12 Ապրիլ, Շբ
Անմիտ պայքարը, որ մղվում է երևակայական թշնամու դեմ, չի կարող հաղթանակ ունենալ…
Ամեն կենդանի, շնչավոր էակի կյանքի հենց առաջին պահը բնորոշվում է իբրև պայքար, ավելին, նա ծնվում է շնորհիվ պայքարի՝ հիմքում ունենալով ապրելու ցանկության ինֆորմացիան: Սակայն միայն պայքարը չէ, որ կյանք է տալիս: Իրականում այդ պայքարին նպաստող բազմաթիվ գործոններ կան, որոնք հեշտացնում են ծնունդը, մարդու կյանքի ընթացքը:
Մեր ամբողջ կյանքը պայքար է: Այս կամ այն իրավիճակում մենք միշտ պայքարում ենք: Պայքարում ենք մեր կյանքի, մեր ներկայի և մեր ապագայի համար: Իսկ թե ինչպես ենք պայքարում, շատ հաճախ մեզ չի էլ հուզում: Մենք պատրաստ ենք մեր նպատակներին ու ցանկություններին հասնելու համար կիրառել յուրաքանչյուր մեթոդ, միայն թե հասնենք նրան, ինչ ցանկանում ենք: Սակայն շատ քիչ է պատահում, որ մտածենք ոչ միայն մեր նպատակների, ցանկությունների ու ձգտումների մասին, այլ նաև դիմացինի: Մենք նույնիսկ չենք էլ մտածում այդ պայքարի «մահացու» լինելու մասին, այն մասին, թե դա ինչպես կարող է «ոչնչացնել» ինչ-որ մեկին, կոտրել նրա երազանքները, ձգտումները: Շատ հաճախ մենք կարող ենք նույնիսկ չնկատել, որ այդ պայքարը մեզ համար դառնում է «մահացու պայքար», որ դրանք ոչ միայն վնասում են ինչ-որ մեկին, այլ նաև մեզ, մեր հոգին: Մենք շատ հաճախ պայքար ենք մղում հանուն ինչ-որ նյութական արժեքների՝ մոռանալով այն պայքարի մասին, որ գրել է Պողոս առաքյալը՝ հոգու պայքար (Հռոմ. 7):
Հռոմեացիներին գրած իր նամակում Պողոսը խոսում է իր մղած պայքարի մասին, որը տեղի է ունենում իր մարմնի և մտքի մեջ (Հռոմ. 7): Պողոսն անկեղծորեն ընդունում էր, որ իր ուժերով չի կարող կատարել Աստծո կամքն այնպես, ինչպես ցանկանում է:
Հոգևոր պայքարը նման է սպորտի: Հոգևոր պայքարն էլ, ինչպես և սպորտը, պահանջում է մշտական պատրաստվածություն: Կան նաև այլ ընդհանուր գծեր. սպորտում մարզիկից պահանջվում է ֆիզիկական, հոգեբանական և էմոցիոնալ պատրաստվածություն, սակայն այս ոլորտում ամենից շատ կարևորվում է ֆիզիկական պատրաստվածությունը: Նույնն է նաև հոգևոր պայքարում, որտեղ մշտապես անհրաժեշտ է հոգևոր պատրաստվածության բարձր մակարդակ: Ինչպես սպորտում, այնպես էլ հոգևոր պայքարում անհրաժեշտ է իմանալ «պայքարի մեթոդները»: Պայքարում հաղթանակ կարելի է տանել ոչ միայն ուժի հիման վրա, այլև գիտելիքների արդյունքում: Հոգևոր պայքարն անընդհատ է: Այն մեզանից մեծ ջանքեր է պահանջում, սակայն պետք չէ վախենալ, պետք չէ մտածել, որ այս պայքարում մենք պարտվելու ենք կամ էլ արդեն պարտվել ենք, չէ՞ որ այս՝ հոգևոր պայքարը, մենք չէ, որ մղում ենք: Այս պայքարն անընդհատ է: Եթե մենք չենք գիտակցում դա, ապա միշտ պարտություն կկրենք: Քրիստոնյան պետք է իմանա, որ պայքարը ոչ մի րոպե կանգ չի առնում: Չնայած որ պայքարն անընդհատ է, մենք կարող ենք հավատալ մեր ուժերին` վստահելով Աստծուն: Հավատի հանգստությունը չի նշանակում հոգևոր պասիվություն, չի նշանակում, որ ոչինչ տեղի չի ունենա և մենք կարող ենք չարձագանքել: Դա չի նշանակում, որ մենք կարող ենք պասիվ կերպով ժամանակ անցկացնել, տարվել հեռուստացույցով, երբ Աստված մեր փոխարեն մղում է մահացու պայքար: Քրիստոնեությունը խորհուրդ է, կյանք է, որը պետք է ապրել:
Հիսուս ասում է, որ չի եկել խաղաղություն բերելու, այլ` սուր (Մատթ. 10:34): Նա ուզում է մեզ սովորեցնել, որ խաղաղությունը լավ է պատերազմից, բայց ավելացնում է, որ բարի պատերազմն ավելի լավ է, քան կայուն խաղաղությունը: Բարի պատերազմը բարու համար մղված պայքարն է: Մեր կյանքը կայուն խաղաղության մեջ լճանում է. այստեղ կորցնում ենք շատ արժեքներ: Այդ պատճառով Քրիստոս բերեց մեզ սուրը՝ բարի պատերազմ մղելու համար: Քրիստոսի ամբողջ կյանքն էլ պատերազմ ու պայքար էր հանուն բարու և սիրո հաղթանակի (Բ Տիմ. 4:6):
Հոգևոր այս պայքարի իմաստն ու նպատակն այն է, որ մարդը բարձրանա իր բարոյական պատկերով ու նկարագրով: Քրիստոս ցանկանում է մեզ բարձրացնել մեր ընկած վիճակից՝ հասցնելով մեզ ոչ թե ավելի բարձր վիճակի, այլ կատարելության:
Աննա Մուրադյան