«Մենք ժպտում ենք ձեզ, դուք ժպտում եք աշխարհին»

Առողջ ապրելակերպի համար անչափ կարևոր է երեխային դեռևս փոքրուց սովորեցնել անհրաժեշտ հիգիենիկ հմտություններին: Առողջությունը մարդու ֆիզիկական և հոգեկան հատկանիշների ամբողջությունն է, որի պահպանմանը նպաստում է օրվա լավ կազմակերպված ռեժիմը, այդ թվում նաև ատամների խնամքը:

Փետրվարի 21-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոն»-ում հենց այս նպատակն էին հետապնդում Հայկական Կարմիր խաչ ընկերության երիտասարդական բաժնի աշխատակիցներն ու կամավորները: Նրանք նախադպրոցական և դպրոցական տարիքի թվով երեսուն երեխաների հետ, «Առողջ ապրելակերպ»-ի շրջանակներում, «Բերանի խոռոչի հիգիենա» թեմայով կրթա-տեղեկատվական դասընթաց անցկացրեցին:  

Ծրագրի բացումը «Տերունական աղոթք»-ով սկսեց ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Տեր Հայրը երեխաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունը: Ապա զրուցեց նրանց հետ Հայկական Կարմիր խաչ ընկերության մասին: Այնուհետև Տեր Գրիգորը իր շնորհակալությունը հայտնեց Հայկական Կարմիր խաչ ընկերությանը, որը «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի շահառուներին աջակցում է սոցիալապես՝ տրամադրելով նրանց սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ:

Միջոցառման կարգախոսն էր՝ «Մենք  ժպտում ենք ձեզ, դուք ժպտում  եք  աշխարհին»:

Դասընթացը վարում էր ծրագրի կրթական մասով պատասխանատու, բժիշկ-ստոմատոլոգ Եսթեր Չոբանյանը: Նա երեխաներին մանրամասնորեն և մատչելի ներկայացնում էր բերանի խոռոչի խնամքի հիմնական կանոններին, ատամի խոզանակի և մածուկի ճիշտ ընտրությունից մինչև ատամնաբույժի մոտ այցելության հաճախականությունը: Այնուհետև երեխաները այդ մասին մուլտֆիլմ դիտեցին:

Ծրագիրը նպատակ ուներ բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ տեղեկատվությամբ նվազեցնել բերանի խոռոչի հիվանդությունները:

Ծրագրի ավարտից հետո երեխաները պրակտիկ օրինակով ներկայացրեցին իրենց ստացած գիտելիքները:

Հայկական Կարմիր խաչ ընկերության երիտասարդական բաժնի աշխատակիցներն ու կամավորները վերջում երեխաներին նվիրեցին հիգիենիկ պարագաներ: Ծրագրին ներկա մի քանի ծնողների ևս հետաքրքրել էր դասընթացը, ուստի «Ցերեկային կենտրոն»-ի կողմից առաջարկություն եղավ մեծահասակների համար ևս նման դասընթաց կազմակերպել:

Ծնողներից Էդգարը գոհ էր ծրագրից. «Մատչելի և հասանելի ձևով երեխաներին մատուցվեց ինֆորմացիան, որ հետագայում իր դրական ազդեցությունը կունենա երեխաների առողջ ապրելակերպի վրա»,- ասաց նա: Դասընթացին մասնակցում էին նրա երկու երեխաները:

««Ցերեկային կենտրոն»-ի հետ մեր համագործակցության ընթացքում նմանատիպ ծրագիր առաջին անգամ ենք իրականացնում: Մենք սովորաբար սոցիալական կոմպոնենտով ենք աջակցում կենտրոնին, այս անգամ որոշեցինք կրթական կոմպոնենտով հանդես գալ, քանի որ Կարմիր խաչի երիտասարդական բաժինը՝ իր աշխատակիցներով և կամավորներով, երեխաների հետ աշխատելու բավականին փորձ ունի: Եսթերը ինքն էր կազմել շնորհանդեսը, նրան աջակցել էր ծրագրի հոգեբան Աննա Ավագյանը և մյուս աշխատակիցներն ու կամավորները: Ես էլ փորձել էի կոորդինացնել աշխատանքը: Այսօրվա շնորհանդեսը բոլորիս միահամուռ աշխատանքն էր: Մեզ շատ է ոգևորել երեխաների արձագանքը, նրանց հարցերի տարափը»,- ասաց Հայկական Կարմիր խաչ ընկերության երիտասարդական բաժնի աշխատակցուհի Սոնա Գևորգյանը: Ապա հավելեց նաև, որ ծրագիրը լինելու է շարունակական:

Վերջում «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը մեկ անգամ ևս իր շնորհակալական խոսքը հղեց Հայկական Կարմիր խաչ ընկերությանը, նրա երիտասարդական բաժնի աշխատակիցներին, կամավորներին, իսկ երեխաներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն արտահայտեցին ծափողջյուններով: Տեր Հայրը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից ևս նվերներ փոխանցեց երեխաներին:

 

Կարինե Սուգիկյան

21.02.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․