Գրքեր

Մարդը ընդդմեմ իր իսկ ազատության

21-րդ դարում համաշխարհային գլոբալիզացիայի գործընթացների պայմաններում մշտապես շեշտվում է մարդու իրավունքների, արժանապատվության, ազատության գերակայությունը: Այս ամենը խոսում է մարդու առաջադեմ հայացքների և հումանիզմի շեշտադրման մասին: Բայց իսկության մեջ մարդկությունը, հատկապես Արևմուտքը, արժեհամակարգային ճգնաժամի առջև է կանգնելու, քանի որ աստիճանաբար, իսկ այժմ սրընթաց կերպով հրաժարվում է այն արժեքներից, որոնք եղել են հոգեկերտվածքի և հասարակության զարգացման խթանները: Այս պայմաններում ավելի զգալի են դառնում քաղաքակրթությունների հակամարտությունները արտաքին հարաբերություններում ու մարդու ներքին ազատության քրիստոնեական բարոյական նորմերից հրաժարումը: Ներկա գլոբալ քաղաքական տենդենցները տանում են այն ուղղությամբ, որտեղ մարդը ևս մեկ անգամ փորձում է անտեսել հոգևոր սկզբունքների վրա խարսխված ազատությունը՝ ի նպաստ որակապես ցածր և կենդանական բնազդներով առաջնորդվող ազատության: Արդյունքում անհատի կյանքում խաթարվում է հոգու և մարմնի ներդաշնակ հարաբերությունը, որից ծնվում են ագրեսիա և բռնություն, որի արտացոլումը նաև տեսնում ենք համաշխարհային իրադարձություններում: Հավատի նորմերից հրաժարումը մարդկության այն ձգտումն է, որը եղել է ի սկզբանե, թեև ներկայումս այն երբեմն կերպափոխումներով ներկայացվում է որպես ժամանակակից, նորարարական և առաջադեմ մշակույթի ձգտում և արժեհամակարգ: Սա աստվածամերժ քաղաքական մեթոդոլոգիայի գայթակղիչ մի խայծ է հատկապես հոգևոր պատմության մակերեսային իմացություն ունեցող երիտասարդի համար: Սուրբ գիրքը վկայում է, որ Եդեմական պարտեզում մարդկությունն իր պատմությունը ձևավորեց հենց այդ սկզբունքով՝ փորձելով խույս տալ Արարչից ու Նրա կամքից: Սակայն մարդու ազատությունը նշանակում է լինել այնպիսին, ինչպիսին Աստված է նրան ստեղծել, և յուրաքանչյուր քայլին մարդը պատասխանատու և հաշվետու է Երկնավոր Հոր առջև: Մարդու մեղքն է, որ ստիպում է նրան Աստծուց անկախություն փնտրել, և այս որոնումները փախուստ են ոչ միայն Աստծուց, այլև ինքն իրենից, քանի որ մարդը Աստծո արարածն է, և նրա էության նույնիսկ ամեն մի նշույլը մշտապես վկայում է Աստծո գոյությունը: Կոռնելիոս Վան Թիլը նշում է, որ եթե մեղավոր մարդը ողջ տիեզերքում գտնի գեթ մի կոճակ, որը սեղմելը նրան կտա Աստծուց անկախության զգացումը, ապա մարդը մշտապես ու միմիայն այդ կոճակը կսեղմի: Սակայն նման կոճակ գոյություն չունի: Մարդն անխուսափելիորեն Աստծո արարածն է, և Աստծո մեջ են նրա ողջ ազատությունն ու փառքը: Առանց Աստծո մարդը ոչինչ է: Աստծուց փախուստ որոնելը մարդու համար նշանակում է որոնել անհնարինը: Մարդը չի կարող խուսափել Աստծուց, Ով ամենագո է: Փախուստի ոչ մի հնարավորություն չկա, որովհետև չկա մի այլ տիեզերք, գեթ մի փաստ կամ ատոմ անգամ, որ Աստծո կողմից ստեղծված չլինի: Արարչից թաքնվելու ոչ մի տեղ գոյություն չունի: Հավատամքներն ու եկեղեցական ժողովներն Աստծո գերագույն իշխանության իրենց աներեր պնդումով մեկընդմիշտ հաստատում են մարդու արարված լինելը: Այս հավատի մեջ է միակ հույսը: Բայց մարդ-Աստված խզումը գալիս է այն ակունքներից, որտեղ մարդը վճիռ կայացրեց հեռանալ աստվածային դավանության հիմնադրույթներից` վիճարկելով Արարչի հաստատած ազատության դավանության սկզբունքները: Աստվածային կամքի գործադրումը դիտարկվեց որպես մարդկային կամքի սահմանափակում և շահագործում: ՈՒստի, մարդը ցանկացավ կախում չունենալ նույնիսկ Երկնավոր Հորից և ինքներեն կերտել իր կյանքի հավիտենականությունը և մշտնջենավորությունը: Այսուհետ մարդու արարքները դարձան միայն իր անձնական կամքի գործադրումը` մերժելով աստվածային ազատության դավանությունը: Մարդու ձգտումը դարձավ այն իրողությունը, որ եթե կարող է դուրս գալ Աստծո նախախնամության հոգածությունից, այդ դեպքում իր անհատականությունը կարող է դառնալ բացարձակ անկախ ամեն ինչում` իր առջև չունենալով որևէ նախախնամական միջամտություն: Ներկայումս փորձ է արվում այսպիսի գլոբալ քաղաքակրթություն կերտել, որն ինքնակենտրոն է: Սակայն այսպիսի կեցության պարագայում առաջանում է բախում, որովհետև անհատը ձգտում է ստեղծել իր սահմանները ի հաշիվ նաև այլ անհատների ազատության: Ամեն մարդ բացահայտում է, որ կա ազատություն, բայց այս դեպքում ամեն անհատականություն ազատությունը ձևակերպում է իր աշխարհայացքին, ցանկություններին, ձգտումներին համապատասխան՝ անտեսելով աստվածային նախախնամության պատգամները: Այստեղ է, երբ առաջանում է մեկը մյուսի ազատությունը սահմանափակելու իրողությունը: Եվ այն դառնում է պետությունների քաղաքականություն, երբ ավելի ուժեղ պետությունը տարբեր միջոցներով պարտադրում է իր ազատության հասկացության կեցությունը մյուսներին: Բայց մարդու մեջ գործում են լավի ու վատի գնահատանքի գիտակցությունը և ազատության դավանության չափորոշիչը, որը որոշիչ դեր է կատարում մարդկության համերաշխության հաստատման կամ առճակատումների գործում: Բազում երևույթներ կարելի է նշել, որոնք առիթ են դառնում մարդկության միասնականության խաթարման և համերաշխության համար: Այնուամենայնիվ, անդրադառնալով հոգևոր ակունքներին, կարելի է ասել, որ մարդկությունն այս ասպարեզում ավելի մեծ հաջողությունների է հասել միասնության սկզբունքների մեջ, քան արտաքին քաղաքական փոխհաղորդակցության մեջ: Հոգևոր ճշմարիտ հանդիպումները, խորհրդակցությունները առավելապես հիմնվում են հոգեկան փոխադարձ բարեկամության վրա, քան շահադիտական, քաղաքական հարթության վրա: Բայց և այնպես մարդկության միասնության, համերաշխության կյանքի կոչված ծրագրերը հաճախ մնում են իբրև լոզունգներ, տեսություններ, որովհետև մարդիկ մնում են նույն շահադիտական նկրտումներով լեցուն` մոռանալով աստվածային սիրո պատվիրանը:
Անսահմանափակ ազատությունը ճշմարիտ ուղին է: Բայց Աստվածաշունչը մարդու ազատությունը բնորոշում է որպես չափավոր ազատություն ու չափավոր ուժ: Քանի որ մարդը մնում է մարդ, ապա այլ կերպ լինել չի կարող: Կարո՞ղ է արդյոք վերադառնալ իր ծննդյան ժամանակը և վերադառնալ նախորդ դար: Արդյո՞ք կարող է սահմանել իր մահվան ժամանակը կամ իր առողջական կամ նյութական դրությունը: Բոլոր կետերում էլ մարդը սահմանափակված է, քանի որ նա արարված և սահմանավոր էակ է: Մարդու իրական ազատությունը սահմանափակ ազատությունն է, և նրա զորությունը սահմանափակ զորությունն է: Այնուամենայնիվ նա ունի անսահմանափակ ազատություն երևակայության դաշտում, վիրտուալ աշխարհում: Բայց այլ դիտանկյունից նայելիս Ջովանի Պիկո դելա Միրանդոլան ազատության մասին ասում է, որ մարդը տիեզերքի ամենաազատ էակն է, մեծագույն հրաշքը, որը սահմանափակված չէ որևէ բնական տեղով: Աստված մարդուն շնորհել է ազատ կարգավիճակ, որպեսզի նա ինքն ընտրի իր տեղը և ապրելակերպը, ինքը կերտի իր բնությունը: Մարդու մեծությունը հենց այն է, որ ինքն է ընտրում իր տեղը, ինքն է որոշում իր բախտը: Մարդուն տրված է լրիվ ազատություն ինքն իրեն կերտելու համար: Նա կարող է իջնել կենդանու մակարդակին և կարող է հասնել հրեշտակային կատարելության. ամեն ինչ կախված է նրա ընտրությունից, կամքից և բարոյական վարքագծից: Միևնույն է, այս ամենն իմանալով հանդերձ, մարդկության մի հատվածը, հատկապես երիտասարդության ստվար մի մասը, գնալու է որակապես ցածր ազատության ճանապարհով՝ նախընտրելով մեղավոր ցանկություններով առաջնորդվելը: Բայց այս ուղին հաճախ աննկատ կերպով խաթարելու է հոգու և մարմնի ներդաշնակ միասնությունը: Իսկ դրա արդյունքն ուշ, թե շուտ արտահայտվելու է և ցավ է պատճառելու մարդուն: Արդ, գիտության մեջ Լապլասի հետևյալ նախադասությունը՝ մենք տիեզերքի ներկա վիճակը պետք է նայենք որպես նախկին վիճակի արդյունք և ապագա վիճակի պատճառ, դառնում է ավելի շեշտադրված և ժամանակակից մարտահրավերների վկայակոչում: Ի վերջո մարդը պետք է հասկանա, որ իր ազատությունը չի սահմանափակվում Աստծո, Նրա կամքի և պատվիրանների կողմից, այլ, ընդհակառակը, նա արարվել է Աստծո նախախնամությամբ երկրի վրա իշխելու համար և իր կոչումն իրագործելու համար նա վերածնվում է Հիսուս Քրիստոսի մեջ, ՈՒմ շնորհի միջոցով նրա ազատությունը դառնում է անսահման՝ հիմնված աստվածային սիրո վրա: Այս պարագայում մարդը կարիք չի զգում վերադառնալու դեպի այն կետերը, որոնք անցել է, այլ շարժվում է առաջ դեպի այն արժեքները, որոնք ներդաշնակ են դարձնում իր կյանքը, հոգեղեն զորությամբ լցնում և արտացոլում իրական ազատությունը, ինչպես բանաձևում է սբ. Պողոս առաքյալը. «Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց ոչ ամեն բան՝ օգտակար: Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց պետք չէ, որ որևէ բանի իշխանության տակ լինեմ» (Ա Կորնթ. 6.12): Այստեղ է, որ բեկոնյան «Ճանաչել նշանակում է կարողանալ», և Օգյուստ Կոնտի` «Իմանալ նշանակում է կանխատեսել» կանխադրույթները բացահայտում են կյանքի ճշմարիտ իրականությունն ու ուղին, որովհետև կյանքի հավատամքի մեջ Աստծուն վերացնելու յուրաքանչյուր փորձ վերացնում է մարդուն և իր ազատությունը:


Հովհաննես սրկ. Մանուկյան

 
31.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․