12 Հոկտեմբեր, Շբ
Հոկտեմբերի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Հայոց հոգևոր կենտրոն՝ մասնակից դառնալու Մայր Տաճարում մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողության առթիվ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը, ժամը 19:00-ին, Մայր Տաճարում մատուցվելու է Սուրբ Պատարագ՝ հայրենիքի խաղաղության և անսասանության, մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի, ինչպես նաև անհայտ կորած, գերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար։
Համայնքի ուխտի ուղին դեպի Հայոց հոգևոր կենտրոն հագեցած էր հայրենիքի, եկեղեցու և բանակի շենացմանն ու զորացմանն ուղղված աղոթքներով և հոգևոր մեծ ուրախությամբ, այն ուրախությամբ, որ ապրում է յուրաքանչյուր հայ քրիստոնյա Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաբացման առթիվ: Զրուցելով հայի կյանքում Մայր Տաճարի դերի ու նշանակության մասին՝ Տեր Գրիգորը հորդորեց ուխտավորներին մշտապես աղոթել Մայր եկեղեցու անսասանության համար, մայր եկեղեցու, որ կառուցվել է երկնային Ճարտարապետի գծագրով ու դարձել է մայրը հայկական բոլոր եկեղեցիների. «Եվ եթե մայրը սրբություն ու մեծագույն արժեք է հայի համար, ապա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարօրությունն ու պահպանությունն էլ պիտի լինի յուրաքանչյուր հայորդու պատիվն ու սրբազան պարտականությունը»:
Ուխտի Սուրբ Պատարագը Մայր Տաճարի սուրբ հարկից ներս բազմաթիվ ուխտավորների էր համախմբել: Եկեղեցու սրբազնագույն այս խորհուրդը յուրաքանչյուր քրիստոնյայի փրկության հիմքն է, քանի որ նրա շնորհիվ Քրիստոսի հետևորդն ուղիղ ու մշտական կապի մեջ է Քրիստոսի և սրբերի հետ։ Յուրաքանչյուր քրիստոնյայի հոգին ձգտում է այդ երանությանը՝ Քրիստոսի հետ հաղորդակցությանը: Քրիստոնյան ուրախանում է, երբ լսում է Տիրոջ նույն խոսքերը, ինչ լսեցին առաքյալները: Նա ուրախանում է, որ Տիրոջ ողորմածությամբ Աստծո տանը ներկա է Սուրբ Պատարագին, ուր ներկա է Ինքը՝ Աստված, Աստվածածնի, բոլոր սրբերի և հրեշտակների հետ միասին:
Կարինե Սուգիկյան