Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման 3-րդ պատգամավորական ժողովը

Հուլիսի 2-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և նախագահությամբ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ, Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի դահլիճում սկսվեց ՀԵԵՄ 3-րդ պատգամավորական ժողովը:

Ժողովն սկսվեց միասնական Տերունական աղոթքով և «Սուրբ Աստված»-ի երգեցողությամբ, այնուհետև Արգենտինայի հայոց թեմի հոգևոր սպասավոր Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը հատված ընթերցեց Ս. Ավետարանից:

«Իմաստութիւն Հօր Յիսուս» աղոթքից հետո բացման և ողջույնի խոսք ասաց Հովնան Սրբազանը` երիտասարդներին հորդորելով նախքան ժողովի մեկնարկը մեկ րոպե լռությամբ ոգեկոչել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Այնուհետև Սրբազան Հայրը, խոսքն ուղղելով Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռները, Հայրապետական պատվիրակություններն ու թեմերը ներկայացնող 99 երիտասարդ պատգամավորներին, մասնավոր կերպով անդրադարձավ ՀԵԵՄ ստանձնած առաքելությանն ու անցնող շուրջ 15 տարիների ձեռքբերումներին` երիտասարդներին անվանելով Հայ Եկեղեցու առաքելությունը շարունակող նոր ժամանակների դեսպաններ:

«Փառք ենք տալիս Ամենակալ Աստծուն, որ ամենքիս քայլերը ևս մեկ անգամ առաջնորդեց դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ ծնունդ առավ Հայոց Եկեղեցին, որի հարազատ զավակները լինելու պատիվն ունենք բոլորս: Տարակույս չունենք, որ դուք բոլորդ այստեղ եք գտնվում ձեր հավատքի վկայությունը տալու, ի մասնավորի, ուխտ կատարելու, որպեսզի հանձնառու լինեք դառնալ Հայ Եկեղեցու խոնարհ սպասավորները: ՀԵԵՄ-ն արդեն նոր կառույց չէ և նվիրականացված է այն օրերից, երբ 1700-ամյակի տոնակատարությունները սկիզբ առան հայ ժողովրդի կյանքում: Անցնող ավելի քան տաս տարիների ընթացքում այս շարժումը տարածվեց թեմական և հովվական բոլոր կառույցներից ներս: Անկասկած, դեռ երկար ճանապարհ ունենք նույն այս կառույցի հիմքերն ամրապնդելու և ուղենշելու գործունեության նշանաբանն ու ոլորտները:… «Եկեղեցին մենք ենք»… Թո՛ղ սա լինի մեր կյանքի ու առաքելության նշանաբանը. Եկեղեցու առաքելությունը Աստծո խոսքի քարոզչությունն է: Եվ ՀԵԵՄ-ն այն կառույցն է, որ իր շարքերում է պահում վաղվա առաջնորդներին: Հետևաբար, անհրաժեշտ է, որ հոգևոր ու վարչական իմաստով կազմակերպվենք, որպեսզի մեր Սուրբ Եկեղեցին մշտապես լինի կյանք հաղորդող ներկայություն:…Ձեր հավատքն ու հույսը պետք է հաստատեք Աստծո վրա: Սա է մեր պատգամը` ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայ երիտասարդին: Երբ մեր հավատքն ու հույսը կապում ենք Աստծո հետ, այն ժամանակ ձգտում ենք ապրել կատարյալ կյանք, որ լցվում և զարգանում է Հիսուսի Ավետարանով, Նրա քարոզած սիրո վարդապետությամբ, Նրա կյանքի օրինակով և Նրա ամեն մի խոսքը մեր կյանքն առաջնորդում է դեպի իմաստություն: Ձեր նպատակն է դառնալ բարի օրինակ ամբողջ երիտասարդության համար: Կուզենանք տեսնել, որ դուք Հայ Եկեղեցու դերի մասին պատմեք յուրաքանչյուր երիտասարդի, կուզենանք տեսնել, որ դուք Հայ Եկեղեցուց հեռու մնացած ամեն մի հայ երիտասարդի բացատրեք, թե ի՛նչ նպատակի է ծառայում Հայ Եկեղեցին: Դուք մեր Եկեղեցու վաղվա հույսն եք, բայց որպեսզի ձեր զավակները մի օր ունենան աղոթքի հաստատուն տուն, ձեզ տրված է դառնալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վաղվա հոգևոր ճարտարապետը»,- ընդգծեց Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ողջույններն ու օրհնությունը ժողովականներին փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Երիտասարդաց բաժանմունքի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Պարույր աբեղա Շերնեզյանը: Շնորհակալություն հայտնելով մասնակցության հրավերի համար` վերջինս իր խոսքում անդրադարձավ երիտասարդի` եկեղեցական կայնքից ներս ներգրավվածության կարևորությանը և երիտասարդության հետ Կաթողիկոսարանի կառույցների կողմից տարվող աշխատանքին:

Եռօրյա ժողովի ընթացքում ՀԵԵՄ ընդհանուր ուղեցույցի, միջթեմական համագործակցության ծրագրերի և կառույցի ապագա անելիքների վերաբերյալ տեղի կունենան քննարկումներ: Երիտասարդ պատգամավորները նաև հանդես կգան թեմական շնորհանդեսներով` ներկայացնելով թեմերից ներս իրենց երիտասարդական կառույցների գործունեությունը:

02.07.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․