25 Նոյեմբեր, Բշ
Մենօրիկ թիթեռը նստեց բազմամյա հապալասենու վրա ու սկսեց հիանալ այն ամենով, ինչ կարողացավ տեսնել.
- Ի՜նչ գեղեցիկ ու բարի է արևը: Իսկ ցո՜ղը. ոչ մի ակնեղեն չի կարող դրա հետ համեմատվել: Ի՜նչ կանաչ է մարգագետինը, ի՜նչ կապույտ՝ երկինքը: Իսկ օ՞դը: Նույնիսկ բառ չեմ գտնում այն նկարագրելու համար: Միայն մի բան կարող եմ ասել. փա՜ռք Աստծո ամեն ինչի համար:
«Այ քեզ բա՜ն, այսքան տարի ապրում եմ ու նման ոչ մի բան չեմ նկատել»,- մտածեց հապալասենին և բարձրաձայն ասաց.
- Ոչինչ, վաղն այս ամենը սովորական կդառնա քեզ համար:
- Վաղն ինձ համար արդեն չի լինի,- տխրությամբ պատասխանեց թիթեռը՝ աչքերը հավիտյան փակելով:
Իսկ հապալասենին ամոթով խոստովանեց իրեն, որ համարյա հարյուր տարվա ընթացքում ամենակարևորը չի տեսել, չի գնահատել այն ամենը, ինչ այդ թիթեռը հասցրեց իր կյանքի միակ օրվա ընթացքում տեսնել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարանի