28 Նոյեմբեր, Եշ
Հունիսի 4-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, հերթական տնայցով եղավ Ամիրշաթյան ընտանիքում, որ վարձակալությամբ է ապրում Էջմիածին քաղաքի Վարդան Մամիկոնյան 54 հասցեում: Ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է, քանի որ ընտանիքի հայրը՝ Ամիրշաթյան Սայաթը (53տ.), մշտական աշխատանք չունի, որպեսզի հոգա կնոջ, երկու անչափահաս երեխաների կարիքները և տան վարձակալության ու կոմունալ ծախսերը: Զավակներից Ամիրշաթյան Դավիթը (13տ.) լսողական խնդիրներ ունի: Եվ մայրը՝ Սիրանուշ Միքայելյանը (54տ.), ստիպված է լինում շաբաթվա մեջ հինգ օր իր որդուն տանել Նորք Մարաշի խուլ-համրերի հատուկ դպրոց: Դավիթը շատ է սիրում նկարել, նա մեծ ոգևորությամբ Տեր Գրիգորին և համայնքի անդամներին ցույց էր տալիս իր նկարները: Ընտանիքը փորձում է գոնե առաջնային ծախսերը հոգալ ընտանեկան նպաստի և երեխային հատկացվող թոշակի գումարներով:
Տեր Գրիգորն Ամիրշաթյան ընտանիքին հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի աջակցությամբ գնված սննդի փաթեթներ, անկողնային և հիգիենայի պարագաներ:
Ընտանիքն անչափ շնորհակալ էր այն ուշադրության համար, որ ցուցաբերեց իրենց հանդեպ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը:
Սբ. Հովհան Ոսկեբերանը կարողություն ունեցող մեկին հորդորում է իր ունեցածին բաժնեկից դարձնել Քրիստոսին: Ապա հարցնում է՝ չե՞ս ուզում ամբողջը տալ, գոնե տուր կեսը կամ մեկ երրորդը: Եթե Քրիստոս քո եղբայրն է և համաժառանգորդը երկնքում, ապա նրան համաժառանգորդ դարձրու և այստեղ՝ երկրի վրա: Նրան տալով՝ քեզ ես տալիս: Մի՞թե չեք լսել, թե ինչ է ասել Եսայի մարգարեն. «Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատների՛ն տար քո տունը, եթե մերկ մարդ տեսնես՝ հագցրու նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր» (Եսայի 58:7): Եթե չպետք է անտեսել ընտանիքի անդամին, ապա առավել ևս չպետք է անտեսել Քրիստոսին: Տերը քեզ մասնակից է դարձրել Իր օրհնություններին, ոչինչ չպահանջելով քեզանից, այլ անգամ զգուշացրել է քեզ սպասվող անասելի երանությունների մասին: Եվ այդքան մեծ պարգևներ ստանալով հանդերձ՝ արդյո՞ք չպետք է հատուցել այդ օրհնությունների դիմաց, այն էլ փոքր չափով՝ մեծի դիմաց: Նա քեզ դարձրեց երկնքի ժառանգորդը, իսկ դու չես զոհաբերում հանուն Նրան երկրայինը:
Կարինե Սուգիկյան