22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Ապրիլի 18-20-ը Աղվերանում մեկնարկեց «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի հերթական փուլի համաժողովը, որ կրում էր «Քրիստոնեական ազատության դրսևորման հնարավորությունը ընտանիքում» ընդհանուր խորագիրը: Համաժողովին մասնակցեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմերի հոգևորականներ և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) տարածաշրջանային պատասխանատուներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ, 2010 թվականից սկսյալ՝ իրականացնում է «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիրը, որ նպատակ ունի ընտանիք-դպրոց-եկեղեցի համագործակցության միջոցով նպաստել ընտանիքների առջև ծառացած արդի հիմնախնդիրների հաղթահարմանը:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, թեմից համաժողովին իր մասնակցությունն էր բերել նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Համաժողովի յուրաքանչյուր օր սկսվում էր Աստվածաշնչյան օրվա ընթերցումով և տվյալ հատվածի մեկնությամբ: Համաժողովի երրորդ օրն աստվածաշնչյան օրվա պատգամին (Հակոբոս 1:13-27) մասնակիցներին հաղորդ դարձրեց Տեր Վահանը:
Համաժողովի խորագրի ներքո բանախոսություններով հանդես եկան Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը, Արժանապատիվ Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը և տիար Վարանդ Քորթմոսյանը:
Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը, անդրադառնալով քրիստոնեական ազատության թեմային, մասնավորապես նշեց. «Առանց սահմանափակումների կարգավորում չի լինում, որի վառ օրինակն արարչագործության պատմությունն է: Տիեզերքի և մարդկային կյանքում դրված օրենքները կարգավորման նպատակ ունեն: Կարգավորման և իրական ազատության հասնելու համար անհրաժեշտ է սահմանափակել սանձարձակ ազատությունը: Ազատության ընկալումն առանց հոգևոր շերտի՝ մարդկային կյանքը վերածում է քաոսի: Ինչպես առանց մաքրագործման հնարավոր չէ իրական ազատություն, այնպես էլ առանց ազատության հնարավոր չէ մաքրագործում: Չորրորդ պատվիրանը՝ քրիստոնյաներիս համար կիրակի օրը սուրբ պահելու պատգամը, ուղղորդում է մարդուն ազատագրվելու նյութական իրականությունից և նվիրվելու հոգևոր իրականությանը»: Հայր Ռուբենը՝ որպես քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ, մատնանշեց սույն օրինակը, որ իրական ազատություն ձեռք է բերում միայն այն դատապարտյալը, ով բանտից դուրս է գալիս ապաշխարած:
«Հերթական համաժողովի թեմայի կարևոր առանձնահատկությունն այն էր, որ, հարազատ մնալով քրիստոնեական սկզբունքներին, դրսևորում ենք մեր աստվածատուր ազատությունը, որի սահմանը մինչև մեղքն է: Եթե յուրաքանչյուր քրիստոնյա ապրի այս գիտացությամբ, ապա կվայելի մեղքի գերությունից հեռու իրական ազատությունը: Համաժողովին մասնակից հոգևորականներիս ցանկությունն է մեր դպրոցականներին, իրենց ծնողներին և ուսուցիչներին սովորեցնել ապրելու աստվածային ազատությամբ, որպեսզի միշտ աստվածային պատգամները կատարողները լինեն, ինչն էլ իրենց համար կհանդիսանա իրական ազատության սահմանը»,- ասաց Տեր Վահանը:
Համաժողովի ավարտին մասնակիցներին ներկայացվեցին ծրագրային գործառույթները և իրականացվելիք գործունեության համակարգման ակնկալվող աշխատանքները:
Կարինե Սուգիկյան