Գրքեր

Մահացու պայքար…

Անմիտ պայքարը, որ մղվում է երևակայական թշնամու դեմ, չի կարող հաղթանակ ունենալ…

Ամեն կենդանի, շնչավոր էակի կյանքի հենց առաջին պահը բնորոշվում է իբրև պայքար, ավելին, նա ծնվում է շնորհիվ պայքարի՝ հիմքում ունենալով ապրելու ցանկության ինֆորմացիան: Սակայն միայն պայքարը չէ, որ կյանք է տալիս: Իրականում այդ պայքարին նպաստող բազմաթիվ գործոններ կան, որոնք հեշտացնում են ծնունդը, մարդու կյանքի ընթացքը:

 Մեր ամբողջ կյանքը պայքար է: Այս կամ այն իրավիճակում մենք միշտ պայքարում ենք: Պայքարում ենք մեր կյանքի, մեր ներկայի և մեր ապագայի համար: Իսկ թե ինչպես ենք պայքարում շատ հաճախ մեզ չի էլ հուզում: Մենք պատրաստ ենք մեր նպատակներին ու ցանկություններին հասնելու համար կիրառել յուրաքանչյուր մեթոդ, միայն թե հասնենք նրան, ինչ ցանկանում ենք: Սակայն շատ քիչ է պատահում, որ մտածենք ոչ միայն մեր նպատակների, ցանկությունների ու ձգտումների մասին, այլ նաև դիմացինի: Մենք նույնիսկ չենք էլ մտածում այդ պայքարի «մահացու» լինելու մասին, այն մասին, թե դա ինչպես կարող է «ոչնչացնել» ինչ-որ մեկին, կոտրել նրա երազանքները, ձգտումները: Շատ հաճախ մենք կարող ենք նույնիսկ և չնկատել, որ այդ պայքարը մեզ համար դառնում է «մահացու պայքար», որ դրանք ոչ միայն վնասում են ինչ-որ մեկին, այլ նաև մեզ, մեր հոգին: Մենք շատ հաճախ պայքար ենք մղում հանուն ինչ-որ նյութական արժեքների, մոռանալով այն պայքարի մասին, որ գրել է Պողոս առաքյալը՝ հոգու պայքար (Հռովմ. 7):

Հռոմեացիներին գրած իր նամակում Պողոսը խոսում է  իր մղած պայքարի մասին, որը տեղի է ունենում իր մարմնի և մտքի մեջ (Հռովմ. 7): Պողոսն անկեղծորեն ընդունում էր, որ իր ուժերով չի կարող կատարել Աստծո կամքն այնպես, ինչպես ցանկանում է:

Հոգևոր պայքարը նման է սպորտի: Հոգևոր պայքարն էլ, ինչպես և սպորտը, պահանջում է մշտական պատրաստվածություն: Կան նաև այլ ընդհանուր գծեր. սպորտում մարզիկից պահանջվում է ֆիզիկական, հոգեբանական և էմոցիոնալ պատրաստվածություն, սակայն այս ոլորտում ամենից շատ կարևորվում է ֆիզիկական պատրաստվածությունը: Նույնն է նաև հոգևոր պայքարում, որտեղ մշտապես անհրաժեշտ է հոգևոր պատրաստվածության բարձր մակարդակ: Ինչպես սպորտում, այնպես էլ հոգևոր պայքարում անհրաժեշտ է իմանալ «պայքարի մեթոդները»: Պայքարում հաղթանակ կարելի է տանել ոչ միայն ուժի հիման վրա, այլև գիտելիքների արդյունքում: Հոգևոր պայքարն անընդհատ է: Այն մեզանից մեծ ջանքեր է պահանջում, սակայն պետք չէ վախենալ, պետք չէ մտածել, որ այս պայքարում մենք պարտվելու ենք կամ էլ արդեն պարտվել ենք, չէ որ այս պայքարը՝ հոգևոր պայքարը,  մենք չէ, որ մղում ենք: Այս պայքարն անընդհատ է: Եթե մենք չենք գիտակցում դա, ապա մենք միշտ պարտություն կկրենք: Քրիստոնյան պետք է իմանա, որ պայքարը ոչ մի րոպե կանգ չի առնում: Չնայած նրան, որ պայքարն անընդհատ է, մենք կարող ենք հավատալ մեր ուժերին` վստահելով Աստծուն: Հավատի հանգստությունը չի նշանակում հոգևոր պասիվություն, չի նշանակում, որ ոչինչ տեղի չի ունենա և մենք կարող ենք չարձագանքել: Դա չի նշանակում, որ մենք կարող ենք պասիվ կերպով ժամանակ անցկացնել, տարվել հեռուստացույցով, երբ Աստված մեր փոխարեն մղում է մահացու պայքար: Քրիստոնեությունը խորհուրդ է, կյանք է, որը պետք է ապրել:
Հիսուս ասում է, որ չի եկել խաղաղություն բերելու, այլ` սուր (Մատթ. 10:34): Նա ուզում է մեզ սովորեցնել, որ խաղաղությունը լավ է պատերազմից, բայց ավելացնում է, որ բարի պատերազմն ավելի լավ է, քան կայուն խաղաղությունը: Բարի պատերազմը բարու համար մղված պայքարն է: Մեր կյանքը կայուն խաղաղության մեջ լճանում է. այստեղ կորցնում ենք շատ արժեքներ: Այդ պատճառով Քրիստոս բերեց մեզ սուրը՝ բարի պատերազմ մղելու համար: Քրիստոսի ամբողջ կյանքն էլ պատերազմ ու պայքար էր հանուն բարու և սիրո հաղթանակի (Բ Տիմ. 4:6):

Հոգևոր այս պայքարի իմաստն ու նպատակն այն է, որ մարդը բարձրանա իր բարոյական պատկերով ու նկարագրով: Քրիստոս ցանկանում է մեզ բարձրացնել մեր ընկած վիճակից՝ հասցնելով մեզ ոչ թե ավելի բարձր  վիճակի, այլ կատարելության:

 

Աննա Մուրադյան

20.02.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․