Ժամանակակից տեխնիկական միջոցներն անվերջ զարգանում են: Ավելի արագ են զարգանում, քան մարդկային ուղեղը, որովհետև սատանան է օգնում դրանց զարգացման հարցում: Հին ժամանակներում մարդիկ լռություն ու պարզություն էին վայելում՝ առանց այդ բոլոր հեռախոսների, ֆաքսերի և այլ սարքավորումների:
- Նրանք ուրախանում էին կյանքով, Հա՛յր:
- Այո՛, իսկ այժմ խենթացել են մեքենաների պատճառով: Տանջվում են այդ բազմապիսի հարմարություններից, անհանգստությունը խեղդում է նրանց: Հիշում եմ այն բեդուիններին, որոնց ճանաչում էի Սինայում եղած տարիներին (1), ի՜նչ ուրախ էին: Միայն մի վրան ունեին և շատ պարզ էին ապրում: Նրանք չէին կարող Ալեքսանդրիայում կամ Կահիրեում ապրել, անապատում վրանների տակ ապրելն էր նրանց սրտով: Եթե մի փոքր թեյ էին ունենում, ապա չգիտեին, թե ուրախությունից ինչ անեին ու փառք էին տալիս Աստծուն: Բայց քաղաքակրթությունն այժմ նրանց էլ է հասել և նրանք էլ են սկսել Աստծուն մոռանալ: Նույնիսկ բեդուիններն են եվրոպական ոգու ազդեցության տակ ընկել: Հրեաները նախ հյուղակներ կառուցեցին նրանց համար, հետո ողջ Իսրայելի հին մեքենաները վաճառեցին նրանց վրա (2): Ա՜խ այդ հրեաները… Հիմա յուրաքանչյուր բեդուին մի հյուղակ ունի, հյուղակի բակում՝ մի անսարք մեքենա, իսկ հոգում՝ տագնապ ու անհանգստություն: Մեքենաները փչանում են, բեդուինները «գլուխ են ջարդում», թե դրանք ինչպես վերանորոգեն: Ու եթե խորությամբ ուսումնասիրես, ապա նրանք ի՞նչ ձեռք բերեցին այդ ամենից: Գլխացավից բացի՝ ոչինչ:
Հնում իրերը գոնե ամուր էին ու երկար էին ծառայում մարդուն: Իսկ հիմա մեծ գումարներ ես ծախսում, իրեր ես գնում, որոնք միանգամից փչանում են: Եվ դա շահավետ է ձեռնարկությունների համար, քանի որ արտադրության ծավալներն ավելացնում են և մեծ օգուտ են ստանում դրանից: Իսկ գումարն արդեն չի բավականացնում մարդկանց և ձգտելով ավելի շատ գումարներ վաստակել՝ իրենց տանջում են աշխատանքի մեջ: Այդ բոլոր մեքենաներն ու մեխանիզմները եվրոպացիների զբաղմունքն է, որոնք օրն ի բուն նստած են պտուտակները ձեռքներին: Օրինակ՝ նախ ինչ-որ կափարիչ են պատրաստում: Հետո այն պարուրակավոր են դարձնում, հետո կոճակ են ավելացնում՝ ավելի ու ավելի կատարելագործելով խեղճ կափարիչը… Այսինքն, անընդհատ նորանոր մեքենաներ ու հարմարանքներ են հայտնվում ու դժբախտ մարդիկ անընդհատ ավելի կատարելագործված իրեր են ցանկանում ունենալ: Դեռ չհասցրած հնի համար վճարել՝ նորն են գնում, այդ պատճառով էլ պարտքերի ու հոգնածության մեջ են: Վերցնենք աղքատին. նա էլ է ցանկանում մեքենա ունենալ, գնում է ու ամենաէժան մեքենան գնում: Իսկ այն գնելու համար իր վերջին ունեցածը, եզներին ու ձիերին է վաճառում: (Շուտով ցուցափեղկերում նույնիսկ ավանակներ են ցուցադրելու ու նայելու համար գումար վերցնելու): Այսպիսով, աղքատը մի որևէ էժանագին ավտոմեքենա է գնում: Մեքենան փչանում է: «Իսկ այդպիսի մեքենաների համար մասեր չունենք»,- ասում են նրանց: Խեղճը ստիպված է ուրիշ մեքենա գնել: Սակայն ի վիճակի չէ նոր մեքենա գնելու և ստիպված իր ունեցածից մի փոքր ավելի լավն է գնում: Հետո այս մեկն էլ է փչանում և այսպես շարունակ… Պետք է զգոն լինենք, որ ավելի ու ավելի կատարյալի ետևից ընկնելու այդ նորաձև ալիքը մեզ էլ իր հետ չտանի:
1) 1962-64թթ.
2) Այժմ Եգիպտոսի ադմինիստրատիվ տարածքի մեջ գտնվող Սինա լեռն այն ժամանակ Իսրայելի հսկողության տակ էր գտնվում:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի