23 Դեկտեմբեր, Բշ
Հուլիսի 2-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և նախագահությամբ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ, Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի դահլիճում սկսվեց ՀԵԵՄ 3-րդ պատգամավորական ժողովը:
Ժողովն սկսվեց միասնական Տերունական աղոթքով և «Սուրբ Աստված»-ի երգեցողությամբ, այնուհետև Արգենտինայի հայոց թեմի հոգևոր սպասավոր Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը հատված ընթերցեց Ս. Ավետարանից:
«Իմաստութիւն Հօր Յիսուս» աղոթքից հետո բացման և ողջույնի խոսք ասաց Հովնան Սրբազանը` երիտասարդներին հորդորելով նախքան ժողովի մեկնարկը մեկ րոպե լռությամբ ոգեկոչել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այնուհետև Սրբազան Հայրը, խոսքն ուղղելով Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռները, Հայրապետական պատվիրակություններն ու թեմերը ներկայացնող 99 երիտասարդ պատգամավորներին, մասնավոր կերպով անդրադարձավ ՀԵԵՄ ստանձնած առաքելությանն ու անցնող շուրջ 15 տարիների ձեռքբերումներին` երիտասարդներին անվանելով Հայ Եկեղեցու առաքելությունը շարունակող նոր ժամանակների դեսպաններ:
«Փառք ենք տալիս Ամենակալ Աստծուն, որ ամենքիս քայլերը ևս մեկ անգամ առաջնորդեց դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ ծնունդ առավ Հայոց Եկեղեցին, որի հարազատ զավակները լինելու պատիվն ունենք բոլորս: Տարակույս չունենք, որ դուք բոլորդ այստեղ եք գտնվում ձեր հավատքի վկայությունը տալու, ի մասնավորի, ուխտ կատարելու, որպեսզի հանձնառու լինեք դառնալ Հայ Եկեղեցու խոնարհ սպասավորները: ՀԵԵՄ-ն արդեն նոր կառույց չէ և նվիրականացված է այն օրերից, երբ 1700-ամյակի տոնակատարությունները սկիզբ առան հայ ժողովրդի կյանքում: Անցնող ավելի քան տաս տարիների ընթացքում այս շարժումը տարածվեց թեմական և հովվական բոլոր կառույցներից ներս: Անկասկած, դեռ երկար ճանապարհ ունենք նույն այս կառույցի հիմքերն ամրապնդելու և ուղենշելու գործունեության նշանաբանն ու ոլորտները:… «Եկեղեցին մենք ենք»… Թո՛ղ սա լինի մեր կյանքի ու առաքելության նշանաբանը. Եկեղեցու առաքելությունը Աստծո խոսքի քարոզչությունն է: Եվ ՀԵԵՄ-ն այն կառույցն է, որ իր շարքերում է պահում վաղվա առաջնորդներին: Հետևաբար, անհրաժեշտ է, որ հոգևոր ու վարչական իմաստով կազմակերպվենք, որպեսզի մեր Սուրբ Եկեղեցին մշտապես լինի կյանք հաղորդող ներկայություն:…Ձեր հավատքն ու հույսը պետք է հաստատեք Աստծո վրա: Սա է մեր պատգամը` ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայ երիտասարդին: Երբ մեր հավատքն ու հույսը կապում ենք Աստծո հետ, այն ժամանակ ձգտում ենք ապրել կատարյալ կյանք, որ լցվում և զարգանում է Հիսուսի Ավետարանով, Նրա քարոզած սիրո վարդապետությամբ, Նրա կյանքի օրինակով և Նրա ամեն մի խոսքը մեր կյանքն առաջնորդում է դեպի իմաստություն: Ձեր նպատակն է դառնալ բարի օրինակ ամբողջ երիտասարդության համար: Կուզենանք տեսնել, որ դուք Հայ Եկեղեցու դերի մասին պատմեք յուրաքանչյուր երիտասարդի, կուզենանք տեսնել, որ դուք Հայ Եկեղեցուց հեռու մնացած ամեն մի հայ երիտասարդի բացատրեք, թե ի՛նչ նպատակի է ծառայում Հայ Եկեղեցին: Դուք մեր Եկեղեցու վաղվա հույսն եք, բայց որպեսզի ձեր զավակները մի օր ունենան աղոթքի հաստատուն տուն, ձեզ տրված է դառնալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վաղվա հոգևոր ճարտարապետը»,- ընդգծեց Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ողջույններն ու օրհնությունը ժողովականներին փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Երիտասարդաց բաժանմունքի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Պարույր աբեղա Շերնեզյանը: Շնորհակալություն հայտնելով մասնակցության հրավերի համար` վերջինս իր խոսքում անդրադարձավ երիտասարդի` եկեղեցական կայնքից ներս ներգրավվածության կարևորությանը և երիտասարդության հետ Կաթողիկոսարանի կառույցների կողմից տարվող աշխատանքին:
Եռօրյա ժողովի ընթացքում ՀԵԵՄ ընդհանուր ուղեցույցի, միջթեմական համագործակցության ծրագրերի և կառույցի ապագա անելիքների վերաբերյալ տեղի կունենան քննարկումներ: Երիտասարդ պատգամավորները նաև հանդես կգան թեմական շնորհանդեսներով` ներկայացնելով թեմերից ներս իրենց երիտասարդական կառույցների գործունեությունը: