23 Դեկտեմբեր, Բշ
Սեպտեմբերի 26-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Էկումենիկ հանդիպում, որին մասնակցում էին Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների 39 պետեր և ներկայացուցիչներ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին ներկայացնող Գերաշնորհ Տ. Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և Նվիրապետական Աթոռների միաբաններ:
Քրիստոնեական Եկեղեցիներից և կազմակերպություններից էկումենիկ հանդիպմանը ներկա էին Ղպտի Ուղղափառ Եկեղեցու, Ասորի Ուղղափառ Եկեղեցու, Հնդիկ Մալաբար Եկեղեցու, Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Հույն Ուղղափառ Պատրիարքության, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքության, Ռուս Ուղղափառ Եկեղեցու, Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու, Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու, Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու, Չեխիայի Ուղղափառ Եկեղեցու, Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցու, Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու, Հույն Կաթոլիկ Եկեղեցու, Ասորի Կաթոլիկ Եկեղեցու, Հայ Կաթողիկե Եկեղեցու, Անգլիկան Եկեղեցու, Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցու, Սան Էջիդիո համայնքի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակություններն ու ներկայացուցիչները:
Հանդիպումն սկսվեց Նորին Ամենապատվություն Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ և Պատրիարք Թեոդորոս Բ-ի աղոթքով, ապա ներկաներին բարիգալստյան խոսք ասաց հանդիպման համակարգող, ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Սրբազան Հայրն իր խոսքում անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և հայ ժողովրդի կյանքում Սրբալույս Մյուռոնի օրհնության կարևորությանը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարում Քրիստոնեական Եկեղեցիների կողմից հայ ժողովրդին ցուցաբերված զորակցությանը:
Այնուհետև աշխարհի տարբեր կողմերից Մայր Աթոռում համախմբված եկեղեցականներին իր հայրապետական ողջույնը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Սիրելի հոգևոր եղբայրներ ի Քրիստոս,
Մեզ համար մեծ գոհունակություն է ողջունել Ձեզ ամենքիդ՝ Քույր Եկեղեցիների Հովվապետերիդ և ներկայացուցիչներիդ, մեր Եկեղեցու առաջնորդներիդ համայն հայության հոգևոր սրբազան կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սրբալույս Մյուռոնի օրհնության համազգային մեծ տոնին Ձեր աղոթակցությունը զորակցությունն է մեր Սուրբ Եկեղեցուն և քրիստոսասեր մեր ժողովրդին, որ առ Բարձրյալն Աստված գոհաբանական իր աղոթքն է երկինք բարձրացնում սաղմոսերգուի խոսքերով. «Զի բարի կամ զի վայելուչ, զի բնակեն
եղբարք ի միասին» (Սղմ. ՃԼԲ 1): Այս հոգեպարար առիթով ի Քրիստոս մեր եղբայրական ջերմ սերն ու բարեմաղթանքներն ենք հղում քրիստոնեական Եկեղեցիների մեծ ընտանիքի բոլոր Հովվապետերին` աղոթելով Քրիստոսի Սուրբ Եկեղեցու hավետ պայծառութեան համար:
Սիրելիներ, Հայաստանյայց Սուրբ եկեղեցին, իբրև Քրիստոսի ընդհանրական ու խորհրդավոր մարմնի մի անդամ, վաղը ևս մեկ անգամ կատարելու է քրիստոնեական մեր հավատքի մեծագույն խորհուրդներից մեկը՝ օրհնելու է սրբալույս Մյուռոնը: Իբրև Հայաստանյայց Եկեղեցու միասնականության ու անբաժանելիության խորհրդանիշ` սրբալույս Մյուռոնն օրհնվելուց հետո տարածվելու է աշխարհի բոլոր կողմերում, ուր մասնավորապես Հայոց Ցեղասպանության հետևանքով տարագրության ճանապարհը բռնած մեր ժողովուրդը անդորր ափերի փնտրտուքով հանգրվան է գտել և հաճախ աղոթել ու իր հոգու սնունդը ստացել արդեն իր երկրորդ հայրենիքը դարձած երկրի քրիստոնյա իր եղբայրների ու քույրերի հետ` անսասան պահելով իր հավատքն ու իր քրիստոնեական ինքնությունը` իբրև Հայաստանյայց Եկեղեցու հավատարիմ զավակ: Հայոց Եկեղեցին այդ դառն ու դժնդակ տարիներին ապավինել է Քրիստոսի միասնական ու խորհրդական մարմնի անսպառ ուժին ու զորությանը:
Այս նվիրական օրերին էլ Մենք աղոթում ենք մեր քրիստոնյա եղբայրների ու քույրերի հետ, որպեսզի Սուրբ Հոգու շնորհներն անսպառաբար հեղվելով սրբալույս Մյուռոնի մեջ, զարդարեն ամենքիս քրիստոնեական հավատի ու առաքինությանց նվիրական շնորհներով: Աշխարհում մարդկային կյանքի, աստվածատուր պատվիրանների ու քրիստոնեական արժեքների պահպանման դժվարին ճանապարհին այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է մի նոր Հոգեգալուստ, սրբազան առաքյալների օրինակով համախմբման մի նոր Վերնատուն: Մենք գոհունակություն և փառք ենք տալիս Աստծուն, որ ներկա դարաշրջանում քրիստոնյաները գիտակցում և խոր ըմբռնումով են ընկալում քրիստոնեական եղբայրության և փոխադարձ սիրո աստվածատուր պատվիրանը:
Սրբալույս Մյուռոնի օրհնությունը ևս մի առիթ ու օրինակ է, որով թանձրացյալ կերպով արտահայտվում է Ձեր եղբայրական սերը հանդեպ հայ ժողովուրդն ու Հայ Եկեղեցին: Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակությանց շարքի մեջ սրբալույս Մյուռոնի օրհնությունը կարևորագույն նշանակություն ունի. այն հիշեցնում է մեզ հոգևոր վերածնունդի անհրաժեշտության մասին: Վերածնունդ, որտեղ խառնվում և միավորվում են մեր հայրերից եկող սրբազան ավանդությունն ու նոր սերունդների քրիստոնեական հավատքի տեսլականը, Եկեղեցու պատմության փառավոր էջերն ու ապագայի քրիստոնեական առաքելության ճանապարհը` ի փառս Քրիստոսի Սուրբ Եկեղեցու:
Հիրավի, չկա ավելի մեծ ու իրական, շոշափելի իրողություն, քան տարբեր եկեղեցական ավանդությանց կրողների միասնական աղոթքն ու համախմբումը Տիրոջ Սուրբ Սեղանի շուրջ: Մեր աղոթքն է առ Ամենաբարձրյալն Աստված, որ Տերը զորացնի Իր Սուրբ Եկեղեցին, պարգևի մեզ ճանաչելու սիրո և միության ճշմարիտ ոգին, ինչպես որ իր խաչելությունից առաջ Նա պատգամեց մեզ. «Որպէս սիրեաց զիս Հայր, և ես սիրեցի ձեզ. հաստատուն կացէք ի սէր իմ» (Հովհ. ԺԵ 10):
Թող մեր Տիրոջ սերն ու շնորհը լինեն ամենքիս հետ, թող Սուրբ Հոգին Աստված Իր առատաբուխ շնորհներով օրհնի ամենքիս` կատարելու Նրա ամենասուրբ կամքը` ի փառս Սուրբ Երրորդության և ի շինություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու. ամեն», - ասաց Վեհափառ Հայրապետը:
Հավարտ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքի, ողջույնի խոսքերով հանդես եկան Նորին Ամենապատվություն Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ և
Պատրիարք Թեոդորոս Բ-ը, Ղպտի Ուղղափառ Եկեղեցուց Հյուսիսային Սինայի եպիսկոպոս Նորին Սրբազնություն Կոզման, Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի անունից Կաթոլիկ Եկեղեցու Արևելյան Եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին, Ասորի Ուղղափառ եկեղեցուց Բեյրութի Միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Մոր Կլեմես Դանիել Խուռին, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ի ներկայացուցիչ Տամբովի և Ռասկազովսկու միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Թեոդոսիոսը, Ռումին Ուղղափառ Եկեղեցուց Տրանսիլվանիայի Միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Լավրենտիոս Ստրեզան, Հնդիկ Մալաբար Եկեղեցուց Մումբայի Միտրոպոլիտ Նորին Ամենապատվություն Գևարգհես Մար Կուրիլոսը, Մելքիթ Կաթոլիկ Եկեղեցու պետ, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Ամենապատվություն Գրեգորիոս Գ Լահհամը, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքի Նորին Ամենապատվություն Մորան Մոր Բեչարա Բուտրոս ալ Ռահի պաշտոնական ներկայացուցիչ Նորին Սրբազնություն Պաուլ արքեպիսկոպոս Սայան, Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցուց Ֆինլանդիայի և Տուրկուի արքեպիսկոպոս Վերապատվելի Կարի Մակինենը և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ներկայացուցիչ վերապատվելի Դանիել Բուդան:
Էկումենիկ հանդիպումը եզրափակվեց Կարդինալ Լեոնարդո Սանդրիի աղոթքով: