Գրքեր

Մայրությունը կնոջն Աստծուց տրված մեծագույն շնորհն է

Ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Ավետման տոնը` ևս մեկ անգամ անդրադառնալով աստվածաշնչյան գեղեցիկ պատմությանը, երբ Գալիլիայի Նազարեթ քաղաքում Գաբրիել հրեշտակապետը Ս. Մարիամին ավետեց Փրկչի մայրը դառնալու լուրը: Ավետման խորհրդի մասին մեզ հետ զրուցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

-Հայ´ր Սուրբ, ի՞նչ կարևորություն ունի Ավետումը մեզ համար, ի՞նչ էր ավետում Գաբրիել հրեշտակապետը մարդկությանը:

-Դարեր շարունակ այս բարի լուրը մեզ հիշեցնում է ոչ միայն մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին, այլ նաև այն պարզ ճշմարտության, որ Տերը միշտ մեզ հետ է: Իսկ Աստծո հաստատուն ներկայությունը մեր կյանքը լցնում է հույսով, հավատով և սիրով` իմաստավորելով և´ ներկան, և´ ապագան: Այն ցրում է անորոշությունն ու թերահավատությունը, մշուշն ու խավարը և մեր հոգիներն ու սրտերը ջերմացնում աստվածային լույսով: Հետևաբար` Ս. Կույսին տրված ավետիսը Տիրոջ կամքին հնազանդվելու և աստվածատուր կյանքն Աստծո հետ ապրելու խորհուրդն ունի: Եթե ընդունում ենք այն, ապա Աստվածամոր նման արժանանում ենք բազում շնորհների և պարգևների, որի վերջնական հանգրվանը երկնքի արքայության ժառանգումն է: Իսկ մերժելու դեպքում պարզապես ապրում ենք այս օրվա համար` մոռանալով Քրիստոսով ավետարանված հավիտենական կյանքի մասին:

-Հա´յր Սուրբ, ի՞նչ է սովորեցնում Տիրամոր կերպարը կանանց:

-Աստվածամոր առաքինի վարքը, մաքրակենցաղությունը, խոնարհությունն ու անսահման նվիրվածությունն իր զավակի հանդեպ օրինակելի են յուրաքանչյուր կնոջ համար: Մարիամը մի պարզ աղջնակ էր, որին Աստված ընտրեց` դառնալու Տիրոջ մայրը երկրի վրա, տեսնելու Նրա առաջին քայլերը, գրկելու, գուրգուրելու և խնամելու: Ս. Կույսը նաև ցավ ապրեց և տառապեց իր Որդու համար, բայց երբեք չերկնչեց և չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով իրեն վերապահված առաքելության կարևորությունը: Նա ցույց տվեց խոնարհության ճշմարիտ օրինակ և դարձավ Աստծո ձայնին անվերապահ անսացող, երբ ավետման ժամանակ առանց վարանելու հրեշտակին պատասխանեց. «Ահավասիկ մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1. 38): Ահա այս խոնարհությունն է ուզում տեսնել Աստված մեր մեջ, որպեսզի մեզ էլ Իր առաքելության մի մասնիկը դարձնի: Քրիստոսի Եկեղեցին Աստվածամոր անձի մեջ ընդգծում է նաև ճշմարիտ մայրության գաղափարը: Մի մայր, որը ոչ միայն ծնում և սնում է իր զավակին, այլև հոգ տանում, խրատում և դաստիարակում նրան` կենդանի օրինակ լինելով իր երեխայի համար: Նա այն անձնազոհ մայրն էր, որ հանուն մարդկության փրկության լուռ և անտրտունջ տարավ բոլոր տառապանքները` պատրաստ լինելով մեծ զոհաբերությանը: Այս առումով Տիրամորն են նմանվում բոլոր մեր քաջ և նվիրյալ այն մայրերը, որոնց զավակներն այսօր պահպանում են մեր սահմանները` հարկ եղած դեպքում պատրաստ լինելով Հայրենիքի սրբազան զոհասեղանին նվիրաբերելու անգամ իրենց կյանքը:

-Երջանկահիշատակ Գարեգին Ա Հովսեփյանց հայրապետի բնորոշմամբ` ընտանիքը նման է Եկեղեցու, որի քահանան մայրն է: Ո՞րն է կնոջ դերն ընտանիքում:

-Ժողովրդական խոսքն ասում է, որ տղամարդն ընտանիքի դրսի պատն է, իսկ կինը` ներսի` դրանով իսկ մեծ կարևորություն տալով կնոջ դերակատարությանը` իբրև մոր, կնոջ, ընտանիքի պահապանի և խաղաղության գրավականի: Ինչպես որ եկեղեցում մեծ է քահանայի դերակատարությունը, այնպես էլ ընտանիքում` կնոջ: Խելացի և համբերատար կինը կարող է շենացնել և ծաղկուն դարձնել իր ընտանիքը: Այսօր բազում դժվարությունների առաջ են կանգնած հայ կանայք` իրենց ամուսինների հետ հավասարապես կիսելով ընտանիքի հոգսերը: Փա´ռք ու պատի´վ նրանց, ովքեր անգամ այսպիսի պայմաններում շարունակում են իրենց կարևոր առաքելությունն ընտանիքում: Ուժ, կարողություն և համբերություն բոլոր այն մայրերին, ովքեր միայնակ մեծացնում են իրենց զավակներին`սիրով պարուրելով և գեղեցկացնելով նրանց ամեն մեկ օրը:

-Հա´յր սուրբ, մեր օրերում կնոջ բարոյահոգեբանական նկարագրի փոփոխություն է նկատվում. շատերը գուցե չեն էլ մտածում Աստվածամորը նմանվելու մասին:

-Իսկապես, վերջին տարիներին արժեքային համակարգի տեսանկյունից մեր կյանքում շատ բան է փոխվել: Մեր հասարակությունն աներևույթ հոգևոր պատերազմի մեջ է, և բազում մարտահրավերների առաջ կանգնած: Այսօր Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված մարդ արարածի ճգնաժամ է, երբ կեղծ արժեքների ներմուծմամբ և քարոզչությամբ փորձում են մարդուն կտրել իր Արարչից: Ստեղծված խառնաշփոթում շատ բան է այլափոխվել, այդ թվում նաև հայ կնոջ բարոյահոգեբանական նկարագիրը: Ո՞ւմ են ցանկանում այսօր նմանվել մեր աղջիկները, ովքե՞ր են նրանց համար տիպար օրինակներ` գլամուրային ինչ-որ դեմքեր, նորաձևության մոդելներ, անտաղանդ, բայց առերես «տաղանդավոր» ինչ-որ երգչուհիներ կամ դերասաններ, որոնց ստիպված ենք անընդհատ տեսնել և հանդուրժել եթերում ու կյանքում: Նյութապաշտության մոլուցքն ու սպառողական մտածողությունը վնասել են նաև հայ կնոջ տեսակին: Ցավոք, սոցիալ-տնտեսական պայմանների, գործազրկության, դեմոգրաֆիկ խնդիրների և այլ պատճառներով խաթարվել է նաև հայ տղամարդու կերպարը: Ֆինանսապես ինքնաբավ շատ հայ կանայք և աղջիկներ ցանկանում են զավակ ունենալ, բայց ոչ ամուսին և ընտանիք: Հաճախ գովազդվում և խրախուսվում է միայնակ մայրությունը: Եվ, երբեմն, տպավորություն է ստեղծվում, որ մեր հասարակության մեջ ասես չկան լավ և օրինակելի ընտանիքներ: Նման մտածողությունը վնասակար է մեր հասարակության համար: Երեխան պետք է մեծանա նորմալ ընտանիքում, որտեղ կան հայր և մայր, ուր թագավորում է սերն ու ջերմությունը, հավատարմությունն ու փոխադարձ հասկացվածությունը: Ահա այս ամուր հիմքերի վրա կառուցված ընտանիքն է մեր երկրի ապագան: Եթե մեկը ցանկանում է ամուր պետությունում ապրել, ապա առաջին հերթին պետք է ստեղծի իր ընտանեկան դրախտը`սիրո, նվիրվածության և հավատարմության հիմքի վրա: Վստահ եմ, որ մեկ օր հենց այսպիսի դրախտ ընտանիքների շնորհիվ մեր երազած դրախտի կվերածվի նաև հայոց մեծ ընտանիքը` մեր նորանկախ Հայրենիքը:

-Մայրությունը միայն զավակ ունենալը չէ, այլ նաև նրան դաստիարակելը` որպես գիտակից քրիստոնյա: Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ մայրիկներին: 

-Մայրությունը կնոջն Աստծուց տրված մեծագույն շնորհն է, որին պետք է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ: Ուշադիր նայեք ձեր շուրջը և կտեսնեք բազում կանանց, ովքեր անպտուղ են և չեն կարողանում զավակ ունենալ այս կամ այն պատճառով: Նրանց օրինակն աչքի առաջ ունենալով` գնահատեք և արժևորեք մայր դառնալու աստվածապարգև շնորհը: Ձեր զավակների մեջ սերմանեք բարի սերմեր և մնայուն արժեքներ, որպեսզի նրանք հասակ առնեն և դառնան արժանի զավակները ոչ միայն ձեր ընտանիքի, այլ նաև մեր Հայրենիքի: Ս. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Ավելի բարձր արվեստ չկա, քան դաստիարակությունը: Իմաստուն դաստիարակը կերտում է մի կերպար, որին նայելով ցնծում են և´ մարդիկ, և´ Աստված»: Ուստի ոչ մի պաշտոն կամ նյութական բարեկեցություն չեն կարող փոխարինել կամ ի հաշիվ մայրության լինել:

Հարցազրույցը`Մարիամ Ավետիսյանի 

Աղբյուրը ՝ http://www.aravot.am

07.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․