Մեծ խնջույքի առակը

Մեծ խնջույքի առակը | Mets Khnjuyqi Araky

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Այսօրվա ընթերցվածքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատմած առակներից  է՝ «Մեծ խնջույքի առակը» կամ «Հարսանիքի հրավիրվածների առակը», որ հանդիպում է միայն Ղուկասի (14:16-24) և Մատթեոսի (22:1-10) ավետարաններում: Առակը   այն մասին է, որ մի թագավոր մեծ խնջույք է կազմակերպում և երբ իր ծառաներին ուղարկում է` հրավիրվածներին կանչելու, նրանք զանազան պատճառաբանություններով հրաժարվում են արքայի հրավերից, ոմանք էլ նույնիսկ սպանում են ուղարկված ծառաներին: Եվ այնժամ արքան բարկանում է ու ծառաներին պատվիրում ճաշկերույթի հրավիրել բոլոր այն մարդկանց, որոնք կհանդիպեն նրանց ճանապարհին, լինեն աղքատ թե հարուստ, չար թե բարի, հիվանդ կամ առողջ: Եվ ծառաները, անսալով տիրոջ հրամանին, բոլորին հրավիրում են իրենց տիրոջ տուն:

Ահա այսպիսին էր Տիրոջ պատմած առակի բովանդակությունը, սիրելի՛ հավատացյալ եղբայրներ ու քույրեր, բայց պիտի նշեմ, որ Աստծու Որդին ոչ միայն այս առակում, այլ բազմիցս է անդրադարձել այս թեմային՝ հույժ կարևորելով այն: Ակնհայտ է, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ այս առակում նկարագրվում է Երկնային Արքայի՝ Ամենակալ Աստծու մտադրությունն Իր արարածների նկատմամբ:

Վստահ եմ` ամենքիդ էլ պարզ է, որ առաջին հրավիրվածները Աստծու ընտրյալ համարվող հրեա ժողովուրդն էր, որը, Աստծու Մեսիային ընդունելով, պետք է օրինակ դառնար բոլոր մյուս ազգերի համար ու նրանց էլ իր հետ Տիրոջ ճանապարհով տաներ: Սակայն ինչպես պատմվում է առակում, և հետագայում էլ ցույց է տալիս պատմությունը, նրանք մերժեցին Երկնային Արքայի հրավերը՝ չընդունելով Նրա Որդուն, ավելին՝ տանջելով ու խաչի վրա անարգ մահվան դատապարտելով: Հետագայում հալածվեցին ու չարչարանքների ենթարկվեցին նաև Տիրոջ մյուս ծառաները՝ առաքյալներն ու նրանց հետևորդները, որոնք լծվել էին իրենց Տիրոջ հրավերը բոլորին հասցնելու գործին: Եվ քանի որ առակում արքան հրամայեց բոլորին հրավիրել իր խնջույքին, հետևաբար՝ խոսքը ոչ միայն Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի, այլև բոլոր ժամանակաշրջանների մասին է և վերաբերում է այժմ այստեղ գտնվողներից յուրաքանչյուրին: Ամենախնամ Տերը պատրաստել է Իր Արքայությունը, հրավիրել է ու շարունակում է հրավիրել մեզանից յուրաքանչյուրին և սպասում է, թե ինչ պատասխան կտանք Իրեն: Չէ՞ որ, երբ ամեն օր հնչում են եկեղեցու զանգերը՝ կանչելով մեզ Սուրբ Պատարագի կամ ժամերգության, հնչում է նաև Տիրոջ հրավերը՝ մի կողմ թողնելու աշխարհիկ հոգսերն ու գործերը և Աստծու տուն գնալու: Բազումողորմ Աստված բազմաթիվ ու բազմազան ձևերով է մեզ հրավեր ուղարկում, թակում մեր սրտերի դռները: Քանի անգամ է Նա արթնացրել մեր խիղճը, քանի անգամ է սթափեցրել, որ ուշքի գանք, հասկանանք, որ սխալ ճանապարհի վրա ենք և ի՞նչ ենք պատասխանել Նրան: Ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, սիրելի՛ հավատացյալներ, ու կտեսնենք, թե քանի՜-քանի՜ պատճառ ենք պատրաստ հորինել, միայն թե մերժենք Տիրոջ հրավերն ու սին արդարացումներ փնտրենք մեզ համար: Երկնային Արքան, ողջ տիեզերքի Արարիչը, Ամենակարողն ու Ամենակալը մեզ Իր տուն է հրավիրում, իսկ մենք ասում ենք. «Սպասի՛ր, Տե՛ր, հիմա ժամանակ չունենք: Գործերը կավարտենք, հետո կգանք, անձնական կյանքը կդասավորենք, հետո կգանք, առողջական կամ ֆինանսական վիճակը շտկենք, հետո կգանք, հետո կաղոթենք, հետո կփառաբանենք Քեզ», և հետո-ների այս շարքը կարող ենք անվերջ թվարկել, միայն թե չհետևենք Տիրոջ ձայնին: Եվ այսպես շարունակելով՝ մի օր կտեսնենք, որ մեր կյանքն անցավ ակնթարթի պես, ու մենք այդպես էլ պատրաստ չեղանք մասնակցելու Տիրոջ խնջույքին: Հիսուս Քրիստոս ասում է. «Նախ Աստծու Արքայությունը խնդրեցեք» (Մտթ. 6:33), իսկ մենք մշտապես մոռանում ենք այդ կարևորագույն, կենսական արժեք ունեցող նախ բառի մասին, որին, սակայն, պետք է սևեռվեր մեր ողջ ուշադրությունը: Եվ տրտմելով՝ Տերն ասում է. «Կանչվածները շատ են, բայց ընտրյալները՝ քիչ» (Մտթ. 22:14): Ցավոք սրտի, քիչ են նրանք, ովքեր լսում են Տիրոջ ձայնն ու հետևում նրան: Քիչ են Աստծու խնջույքի հրավերն ընդունածները: Եվ դա մեծ ցավ է Ամենակալի համար, քանի որ Նա երկիր իջավ, մարմնացավ, Իր սուրբ արյունը թափեց, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը փրկվի ու Աստծու Արքայությանն արժանանա: Ամենախնամ Տերը շարունակում է սիրել մեզ և ամեն պահի կոչ է անում սթափվել, ուշքի գալ, չվնասել ինքներս մեզ, քանի որ Տիրոջ պատվիրանները հենց մեր իսկ օգտի համար են: Մեզ վտանգներից, սխալներից ու կործանումից հետ պահելու ու հավիտենական երանության ճանապարհի վրա կանգնեցնելու համար: Իսկ մենք ժամանակավոր երկրային ուրախությունները կամ հոգսերով տարվելը գերադասում ենք Արարչի նվիրած հավիտենական երանությունից: Հիմա ձեզանից ոմանք միգուցե չհամաձայնեն ինձ հետ՝ ասելով, որ իրենք մշտապես եկեղեցի են գալիս ու աղոթում են Աստծուն, բայց եթե նայեն իրենց մղումներին, իրենց հոգին ազնվորեն ուսումնասիրեն, ի՞նչ կտեսնեն: Աղոթքներում հիմնականում ինչ-որ բան ենք ուզում Աստծուց, գանգատվում ենք մեր դժվարություններից, եկեղեցի ենք մտնում նախանձի, չարության, ատելության, հպարտության և այլ տարատեսակ թույներով թունավորված հոգիներով, Աստծու առջև ենք կանգնում՝ առանց զղջման ու ապաշխարության…

Հիշո՞ւմ եք Քրիստոսի խոսքերը, սիրելի՛ հավատացյալներ, որ ասում էր. «յուրաքանչյուրին կհատուցվի ըստ իր գործերի» (Մտթ. 16:26): Սա նշանակում է, որ եթե Տիրոջ ձայնը հասել է մեզ, մտել ենք Նրա Եկեղեցի, ստացել ենք որոշակի գիտելիքներ, ապա Տերը մեզանից ըստ մեր գիտեցածի է հարցնելու: Երբ մահվանից հետո կանգնենք Նրա առջև, ասելու է մեզ. «Դու գիտեիր սրա մասին, սակայն չարեցիր», ու մենք պատասխանելու ոչինչ չենք ունենա: Եվ վա՜յ մեզ, եթե մարգարեի հետևյալ խոսքերը մեզ էլ վերաբերեն. «Տերն ասում է. «Այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով է մեծարում ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից» (Եսայի 29:13):

Ուղղափառ Եկեղեցու հայրերից մեկի մասին պատմում են, որ ներկա լինելով ճեմարանի քննություններից մեկին՝  ուսանողներից մեկին հարցրել է. «Ասա´ ինձ, ինչպե՞ս ես մտադիր փրկվել»: Ուսանողը պատասխանել է. «Մտադիր եմ իմ խոնարհությամբ փրկվել»: Հոգևորականը խստությամբ նայել է նրան ու ասել. «Պատասխանդ արդեն հպարտություն է պարունակում: Ի՞նչ է, կարծում ես` արդեն այնպիսի խոնարհություն ես ձեռք բերել, որ կարող է փրկե՞լ քեզ: Ես ընդհանրապես այդպիսի խոնարհություն չեմ տեսնում քո մեջ»: Այնուհետև երկրորդին է հարցրել, թե նա ինչպես է պատրաստվում փրկվել: Ուսանողը պատասխանել է. «Ձեր աղոթքներով, Սրբազա՛ն Հայր»: Այս անգամ էլ վրդովվել է Աստծու սպասավորը՝ ասելով. «Այսքան երիտասարդ ես, բայց արդեն սովորել ես կեղծավորություն անել, իսկ հետո ի՞նչ է լինելու քո վիճակը»: Եվ միայն երրորդ ուսանողն է, նույն հարցին պատասխանելով, նշել, որ Փրկչի չարչարանքներն են ի զորու իրեն փրկել, որին էլ Սուրբ հայրը պատասխանել է. «Ահա՛ միակ ճշմարիտ պատասխանը: Եվ այլ պատասխան չի էլ կարող լինել»:

Այսքանով ասված է ամեն բան, սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս: Աստծու Միածին Որդին իր փրկչական սուրբ արյունով  ազատագրեց մեզ մեղքի գերությունից, փրկագնեց մահվան ճիրաններից և մեր առջև բացեց հավիտենական կյանքի ճանապարհը: Եվ մեզ մնում է միայն չմերժել Նրա հրավերը, ընդառաջ գնալ Նրա անգին զոհաբերությանն ու մեր ապրած կյանքով ցույց տալ այն երախտագիտությունը, որ պետք է զգանք Տիրոջ հանդեպ: Ապրած կյանքով ցույց տանք, որ հասկացել ենք ճշմարիտ քրիստոնյա լինելու իրական իմաստը, այն է՝ մշտական անձնազոհության մեր պատրաստակամությունը: Մենք պետք է ինքնազոհ սեր ունենանք և՛ առ Աստված, և՛ առ մարդիկ: Պետք է վճռականություն ունենանք ավելի շուտ մեռնելու, քան Աստծու առաջ մեղք գործելու: Եվ պետք է հակված լինենք ներելու մերձավորներին, ինչպես որ Երկնավոր Հայրն է ներում մեզ: Դա նշանակում է ներել քեզ վիրավորողին և աղոթել նրա փրկության համար՝ դրսևորելով իրական ներողամտություն և խոնարհություն: Եկեղեցու Սուրբ հայրերն ասում են, որ ճշմարիտ խոնարհ մարդը Խաչյալ Քրիստոսից հեռու կանգնած չի լինում…

Արդ, սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, այսօրվա Սուրբ Պատարագի ավարտից հետո, երբ դուրս գաք եկեղեցուց, լրջորեն մտածեք այն մասին, որ Տերը ձեզ էլ է հրավիրել Իր խնջույքին: Եվ մտածեք՝ արդյոք պատրա՞ստ եք այդ հրավերն ընդունելու: Արդյոք պատրա՞ստ եք մեղքից ու աշխարհի աղտոտությունից հրաժարվելու և արժանի՞ եք Երկնային Թագավորի խնջույքին մասնակցելու: Եվ եթե անկեղծ լինեք ինքներդ ձեզ հետ, և ձեր պատասխանը «ոչ, արժանի չեմ» լինի, չհուսահատվեք, սիրելինե՛ր, այլ իմաստությամբ օգտագործեք այն ժամանակը, որ Սիրող Հայրը հատկացրել է մեզ՝ ազնվորեն քննելու ու վերաիմաստավորելու մեր կյանքը: Լցվեք վճռականությամբ՝ ամեն գնով մեղքից հրաժարվելու, զինվեք համբերությամբ՝ Տիրոջ օգնությունն ու ողորմածությունն աղերսելու ձեր աղոթքներում և խոնարհության զգեստները հագենք՝ իրապես զղջալու, ապաշխարելու և ամեն պարագայում փառավորելու՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն: 

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

06.12.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․