Մենք միայնակ չենք

Ասում են, որ հնդկացիների մի ցեղախմբում այսպիսի ավանդույթ կա: Պատանին պետք է հետևյալ փորձությունն անցնի տղամարդ դառնալու համար: Նա իր հոր հետ անտառ է գնում, որտեղ հայրը նրա աչքերը պինդ կապում է և պատանին ողջ գիշեր պետք է այդպես կապած աչքերով անտառում մնա մինչ լուսաբաց: Նա չի կարող օգնություն խնդրել, քանի որ շրջակայքում ոչ ոք չկա, այլ միայն անտառի տարօրինակ ու սարսափազդու ձայներն են լսվում անընդհատ: Նա չի կարող նաև աչքերի կապն արձակել և պաշտպանել իրեն, քանի որ այդ կերպ չի անցնի փորձությունն ու կխայտառակվի ողջ ցեղախմբի առջև:

Ահա մի օր էլ մի հայր իր որդուն անտառ բերեց: Ծառերի արանքից ուժեղ քամու սուլոցն էր լսվում ու գազանների ոռնոցը: Բայց տղան վճռականորեն նստել էր գետնին և աչքերի կապը չէր բացում՝ իմանալով, որ վտանգի առջև ցուցաբերած արիությունն ու հաստատակամությունը միայն կօգնեն իրեն հաղթահարել այդ փորձությունը:

Երբ վերջապես արևի առաջին շողերը դիպան նրա դեմքին, նա արձակեց կապն ու սաստիկ զարմացավ՝ տեսնելով, որ հայրը ողջ ժամանակ իր կողքին էր եղել՝ ոչ հեռվում նստած: Նա մնացել էր, որպեսզի որդուն պաշտպաներ բոլոր հնարավոր վտանգներից:

 

Մեզնից յուրաքանչյուրն էլ, այդ պատանու նման, երբեք միայնակ չի լինում: Աստված միշտ մեր կողքին է, եթե նույնիսկ մենք չենք տեսնում: Աստված միշտ պաշտպանում է մեզ բազմաթիվ խնդիրներից ու վախերից, եթե Նրա օգնությանն ենք դիմում: Եվ եթե Նրան չենք տեսնում, ապա դա ամենևին էլ չի նշանակում, որ Նա մեր կողքին չէ: Այդ պատճառով էլ հավատի ուղով ենք գնում, այլ ոչ թե տեսնելու:



Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

07.04.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․