23 Դեկտեմբեր, Բշ
Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ իրականացվող «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում ԱՀԹ Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցում դրամական օգնություն բաշխվեց 2010-2015 թ. հունվարի 31-ի դրությամբ հաշվառված՝ Երևանի Նոր նորքի, Նորք Մարաշի, Ավանի և Քանաքեռ-Զեյթուն համայքների 2-րդ խմբի 8 և 3-րդ խմբի 30 զինհաշմանդամների:
ԱՀԹ Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանը ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազանի հայրական օրհնությունները, շնորհակալական ու երախտիքի խոսքեր ասաց զինհաշմանդամներին՝ Հայրենիքին աձնվեր ծառայություն մատուցելու համար: Ապա ԱՀԹ Քանաքեռի ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար Տ. Բարսեղ ավագ քահանա Ղազարյանի նախագահությամբ Բժշկության կարգ կատարվեց հաշմանդամ զինվորների համար:
ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը ներկայացրեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը՝ մանրամասն նշելով, թե ովքեր են ներառված ծրագրում:
Դրամաբաշխությանը ներկա էին ԱՀԹ Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանը, Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը, Ավանի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հարություն քահանա Ավագյանը, Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը, Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար Տ. Բարսեղ ավագ քահանա Ղազարյանը, Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տ. Դանիել քահանա Բաղումյանը:
«Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երկրորդ ծրագրի դրամաբաշխության փուլը շարունակվում է: Ս. Սարգիս զորավորի տոնի առթիվ երկրորդ անգամ հավաքված 50 մլն դրամ գումարը բաշխվում է հայոց բանակում ծառայած զինվորների ընտանիքներին: Այս տարի աջակցություն են ստանում նախորդ տարի ծրագրում չընդգրկված՝ զոհված զինվորների ընտանիքները և զինհաշմանդամները: Ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի տարածքում՝ Երևանում և Արարատի մարզում: Դրամաբաշխությունը կատարվում է ՀՀ ՊՆ սոցիալական պաշտպանության վարչության տրամադրած ցուցակով: