17 Հուլիս, Եշ
Հունիսի 22-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և խորհրդակատար Տեր Մովսես քահանա Սահակյանի ուղեկցությամբ, ուխտի մեկնեց Սուրբ Էջմիածին՝ իր մասնակցությունը բերելու տոնական Սուրբ Պատարագին: Համայնքի աղոթքի ուղին ուղղված էր Հայոց աշխարհի և եկեղեցու խաղաղությանն ու անսասանությանը: «Մայր եկեղեցու ծնունդը Աստծու հոգածության և ողորմության հաստատումն է մեր ազգի հանդեպ: Երկնային Ճարտարապետի գծագրով կառուցվեց Սուրբ Էջմիածինն ու դարձավ մայրը հայկական մյուս բոլոր եկեղեցիների: Եթե մայրը սրբություն ու մեծագույն արժեք է հայի համար, ապա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարօրությունն ու պահպանությունը յուրաքանչյուր հայորդու պատիվն ու սրբազան պարտականությունն է: Ուստի աղոթենք Մայր եկեղեցու շինության համար, որպեսզի Տերն անխախտ պահի Հայ եկեղեցու հիմքերն և այն մշտական հիշեցում լինի բոլորին, թե որտեղ իջավ Խաչյալ ու Հարուցյալ Միածինը»,- ասաց Տեր Գրիգորը ուխտավորներին:
Բազմաթիվ ուխտավորներ էին համախմբվել Միածնաէջ սուրբ խորանի առջև՝ նշելու Մայր տաճարի հիմնադրման, ի Քրիստոս համազգային մկրտության և 301 թ. Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու նշանակալի իրողությունները: Սրբազնագույն խորհուրդը հնարավորություն տվեց ուխտավորներին՝ ընդհանրական աղոթք վերառաքելու առ Տեր: Հավարտ Սուրբ Պատարագի ուխտավորներն ունկդրեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տոնական ուղերձը, այնուհետև իրենց երկրպագությունը բերեցին Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներին՝ հայցելով Տիրոջից, որ Իր փրկարար Խաչի մասունքով, Աստվածամուխ Սուրբ Գեղարդով, սբ. Գրիգոր Լուսավորչի, սբ.Սահակ Պարթևի, սբ. Գրիգոր Նարեկացու և Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությամբ պահապան ու ապավեն լինի Հայոց ազգին ու եկեղեցուն:
Ուխտագնացությունը հոգեպես զորացրեց ուխտավորներին՝ անցնելու իրենց կյանքի ուղին Աստծու հետ հաղորդակցության և Նրա ներկայության մեջ այն հստակ գիտակցությամբ, որ «Տիրոջ բոլոր ուղիները ողորմություն և ճշմարտություն են նրանց համար, ովքեր պահում են նրա ուխտն ու վկայությունը» (Սաղմ. 24:10):
Կարինե Սուգիկյան