Չորս ավետարանիչներից միայն Ղուկասն է նկարագրում Հովհաննես Մկրտչի մայր Եղիսաբեթին կատարած Մարիամի այցելությունը: Երբ Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Կույս Մարիամին նրա հղության ավետիսն է տալիս, ասում է նաև. «Ահա քո ազգական Եղիսաբեթն էլ, չնայած, որ ծեր և ամուլ էր, այս վեցերորդ ամիսն է, ինչ հղի է: Իմացիր, որ Աստծո համար անկարելի բան չկա» (Ղուկաս 1:36-37):
Շարունակության մեջ Ղուկաս ավետարանիչը գրում է. «Նույն օրերին Մարիամը ճանապարհ ընկնելով շտապ գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը: Այնտեղ Զաքարիայի տուն մտնելով՝ Եղիսաբեթին ողջույն տվեց» (Ղուկաս 1:39-40): Եղիսաբեթը Մարիամին դիմավորում է հետևյալ խոսքերով. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է այն զավակը, որ կրում ես քո որովայնում: Ինչպիսի՜ երջանկություն, որ իմ Տիրոջ մայրն այցելում է ինձ, որովհետև երբ քո ողջույնը լսեցի, երեխաս ուրախությամբ շարժվեց իմ որովայնում» (Ղուկաս 1:42-44): Այստեղ Ղուկաս ավետարանիչը ներկայացնում է ցնծության այն օրհներգությունը, որ կոչվում է «Մեծացուսցէ» և քրիստոնեական բոլոր եկեղեցիների ժամասացությունների մաս է կազմում:
Ղուկասի ավետարանում շարադրված Մարիամի և Եղիսաբեթի հանդիպման պատմության վրա է հիմնված ավետարանական այս դրվագի պատկերագրությունը: Քրիստոնեական արվեստում այն անվանվում է Մարիամի և Եղիսաբեթի ողջագուրում:
Այս տեսարանի պատկերագրական հիմնական կառույցը հետևյալն է. Եղիսաբեթը պատկերվում է տան մուտքի մոտ՝ Մարիամին ընդունելիս: Նրանք գրկախառնվում են: Նրանց դեմքերը դիտողի կողմն են շրջված: Պատկերագրության մեջ սա ծանոթ հորինվածք է, որը վաղքրիստոնեական ժամանակներից սկսած նկատելի փոփոխության չի ենթարկվել: Եղիսաբեթը պատկերվում է ավելի տարեց, նրա զգեստներն ավելի մուգ են և խամրած: Տիրամայրը կրում է վառ և պայծառ հանդերձներ: Նրանց հետ երբեմն պատկերվում են նաև Զաքարիան և Հովսեփը: Զաքարիան՝ Եղիսաբեթի ամուսինը, քահանա է, ուստի պատկերվում է քահանայական հանդերձներով և ձեռքին բուրվառ: Հովսեփը պատկերվում է ավանակը կողքին և ցուպը ձեռքին: Եղիսաբեթի հետ պատկերվում է նաև նրա աղախինը, որը բարձրացնում է տան մուտքի վարագույրը՝ ի նշան արևելյան հյուրընկալության: Մարիամի հետ էլ երկու կին կա: Ավանդույթներից մեկի համաձայն՝ այս երկուսը հետագայում Հիսուսի ծննդյան ժամանակ Տիրամորն օգնած կանայք են:
Եղիսաբեթի որովայնի մանուկը՝ Հովհաննես Մկրտիչը, անվանվում է որովայնից երկրպագող: Քանի որ, ինչպես Ս. Գրիգոր Տաթևացին է գրում, Քրիստոսի նախակարապետն իր ցնծությունը արտահայտեց խայտալով, քանի որ որովայնում խոսել չէր կարող: Այս միտքն իր պատկերավոր արտահայտությունն է գտել միջնադարյան պատկերներում: Հանդիպում են նկարներ, որոնցում Մարիամի և Եղիսաբեթի որովայներում պատկերվում են դեռևս լույս աշխարհ չեկած Հիսուս և Հովհաննես Մկրտիչը:
Հայկական մանրանկարչության մեջ առաջին և հնագույն նմուշները գտնում ենք 10-11-րդ դարերում Աղթամարի որմնանկարներում և Վազգեն վեհափառի անունը կրող Ավետարանում:
Ռշտունիքի Ս. Հակոբ եկեղեցու որմնանկարներից մեկում Մարիամը ձեռքը գցել է Եղիսաբեթի ուսին, իսկ աջով օրհնում է: Սրանից աջ մի փոքրիկ ֆիգուրա է պատկերված՝ դեմքը և ձեռքերը վեր պարզած: Ֆրանսիացի մասնագետ Մ. Թիերին, ով իր «Վասպուրականի հայկական հուշարձանները» ակնարկաշարում ունի մի հատված նվիրված Ս. Հակոբ եկեղեցու որմնանկարներին, ենթադրում է, որ դա կարող է լինել կույսերից մեկի ծառայողը կամ որևէ այլ տեսարանից պահպանված մի հատված: Եթե թեմական հաջորդականությամբ դիտենք, ապա այստեղ պետք է, որ «Ծնունդը» լինի: Այդ դեպքում պահպանված փոքրիկ ֆիգուրը կարելի է վերագրել Հիսուս Մանկան աստղը ցույց տվող ու ծնունդը փառաբանող երիտասարդ հովվին:
Ավետումն ու ողջագուրումը հաջորդաբար, մեկ պատկերի շրջանակում ներկայացված են Մուղնիի Ավետարանում (11-րդ դար): Նկարի վերին մասում ավետումն է, ներքևում՝ Մարիամի և Եղիսաբեթի ողջագուրումը: Սովորաբար պատկերվում են Մարիամն ու Եղիսաբեթը ողջագուրվելիս, կամ Եղիսաբեթը Մարիամի առջև խոնարհված, ծնկի եկած, օրհնաբանելիս: Հայկական արվեստում, այս թեմայի պատկերագրական կերպում, օրինակ Մուղնիի Ավետարանում, Եղիսաբեթը թեթև խոնարհվելով ողջագուրվում է Մարիամի հետ: Ողջագուրումը տեղի է ունենում խորան հիշեցնող լուսավոր կամարի առջև: Դա խորհրդանշում է, որ Տիրամայրը՝ իբրև լուսո խորան, իր մեջ կրեց մարդկության Փրկչին:
Կազմեց Գայանե Սուգիկյանը