6 Հոկտեմբեր, Կիր
Սուրբգրային ոսկե օրենքը հորդորում է բոլորին՝ ասելով, որ ինչ ցանկանում ենք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք պետք է անեք նրանց (Մատթ. 7:12): Այսինքն՝ քրիստոնյան ոչ ոքի ոչ մի բանով պարտական չի մնում, բացի միմյանց սիրելու պարտավորությունից (Հռոմ. 13:8)՝ այն էլ առանց որևէ հատուցում ակնկալելու: Քրիստոս Իր հորդորով օգնում է Իր հետևորդներին կյանքի ճշմարիտ ուղենիշ ունենալ և առաջ ընթանալով՝ ձեռք բերել իրական սեր: Քրիստոնյայի համար խորթ է հետևյալ հարցումը՝ ո՞վ է իմ մերձավորը, քանի որ նա միշտ առիթ է փնտրում իր սերն արտահայտելու նրա հանդեպ, ով դրա կարիքն ունի:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Անդրանիկ Բաբոյանի համար ավանդույթ է դարձել ամեն տարի՝ Ս. Ծննդյան տոնին ընդառաջ, իր աջակցությունը բերել եկեղեցու սոցիալական ծրագրին՝ տրամադրելով սննդամթերք: Այս տարի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը տրամադրված սննդամթերքը (շաքարավազ (1 տոննա), մակարոնեղեն (1 տոննա) (աջակցության ընդհանուր արժողությունը կազմել է 716 000 (յոթ հարյուր տասնվեց հազար) ՀՀ դրամ գումար) փոխանցեց Արցախից բռնի տեղահանված հարյուր ընտանիքի՝ յուրաքանչյուր ընտանիքին տրամադրելով 10-ական կիլոգրամ շաքարավազ և մակարոնեղեն:
Մարդկանց հանդեպ սերը Աստծու հանդեպ սիրո արտացոլումն է, ինչպես որ եղբայրների հանդեպ սերը ծնողների հանդեպ սիրո արտացոլումն է: Սիրելով իր մերձավորին, ինչպես ինքն իրեն, քրիստոնյան ապահովում է իրեն այն ամենով, ինչ ակնկալում է իր համար և ցանկանում է ուրիշներից: Ոսկե օրենքով Քրիստոս ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի Իր հետևորդների գործողություններն ու տրամադրվածությունն ընդհանրապես: «Քրիստոս ցույց տվեց, որ աղոթքի հետ մեկտեղ անհրաժեշտ է աստվածահաճո կյանքով ապրել։ Նա չասաց՝ ինչ ուզում ես Աստծուց, արա այն մերձավորիդ, որ չառարկես՝ ինչպե՞ս է դա հնարավոր. Նա Աստված է, իսկ ես՝ մարդ։ Բայց Նա ասաց՝ եթե դու ինչ-որ բան ես ուզում քեզ հավասար մեկից, ապա նույնը արա նրա հանդեպ: Ի՞նչը կարող է սրանից ավելի հեշտ և ավելի արդար լինել: Այստեղից պարզ է դառնում, որ առաքինությունը մարդու համար բնական է, և մարդ երբեք չի կարող արդարանալ իր անգիտության համար»,- ասել է սբ. Հովհան Ոսկեբերանը:
Կարինե Սուգիկյան