26 Նոյեմբեր, Գշ
Մայիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ եպիսկոպոսների հավաք։
Ժողովին ներկայացվեց կարիքավոր ընտանիքներին ի նպաստ Մայր Աթոռի և թեմերի կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը։
Ըստ այդմ՝ մարտի 13-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Սուրբ Էջմիածնի միջոցներով, սփյուռքյան թեմերից և անհատ բարերարներից ստացված նվիրաբերությունների շնորհիվ Մայր Աթոռն իրականացրել է աջակցության ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 288.000.000 (երկու հարյուր ութսունութ միլիոն) ՀՀ դրամ գումար։
ա․ Սոցիալական ոլորտ
Սոցիալական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 134․400․000 (հարյուր երեսունչորս միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ։
1․ 20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամ փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բացված պետական հաշվեհամարին,
2․ 100․600․000 (հարյուր միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ գումար հատկացվել է պարենային ծրագրին։ Հայոց Եկեղեցու կողմից այս շրջանում պարենային սննդի փաթեթներ են բաշխվել շուրջ 3828 ընտանիքի (17563 անձ), այդ թվում՝
- Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող բարեգործական հինգ ճաշարանների 900 շահառուների,
- Էջմիածնի քաղաքապետարանի հետ համագործակցաբար 268 ընտանիքի,
- Հայաստանի և Արցախի թեմերի միջոցով՝ 3327 ընտանիքի,
- Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչության միջոցով՝ պրոբացիայի ծառայության 100 շահառուների ընտանիքների և նախկին դատապարտյալների 14 ընտանիքի,
3․ 13․800․000 (տասներեք միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի աջակցություն է ցուցաբերվել թեմերում սպասավորող քահանաների ընտանիքներին։
բ․ Առողջապահական ոլորտ
30.600.000 (երեսուն միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամի ձեռք են բերվել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ ու պարագաներ և փոխանցվել ՀՀ Առողջապահության նախարարությանը։
գ․ Կրթական ոլորտ
1․ 83.000.000 (ութսուներեք միլիոն) ՀՀ դրամով ձեռք են բերվել 1600 պլանշետներ հեռավար կրթությանն աջակցելու նպատակով։ 1300-ը տրամադրվել
է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը համապատասխան բաշխման համար, 300 պլանշետ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից հատկացվել է «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի սաներին։
2․ 40.000.000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամ հատկացվել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի ՀՀ քաղաքացի հանդիսացող աշակերտների և մանկավարժների Հայաստան փոխադրության կազմակերպման համար։
Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև համավարակի հաղթահարմանն ուղղված նոր ծրագրերի հնարավորությունները։
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը, քաջառողջության իր բարեմաղթանքները փոխանցելով ներկաներին, ընդգծեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հոգևոր դասով պիտի շարունակի կարելին անել՝ այս իրադրության մեջ զորակցություն բերելով իր հավատավոր զավակներին Հայաստանում, Արցախում և սփյուռքի համայնքներում։ Նորին Սրբությունը վերահաստատեց, որ մշտական կապի մեջ է բոլոր թեմերի առաջնորդների հետ և հաղորդ համավարակի հետևանքներով առաջացած կարիքներին՝ դրանց հաղթահարման գործում կարևորելով նաև համայնքներում եկեղեցականների հովվական խնամատարական գործունեության աշխուժացումը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց, որ սահմանափակումների մասնակի վերացման ներկա պայմաններում մեր ժողովրդի կողմից դրսևորվի առավել զգաստություն և պատասխանատվություն համավարակի կանխարգելման բոլոր անհրաժեշտ միջոցառումների և պատկան կառույցների պահանջների կատարման հարցում և գերակայի քրիստոնեական սերն ու հոգատարությունը միմյանց հանդեպ։