մի անկյունում նստում եմ, որպեսզի չանհանգստացնեն ինձ, ձևացնում եմ, թե քնած եմ, աչքերս փակում եմ ու սկսում երգել: Ինչ ասես երգում եմ. էլ «Սուրբ Աստված», էլ «Արժանի է»: Եվ նավի շարժիչն՝ իր գվվոցով, շատ է համապատասխանում սաղմոսերգությանը: Շարժիչը Պապանիկոլաուի «Արժանի է»-ի և Նիլևսի «Սուրբ Աստված»-ի (1) տոնայնության իսսոնն (2) է պահում: Այնպես է գվվում, որ ամեն ինչին համապատասխանում է: Ես մտքում եմ երգում, սակայն սիրտս էլ է մասնակցում երգեցողությանը:
Սակայն կարծում եմ, որ ոչ այնքան արտաքին աղմուկն է մեզ անհանգստություն պատճառում, որքան՝ ինչ-որ բանով [ներքին] մտահոգությունը: Քեզնից է կախված լսել կամ չլսել արտաքին աղմուկը, իսկ [ներքին] մտահոգությունից խուսափելը դյուրին չէ: Հիմքը ուղեղն է: Աչքերը կարող են նայել և չտեսնել: Երբ ես աղոթում եմ, կարող եմ ինչ-որ բանի նայել, սակայն չտեսնել այն: Կարող եմ որևէ տեղ գնալ, ինչ-որ բնապատկերի կամ էլի որևէ բանի նայել, բայց ոչինչ չնկատել: Եթե մարդ դժվարանում է աղմկոտ միջավայրում Հիսուսի աղոթքն ասել (3), ապա նշանակում է, որ մտքով Աստծո հետ չէ: Մարդը պետք է աստվածային վերացականության վիճակին հասնի, որպեսզի կարողանա ներքին լռության մեջ ապրել, և աղոթքի պահին եղած աղմուկը չանհանգստացնի նրան: [Այդ ժամանակ] մարդն այն աստվածային վերացականության վիճակին է հասնում, որում գտնվելով՝ արդեն չի լսում աղմուկը, կամ միայն այն ժամանակ է լսում, երբ ինքն է ցանկանում, իսկ ավելի ճիշտ՝ երբ նրա միտքը Երկնքից ցած է իջնում: Եթե մարդը հոգևոր աշխատանք տանի, ճգնի, ապա կհասնի այդ վիճակին: Այդ ժամանակ կկարողանա ինչ-որ բան լսել կամ չլսել, երբ ինքը կամենա:
Մի անգամ, բանակում ծառայելու ժամանակ, իմ ծառայակիցներից մեկին, որ ակնածալից մարդ էր, հանդիպում նշանակեցի մի որոշակի վայրում: «Ախր այնտեղ բարձրախոսը հենց ականջիդ տակ է բղավում,- առարկեց նա»: «Բարձրախոսը լսել կամ չլսելը հենց մարդուց է կախված,- պատասխանեցի»: Եթե մեր ուղեղն ինչ-որ բանով զբաղված է, մի՞թե լսում ենք այն, ինչ մեր շուրջբոլորն է կատարվում: Հիշում եմ, Աթոսում իմ խցի դիմացը դիզելային սղոցներով ծառերն էին հատում, մի ողջ բլուր ծառահատեցին: Ու երբ ես կարդում էի կամ աղոթում և ամբողջովին կլանված էի դրանով, ապա ոչինչ չէի լսում: Իսկ երբ դադարեցնում էի հոգևոր աշխատանքս, ապա սկսում էի կրկին ամեն ինչ լսել:
1) Իսսոն (հուն. "ίσος" բառից՝ հավասար, միանման, նույնպիսի) – բյուզանդական եկեղեցական երգեցողության մեջ ներքևի, «հիմնական» ձայնն է:
2) Պապանիկոլաու Խարալամպոս – 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի բյուզանդական երաժշտության երգիչ-երգահան, հունական Կավալա քաղաքից: Նիլևս Կամարադոս – 19-րդ դարի կեսերի բյուզանդական երաժշտության երգիչ-երգահան, տեսաբան Կոստանդնուպոլսից:
3) "εύχή" բառը վանական բառապաշարում նշանակում է կարճ, մի քանի բառից կազմված աղոթք, որ բազմիցս կրկնվում է տերողորմյայով աղոթելու ժամանակ: Սովորաբար դա Հիսուսի աղոթքն է. «Տե՛ր, Հիսուս Քրիստոս, Որդի՛ Աստծո, ողորմիր ինձ՝ մեղավորիս»: Բացի այդ "εύχή" կարող է նշանակել նաև Սուրբ Աստվածածնին ուղղված աղոթքը. «Սո՛ւրբ Աստվածածին, փրկիր ինձ՝ մեղավորիս», սրբերին. «Սո՛ւրբ այսինչ, խնդրիր Աստծուն ինձ համար», Սուրբ Խաչին, հրեշտակներին, ննջեցյալների համար արվող աղոթքը, հիվանդների համար և այլն: Այս բառը կարող է թարգմանվել ինչպես «Հիսուսի աղոթք», «տերողորմյայով աղոթք», «աղոթք», «կարճ աղոթք» և այլն՝ համատեքստից կախված: Տվյալ տեքստում «աղոթք անել»-ը նշանակում է նման տիպի աղոթքներից մեկն անելը:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի