Մեղքի մեջ մատուցված Պատարագը

Մի անգամ Հելենոպոլսի ապագա եպիսկոպոս Պալադիոսը որոշեց սուրբ Մակարիոս Ալեքսանդրիացուն այցելել: Նրա խցին մոտենալով՝ դռան մոտ պառկած մի հիվանդի տեսավ: Դա հարևան գյուղի քահանան էր, ում գագաթոսկրը բացվել էր մաշկի քաղցկեղից: Տառապյալի հետ խոսելուց հետո Պալադիոսը զարմացավ, թե իր ողորմածությամբ հայտնի ու հրաշքներ գործելու շնորհով օժտված աբբա Մակարիոսը ոչ միայն չի բժշկել հիվանդին, այլ նույնիսկ չի ցանկացել տեսնել նրան:

Խուց մտնելով Պալադիոսը խնդրեց սրբին.

- Աղաչում եմ քեզ, գթա այս տառապյալին ու գոնե ինչ-որ պատասխան տուր նրան:

- Նա բժշկության արժանի չէ,- ասաց սուրբը,- Աստված նրան խելքի բերելու համար է այդպիսի հիվանդություն ուղարկել: Եթե ուզում ես, որ նա ապաքինվի, ապա խորհուրդ տուր նրան, որ այս պահից սկսած հրաժարվի Եկեղեցու խորհուրդները կատարելուց:

- Ինչո՞ւ,- հետաքրքրվեց Պալադիոսը:

- Այդ քահանան,- պատասխանեց սուրբ Մակարիոսը,- Պատարագ էր մատուցում շնության մեղքի մեջ լինելով և այժմ պատժվում է դրա համար: Եթե նա, վախից ելնելով, դադարի իր քահանայությունը, որ հանդգնում էր անել անփութությունից ելնելով, ապա Աստված կապաքինի նրան:

Պալադիոսը հիվանդին փոխանցեց սրբի խոսքերը և նա երդվեց այլևս քահանայություն չանել: Դրանից հետո սուրբը նրան թույլ տվեց իր մոտ մտնել և քահանան խոստովանեց իր մեղքը՝ խոստանալով այլևս մեղք չգործել և ծառայություն չմատուցել սուրբ սեղանի առջև: Ապաշխարությունն ընդունելով՝ սուրբ Մակարիոսը ձեռքը դրեց հիվանդի գլխին: Մի քանի օրից քահանայի գլխամաշկն ամբողջովին վերականգնվեց և նա, Աստծուն փառաբանելով և սրբին շնորհակալություն հայտնելով, տուն վերադարձավ միանգամայն առողջ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

10.05.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․