Մանուկների շուրթերով նորից երգեց Կոմիտասը

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությամբ արդեն մեկ տարի է, ինչ գործում է «Զորավոր մանկունք» երկսեռ երգչախումբը:

Նոյեմբերի 1-ին Սուրբ Պատարագից հետո ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում երգչախումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ներկայացավ «Կոմիտասը մանուկների շուրթերով» գրական-երաժշտական կոմպոզիցիայով:

Մինչ երգչախմբի ելույթը, ներկաները Տեր Նավասարդ արք. Կճոյանի գլխավորությամբ «Տերունական աղոթք»-ն ասացին: Ապա Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ներկայացրեց «Զորավոր մանկունք» երգչախմբի գործունեությունը՝ ի ուրախություն նշելով, որ սա երգչախմբի առաջին ելույթն է առաջնորդարանի դահլիճում, և Սրբազան Հոր օրհնությամբ երգչախումբը կշանուրանակի իր ելույթները նորանոր բեմերում:

Համերգին հրավիրված էր միջնադարյան երաժշտության մասնագետ, հայկական վիոլայի մենակատար, կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանը:

Հայկական վիոլայի երաժշտության ներքո «Զարթիք փառք իմ» շարականի երգեցողությամբ երգչախումբն ազդարարեց ելույթի սկիզբը: «Զորավոր մանկունք» երգչախումբը գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանի խմբավարությամբ ողջ ելույթին եռաձայն կատարեց Կոմիտաս վարդապետի մշակումներից հետևյալ շարականներն ու ժողովրդական երգերը՝ «Այսօր ձայն հայրական», «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ», «Տեր ողորմեա», «Մեծացուսցէ», «Մեր դռանը խնկի ծառ», «Սոնա յար» և «Զար զընգը», իսկ կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանի մշակումներից հնչեցրեց «Զարթիք փառք իմ» և «Խնկի ծառի նման ես» շարականները: Հանդիսատեսն ունկնդրեց ոչ միայն երեխաներին, այլ նաև երգչախմբի խմբավար Գոհար Հարությունյանի կատարմամբ Կոմիտասի «Օրորը», «Գարուն ա» և Գրիգոր Առաքելյանի մշակմամբ «Թագվորագովք» երգերը:

Երգեցողությանը զուգահեռ երգչախումբն ունկնդրին ներկայացրեց նաև Կոմիտաս վարդապետի ծննդյան և մանկության պատմությունը մինչև նրա Էջմիածնի Գևորգյան ճեմարան ընդունվելը:

«Զորավոր մանկունք» երգչախումբը «Կոմիտասը մանուկների շուրթերով» գրական-երաժշտական կոմպոզիցիան ավարտեց «Հայրապետական մաղթերգ»-ով: Դահլիճի ծափողջյունները վկայում էին, որ երգչախումբն իր կատարումներով կարողացել էր դիպչել ունկնդրի սրտին:

«Կոմիտաս վարդապետի կյանքը, արվեստը, մշակույթը, հոգին այսօր մեզ փոխանցվեց և մենք վերապրեցինք մեծ վարդապետին ևս մեկ անգամ մանկական շուրթերից ելած բանաստեղծություններով և երգերով՝ վայելելով նրա ջինջ կերպարի ներգործուն ուժը մեր մեջ»,- ասաց Սրբազան Հայրը և իր շնորհակալությունը հայտնեց Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին, կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանին, երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Գոհար Հարությունյանին և երգչախմբի աննման փոքրիկներին՝ «Կոմիտաս» պատկերագիրքը նվիրելով նրանց: Սրբազան Հոր մաղթանքն էր «Զորավոր մանկունք»-ին, որ իրենց շնորհներն ավելի մեծ բեմերից հասանելի դարձնեն ավելի մեծ թվով ունկնդիրների՝ ի շահ մշակութային և մտավոր մտքի:

Ունկնդիրներից տիկին Ամալյային ցնցել էր երգչախմբի ելույթը, նա ուրախ է, որ իր 9-ամյա թոռնիկը՝ Ռազմիկը, այս երգչախմբում է երգում. «Այսօր ունկնդրեցինք գողտրիկ և գեղեցիկ երաժշտություն: Ցանկությունս է, որ առավել ընդլայնվի նորաստեղծ երգչախմբի ասպարեզը՝ հնարավորություն ընձեռելով հանդես գալու նաև օտարերկրյա բեմերում»:

Նկատելի էր նաև Արմինեի ոգևորությունը. նրա երկու զավակները երգում են «Զորավոր մանկունք» երգչախմբում: Նրանք երեք ամիս մեծ ուրախությամբ և սիրով հաճախել են երգչախմբի փորձերին: «Այս երգչախմբում երեխաներս ազգային և հոգևոր բարձր արժեքներին հաղորդակցվելու հնարավորություն ունեն»,- ասաց Արմինեն:

«Կոմիտասը մանուկների շուրթերով» գրական-երաժշտական կոմպոզիցիային ներկա էին նաև Հայաստանում հավատարմագրված Լեհաստանի դեսպանատան օտարերկրացի աշխատակիցները, ովքեր, ունկնդրելով երգչախմբի ելույթը, առաջարկություն հայտնեցին Սբ. Ծննդյան տոնին միասին ներկայանալ այն երգչախմբերի հետ, որ ժամանելու են Մերձբալթյան երկրներից:

Մանուկների շուրթերով նորից երգեց Կոմիտասը և մեծ բանաստեղծ Պարույր Սևակի խոսքով՝ նորից երգեց, մորմոքեց և կախարդեց Աստվածային Կոմիտասը՝ ամենամեծ նահատակը, ամենահայը և ամենահայրը:

 

Կարինե Սուգիկյան

02.11.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․