Կյանքը անսահման մեծ պարգև է նրա համար, ով գիտի այն առաքինաբար ապրել՝ հուսալով Տիրոջ կողմից խոստացված մեծագույն պարգևին՝ հավիտենական կյանքին: Ամենամեծ պարգևի՝ կյանքի համար մարդը պետք է գոհանա Աստծուց և գոհանա բարի գործերով: Մարդը չի արարվել միայն իր համար, և յուրաքանչյուր անձ՝ որպես եկեղեցու և հայրենիքի զավակ, պարտավոր է հավատարմորեն ծառայել իր եկեղեցուն և հայրենիքին՝ հասարակական բարիքը չստորադասելով անձնականից: «Մենք՝ հավատի մեջ ուժեղ եղողներս, պետք է համբերությամբ տանենք թույլերի տկարությունները և միայն մեր մասին չմտածենք: Մեզնից յուրաքանչյուրը պետք է հետաքրքրվի իր շուրջը եղողներով՝ մտածելով նրանց բարիքի մասին՝ նրանց հավատն ամրապնդելու համար» (Հռոմ. 15:1-3):
Մարդկային կյանքը, ինչպես նշում է երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը, հավաքական իրագործում է, և անհատները, որքան էլ ուժեղ և տաղանդավոր լինեն, ոչինչ չեն կարողանա իրագործել, եթե ապրեն ու աշխատեն մարդկային հավաքականությունից անջատ: Եկեղեցական համայնքը ի Քրիստոս համախմբած մարդկանց հավաքականությունն է («եկեղեցի» բառը հունարեն «էկլեսիա — εκκλησία» բառից է, որ նշանակում է մարդկանց հավաքականություն), որ կարևորում է Աստծո պարգևը հանուն ուրիշի բարիքի գործածելու սկզբունքը, որը լավագույն զոհաբերությունն է Աստծուն կյանքի պարգևի դիմաց, լավագույն գոհանակությունը Աստծուն, որ արտահայտվում է ոչ միայն խոսքերով, այլ նաև գործերով: Հունիսի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Փահլևանյան Սուսաննային (45 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Փահլևանյան բազմազավակ ընտանիքը բնակվում է ք. Էջմիածնի Նոր Եվդոկիա 10 հասցեում: Հինգ զավակներից կրտսերը՝ Գևորգը (13 տ.), տառապում է թույլ արտահայտված ԴՑՊ հիվանդությամբ, կուրությամբ և ծանրալսողությամբ: Նա սովորում է Էջմիածնի Ե. Օտյանի անվան թիվ 7 ներառական դպրոցում: Ընտանիքն այժմ ֆինանսական խնդիրներ ունի. ոչ ոք չի աշխատում, իսկ նվազագույն կարիքները փորձում է հոգալ ընտանեկան նպաստի և Գևորգին տրամադրված հաշմանդամության գումարով: Ընտանիքի մայրը՝ Սուսաննան, իր երախտագիտությունը հայտնեց Վարդանյան ընտանիքին՝ օգնության ձեռք մեկնելու համար:
Կարինե Սուգիկյան