23 Նոյեմբեր, Շբ
Տարիքն առած մի մարդ ջրհորի մոտ նստած մի բաժակ ջուր է խնդրում: Առաջին անցորդը մեծահարուստ պաշտոնավոր է լինում: Մոտենում է և սկսում պատմել, պարծենալ, թե ինչպիսի մեծամեծ գործեր է կատարել: Այս ջրհորից ավելի լավ ջրհորներ փորել տվել, հուշարձաններ կառուցել, որոնց վրա իր անունն են փորագրել: Իսկ հիմա մի անծանոթ մարդ համարձակվում է իրեն ասել, թե կռացիր և ջրհորից մի բաժակ ջուր հանիր, երբ ինքը հրավիրված է թագավորի հետ հանդիպման և շատ է շտապում:
Հաջորդ անցորդը մի կավագործ է լինում, խոնարհվում է, ջրհորից ջուր հանում և տալիս տարեց մարդուն, որը հարցնում է.
- Ո՞ւր էր այդ պաշտոնավոր մարդը շտապում:
Կավագործը պատասխանում է.
- Ասում էր, թե թագավորին պիտի հանդիպի: Գնում էր նրա մոտ:
Տարիքով մարդը ժպտում և ասում է.
- Նա այդպես էլ կփնտրի թագավորին և չի գտնի, որպեսզի հանդիպի, երբ հասարակ մարդու զգեստներով այստեղ եմ:
Այնուհետև գրպանից հանում է թագավորական մատանին և նվիրում կավագործին: Իսկ հեռվից թիկնապահ հեծյալների խումբն է մոտենում:
Այդպես էլ Աստված մարդուն գնահատում է ոչ թե նրա իրագործած աշխատանքներով, այլ նրա խոնարհության չափով:
Հովհաննես Մանուկյան