26 Նոյեմբեր, Գշ
Աստվածային մեծագույն սիրո արդյունք է աշխարհի և մարդու արարումը: Արարչագործության պսակը համարվող մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, խախտելով աստվածային պատվիրանը, ընտրեցին մահը և ոչ թե կյանքը՝ հեռանալով Աստծուց, նրանք ցանկացան առանց Նրա ապրել: Ինչպես ի սկզբանե, այնպես էլ այդ պահին աստվածային անփոփոխ սերը գործեց՝ մարդուն նոր կյանքի հնարավորություն տալով. խաչի վրա մահը հաղթվեց Կյանքի կողմից: Մեծագույն գաղտնիքը, որ Աստված բացահայտեց մարդկանց, այն է, որ Աստված սեր է և որն արտահայտեց՝ Իր Միածին Որդուն աշխարհ ուղարկելով: Տիրոջ կամքն է, որ մարդիկ ճանաչեն այդ մեծագույն ու զոհաբերվող սերը և ապրեն այդ սիրով, ինչը հնարավոր է, եթե մարդն իր ուշադրության կենտրոնն իրենից տեղափոխի դեպի իր շրջապատը: Շատ հաճախ մարդն ապրում է պայմանական սիրով, այսինքն՝ լավ հարաբերություն է ձևավորում նրա հետ, ով իր հետ լավ հարաբերություն ունի, իսկ հակառակ պարագայում` հակառակը: Մարդուն հեշտ է ապրել, երբ իրեն սիրում են, գովաբանում: Բայց այս վիճակն իրականում, ըստ Եկեղեցու հայրաբանության, ծուղակ է համարվում. մարդ չի կարող ապրել՝ միայն սեր ընդունելով: Նա ապրում է այն դեպքում, երբ սիրում է, երբ զոհաբերում: Այդ պատճառով Աստված մարդուն կոչում է՝ սիրել սովորելու: Իրական սիրո պայմանը գիտակցելն է, որ կա Մեկը, Ով սիրում է քեզ առանց պայմանների ու սահմանների, երբ մարդն իր փորձառությամբ ճանաչում է այդ Սերը, այլևս չի կենտրոնանում մարդկային սիրո վրա:
Մարդուն շնորհված մեծագույն բացահայտումը աստվածային սերն է, այնինչ որոշ մարդկանց կյանքում Աստծու փոխարեն ընտանիքն է, աշխատանքը, հարստությունը, իրենք, այսինքն՝ իրենք ընտրում է ոչ թե Աստծուն, այլ Նրա պարգևները՝ ընդունակ չլինելով պարգևը Պարգևատուից տարբերակել: Աստծու հետ հարաբերություն ստեղծելու փոխարեն, նրանք պարգևների հետ են հարաբերություն ստեղծում: Ժամանակակից մարդը սիրում է «իմ» բառը, այնինչ այս աշխարհում մարդուն ոչինչ չի պատկանում, այն, ինչ մարդն ունի, աստվածային պարգև է՝ օդը, որ շնչում է, բնությունը, որով հիանում է, բնակավայրը, որտեղ ապրում է, մարդը և իրեն շրջապատող մարդիկ՝ ծնողները, երեխաները, ընկերները, այս բոլորը մարդը չի արարել: Աստված է մարդու կյանքի և նրա շնորհների աղբյուրը: Երբ մարդն իր շնորհների աղբյուրը իրեն է համարում, ընկնում է հպարտության մեղքի մեջ. նա կարծես Աստծուց գողանում է Նրա պարգևածը և սկսում է հպարտանալ իր շնորհներով՝ չհասկանալով, թե որտեղի՞ց և ո՞ւմ կողմից են դրանք տրված: Հավատավոր մարդը չի ասում «իմ»-ը, այլ ասում է «Աստծու պարգևը»: Աստված մարդուն պարգևներ է շնորհում ոչ թե նրա արժանիքների, այլ Իր ողորմության շնորհիվ, և մարդը չպետք է իրեն վերագրի աստվածային պարգևները, ինչպես արեց մեծահարուստը (Ղուկ. 16:19-31)՝ Աստծուց գոհանալու և իր ունեցածը մերձավորի հետ կիսելու փոխարեն, հարստությունից կուրացած՝ նա ուշադրություն չդարձրեց իր դռան առջև ընկած սոված Ղազարոսին, որը հույս ուներ իր փորը լցնել նրա սեղանից ավելացածներով:
Քրիստոնյայի կյանքը Աստծով մի ուղի է, որի մասին Քրիստոս ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհ. 14:6): Այդ ուղին հորիզոնական չէ, որովհետև հորիզոնական ուղղությամբ ընթացողը միայն շրջապտույտ է գործում: Դեպի Աստված տանող ուղին միայն դեպի առաջ չէ, այլ դեպի առաջ և վեր, այսինքն՝ հորիզոնական և ուղղահայաց, որով կազմվում է խաչը, իսկ որտեղ խաչն է ու Քրիստոս, այնտեղ Կյանքն է: Քրիստոնյայի համար հստակ է, թե ինչպես հատել շրջանը և դուրս գալ դրանից: Ելքը դեպի հավիտենություն միայն Քրիստոսով է: Ոմանք նախընտրում են դեպի առաջ ընթանալ, բայց այդ ուղին եզրափակվում է շրջանի մեջ: Քրիստոնյան ընտրում է դեպի առաջ ու վեր ուղին: Խաչի ճանապարհով ընթացողի ուղին հարթ չէ: Աշխարհն առաջարկում է չարին չարով պատասխանել, իսկ Տերը հորդորում է աշխարհը նորոգել միայն սիրով: Ցավալիորեն շատերը, չընդունելով աստվածային սերը, դառնում են աստվածամարտ՝ իրենց կյանքում խոչընդոտող հանգամանք համարելով աստվածային պատվիրանները: Քրիստոս բախում է յուրաքանչյուրի սրտի դուռը, և մարդն իր ազատ կամքով է Տիրոջ առջև իր սրտի դուռը բացում: Քրիստոս ասում է. «Եթե մեկն ուզում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ հետևից» (Մատթ. 16:25):
Կազմեց Կարինե Սուգիկյանը