Գրքեր

Մի՛ շտապեք դատել…

Որքա՜ն հաճախ ենք շտապում դատավճիռ կայացնել որևէ մեկի նկատմամբ, ընդ որում հպարտանալով, որ ինքներս այդպիսին չենք: Սակայն «մի՛ դատեք, որ չդատվեք»,- պատվիրեց Փրկիչը: Դատապարտումը մեղք է, և ինչպես յուրաքանչյուր մեղք՝ պատժելի, եթե մարդը չի զղջում:

Ժամանակին ես բարետես աղջիկ էի, և ապագա սկեսուրս ինձ շատ հավանեց ու ծանոթացրեց ամուսնուս հետ:

Պատերազմի ժամանակ դեռևս հղի լինելով, նա այրիացել էր և միայնակ մեծացրել որդուն: Հավատացյալ կին էր, երբեք ոչ ոքի չէր դատում: Իսկ ես, ընդհակառակը, շատ հետաքրքրասեր էի և այնքան էի սիրում բամբասել, որ սկեսուրս երբեմն ասում էր.

- Վե՛րջ տուր: Ուրիշների մեղքերը քննելը մեր գործը չէ: Տերն ամեն մեկին ըստ իր գործերի կհատուցի:

Ես, իհարկե, նրան չէի լսում, քանի որ հոգում կարծում էի, որ հլու դյուրահավատ մեկն էր: Նա, իսկապես, զրուցասեր չէր և հազվադեպ էր մի երկու խոսք ասում:

Ես մասնագիտությամբ բուժքույր եմ: Եվ ահա մի օր հարևաններն ինձ օգնության կանչեցին: Պարզվեց նրանց դուստրը պատրաստվում է տանը ծննդաբերել: Պարզ էր, որ ինչ-որ մեկը գայթակղել էր նրան ու լքել: Աղջիկն այդ ողջ ընթացքում փորը կապած էր շրջել, որպեսզի մարդկանցից թաքցնի իր վիճակը: Եվ ահա արու զավակ ծնվեց:

Ծննդկանի մայրն ինձ աղաչում էր.

- Մեր խայտառակության մասին ոչ ոքի մի՛ պատմիր, պահպանի՛ր մեր գաղտնիքը, և ես ողջ կյանքս կծառայեմ քեզ:

Ես սկսեցի երդվել.

- Ի՞նչ եք խոսում: Մի՛ կասկածեք՝ գերեզմանի պես լուռ կմնամ:

Եվ հաջորդ օրն իսկ ողջ փողոցով տարածեցի նորությունը.

- Անիկոն առանց ամուսնանալու երեխա է ունեցել:

Որոշ ժամանակ անց ինչ-որ մեկը ծաղրել էր Անիկոյի հորը: Նա էլ կատաղել էր ու տնից դուրս արել կնոջն ու աղջկան: Մի խոսքով՝ ընտանիքը քայքայվեց:

Սկեսուրս լաց եղավ.

- Այս ի՞նչ արեցիր:

Իսկ ես շարունակում էի անել այն, ինչ ուզում էի: Հաճախ էի կռիվ գցում ամուսնու և կնոջ, կրտսերների ու ավագների միջև:

Մահվանից առաջ սկեսուրս ինձ իր մոտ կանչեց ու խնդրեց.

- Աղաչում եմ քեզ, գոնե հիմա խոստացիր, որ կդադարես անել այն, ինչ անում ես…

Նրա թաղումից հետո ինձ բացարձակապես ազատ զգացի ու լեզվիս կապերն ավելի բաց թողեցի: Քրոջս ականջները տարա՝ ասելով.

- Հաստատ գիտեմ և ողջ քաղաքն էլ ասում է, որ ամուսինդ քեզ դավաճանում է:

Նա հավատաց ու այդ ամենին չդիմանալով՝ վերջ տվեց կյանքին:

Հենց այդ ժամանակ էլ հրաշքը տեղի ունեցավ: Թաղման նախորդ գիշերը սկեսուրս հայտնվեց ինձ, քրոջս ձեռքը բռնած, զայրացած ինձ նայեց ու ասաց.

- Այսուհետև ինչ պատահի, միայն քե՛զ մեղադրիր:

Եվ երկուսն էլ անհետացան:

Ես հազիվ ուշքի եկա ապրած ցնցումից, դժվարությամբ հաղթահարեցի դողս, բայց ոչ ոքի չասացի տեսիլքի մասին: Վստահ էի, որ ինձ չեն հավատա:

Այդ դեպքից վեց ամիս էլ դեռ չէր անցել, երբ ամուսինս լքեց ինձ և ուրիշ կնոջ մոտ գնաց: Այժմ բոլորն սկսեցին իմ մասին բամբասել:

Մի որոշ ժամանակ անցավ, և ավագ որդիս թմրամոլ դարձած՝ բանտ ընկավ, հետո էլ չգիտեմ ինչպես տեղափոխվեց Հոլանդիա: Այնտեղ դրախտ է թմրամոլների համար, իսկ նրան ուրիշ բան պետք էլ չէ:

Հաջորդ հարվածն այն էր, որ աղջիկս տասնհինգ տարեկանում ծննդաբերեց ու երեխայից հրաժարվեց ծննդատանը:

Կրտսեր որդիս ամուսնացավ իրենից ինը տարի մեծ կնոջ հետ, որն արդեն երեխա ուներ: Երբ սկսեցի վիճել, նա հեռացավ տնից և այլևս ինձ տեսնել չի ուզում:

Այդպես ես մենակ մնացի…

Հաճախ եմ երազում տեսնում իմաստուն սկեսուրիս: Նա կշտամբանքով նայում է ինձ, բայց ոչինչ «չի ասում»: Ավելին ի՞նչ կարող է ասել. ամեն ինչ ասել էր կենդանության օրոք:

 

Իզոլդա, 60 տարեկան, երեք երեխաների մայր

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

29.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․