«Մի՛ սիրիր չարախոսել, որպեսզի չզրկվես կյանքից»

Չարախոսությունը ծանր մեղք է, որը կարող է շատ աղետալի հետևանքների հանգեցնել: Մարդն իրեն դժվարությամբ է զերծ պահում այս մեղքից: Ի՞նչ պետք է անի նա, ում դիտավորյալ զրպատել են՝ չարախոսել, պայքարի՞ հանուն ճշմարտության, թե՞ պատասխանի նույն կերպ՝ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» (Ելք 21:23-24) սկզբունքով: Եվ ինչի՞ կարող է վերածվել ճշմարտության համար մղվող այս պատերազմը: Սուրբ Գիրքն ասում է. «Ոչ մի տգեղ խոսք թող չելնի ձեր բերանից: Խոսեցե՛ք միայն այն, ինչ որ պետք է, ինչ որ բարի է՝ ուրիշների հավատն ամրապնդելու համար, որպեսզի լսողները լցվեն Աստծու շնորհով» (Եփես. 4:29):

Չարախոսողն իրեն զրկում է Աստծու օրհնությունից: Այդ մասին է վկայում հետևյալ պատմությունը. «Երանելի Հովհաննես վանականի մոտ հյուր է գալիս հարևան վանքից մի վանական: Երանելին իր հյուրից հետաքրքրվում է, թե ինչպես են մյուս հայրերը, հատկապես այն վանականը, ով հայտնի է որպես ծույլ ու մեղավոր մեկը: «Նա ընդհանրապես չի փոխվել, հա՛յր»,- պատասխանեց հյուրը: Այս խոսքերը լսելով՝ երանելի Հովհաննեսը դատապարտեց իր եղբորը: Հետո նա տեսիլքում տեսավ խաչված Փրկչին, շտապեց դեպի Նա, որ խոնարհվի Նրա առաջ, բայց հանկարծ լսեց Փրկչի ձայնը, որ դիմելով երկու հրեշտակներին՝ ասաց. «Դուրս հանեք այս մարդուն: Նա նեռ է, որովհետև դատապարտեց իր եղբորը Իմ դատաստանից առաջ»: Նա վախից արթնացավ ու հասկացավ, որ սարսափելի մեղք է գործել: Հիշեց, որ տեսիլքում կորցրել էր իր թիկնոցը և կռահեց, որ թիկնոցը Աստծու օրհնությունն էր, որից նա զրկվել էր: Այդ դեպքից հետո երանելի Հովհաննեսը յոթ տարի աղոթեց, խստորեն ծոմ պահեց, որպեսզի վերականգնի իր կորցրած շնորհը»: Անհրաժեշտ է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել յուրարաքանչյուր ասված բառին: Մարդը զրպարտում է իր մերձավորին՝ նրա անցյալի մասին ոչինչ չիմանալով, նաև թե ինչ կա նրա հոգում, գուցե ապագայում նա զղջա և փոխվի: Միայն Աստված, իմանալով մարդու անցյալը, նրա արժանիքներն ու մեղքերը, կարող է դատողություն անել նրա մասին: Սուրբ Գրքում կարդում ենք. «Դատաստանի օրը մարդ իր բոլոր դատարկ խոսքերի համար հաշիվ պիտի տա» (Մատթ. 12:36), «Ով որ իր եղբորը հիմար կոչի, ատյան պիտի բերվի, և ով որ իր եղբորն անմիտ կոչի, պիտի դատապարտվի դժոխքի կրակին» (Մատթ. 5:22):

Սովորաբար զրպարտիչ անվանում են չարին, այդ պատճառով նա, ով զրպարտում է, գործակից է դառնում չարին: Խոսքը բխում է մարդու սրտից, չար խոսքը չար սրտից է բխում, և չի կարող երջանիկ լինել չարախոսը, քանի որ անհանգիստ է իր մերձավորի հաջողություններից, նրան վնասելու ուղիներ է փնտրում, զրպարտում է նրան, բայց ի վերջո ինքն է տուժում: Նա, ով սովոր է չարախոսելու, ընդունակ չէ բարին գործելու: «Բարի մարդը իր սրտի բարի գանձից է բարիք հանում, իսկ չար մարդը իր սրտի չար գանձից՝ չարիք» (Մատթ. 12:35): Զրպատության մեղքը սարսափելի է առաջին հերթին զրպարտողի համար, նրա հոգին զրկվում է Աստծու ներկայությունից, նա հակադրվում է Աստծու Արքայությանը, ինչպես խավարը՝ լույսին:  

Զրպարտողն ինքն իրեն զրկում է նաև Աստծու շնորհից: Չմոռանանք, որ Քրիստոս Սուրբ Երրորդության երկրորդ անձն է, Լոգոսն է՝ Խոսքը: Խոսքի շնորհը մարդու մեջ աստվածային պարգև է, որ անհրաժեշտ է գործածել ուշադրությամբ ու ակնածանքով: Ցավոք սրտի, մարդն իր դատարկախոսությամբ և առավել ևս զրպարտությամբ հակադրվում է Աստծուն: Հասկանալի է, որ դժվար է լեզուն ամբողջությամբ զերծ պահել դատապարտությունից ու զրպատությունից, բայց քրիստոնյայի համար մտքի և խոսքի մաքրությունը հոգևոր կյանքի պարտադիր պահանջներից է: Չարախոսությունը մարդու սրտում բնավորում է ատելությունը՝ հեռվացնելով սիրուց, իսկ ատելությունը հոգու հիվանդություն է: Այն ոչնչացնում է անհատին, ընտանիքներն ու ազգերը: Հոգին ատելությունից բուժելու և սեր ձեռք բերելու միակ ելքը ապաշխարությունն է՝ մեղքերի թողությունը, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելը:

Նա, ով Աստծու հանդեպ երկյուղ և մաքուր սիրտ ունի, ջանում է չչարախոսել և իր համար մխիթարություն չի փնտրում ուրիշների անկման մեջ: Ս. Եփրեմ Ասորին ասել է. «Ինչպես աջակողմյան ավազակը խոստովանության մեկ խոսքով կյանք ստացավ, այնպես էլ զրպարտիչն իր մեկ խոսքով կկորցնի կյանքը: Երբ մերձավորին դատելու չար միտք գա ձեզ մոտ, անմիջապես ինքդ քեզ ասա՝ չարն է այդ միտքն առաջ բերում, որպեսզի ինձ չարացնի նրա դեմ, ում ցանկանում եմ չարախոսել, որպեսզի այդ կերպ կործանի ինձ: Եթե այդպես մտածեք, չար միտքը կհեռանա ձեզանից և դուք ձեր լեզուն հեռու կպահեք չարախոսությունից»: Սուրբը եռակի երանի է տալիս նրան, ով իր լեզուն չի վնասում ուրիշներին զրպարտելով, ով իր սիրտը չի պղծում իր լեզվով: Այնուհետև նշում է, թե ինչ է ձեռք բերում, ինչից է խուսափում և ինչով է լցվում նա, ով հեռու է պահում իրեն զրպարտությունից. «Նա, ով չունի զրպարտիչ լեզու, անխորտակելի գանձ է ձեռք բերել: Նա, ով հակված չէ ուրիշներին զրպարտելու, կխուսափի եղբայրասպանությունից: Նա, ով իր ականջներն ու լեզուն չի թունավորել զրպարտությամբ, լցված է սիրո բալասանով: Իսկապես օրհնյալ և երանելի է նա, ով իրեն զերծ է պահում զրպարտությունից»:  

Հին Կտակարանում կարդում ենք, որ երբ Ահարոնն ու Մարիամը վատաբանեցին Մովսեսին, Տերը բարկացավ նրանց վրա, և Մարիամը պատժվեց բորոտությամբ (Թվեր 12:2, 10): Իսկ առակագիրը չարախոսության մասին գրել է. «Մի՛ սիրիր չարախոսել, որպեսզի չզրկվես կյանքից» (Առակ. 20:13), «քանզի մարդուս շրթունքները խիստ որոգայթ են իր համար, և մարդ բռնվում է իր բերանի խոսքով» (Առակ. 6:2), «Իմաստուն սիրտն ընդունում է պատվիրանները, բայց զազրախոսը պիտի կործանվի իր գայթակղող շուրթերի պատճառով» (Առակ. 10:8): «Ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է նեղությունից» (Առակ. 21:23), և «Տիրոջ ճանապարհից զգույշ գնացողը պահպանում է իր անձը, կյանքը սիրողը զսպում է իր լեզուն» (Առակ. 16:17): Հակոբոս և Պետրոս առաքյալներն իրենց կողմից գրված ընդհանրական նամակներում գրել են. «Եղբայրնե՛ր, մի՛ բամբասեք միմյանց: Ով բամբասում է իր եղբորը կամ դատում է նրան, նա բամբասում է Օրենքը կամ դատում է Օրենքը» (Հակոբ. 4:11), «հետևաբար, դե՛ն նետեք ամեն տեսակ չար մտածում ու նենգություն, կեղծավորություն ու նախանձ և ամեն տեսակ չարախոսություն» (Ա Պետրոս 2:1): Փարիսեցիները, չարախոսելով Քրիստոսին, ընկան Սուրբ Հոգու դեմ հայհոյության մեղքի մեջ, նրանք Աստծու զորությունը վերագրեցին չարին (Մատթ. 12:22-33): Ս. Բարսեղ Մեծն ասել է, որ զրպարտության տրվողը չի գիտակցում, որ իր շուրթերից հնչած զրպարտության խոսքերը դատաստանի օրը կանգնելու են իր առաջ, փակելու են իր ուղին և դառնալու են անհաղթահարելի մի պատնեշ:

Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է, որ զրպարտողը պատճառ է դառնում, որ Աստծու անունն արատավորվի, քանի որ Աստծու անունը փառավորվում է, երբ մարդն առաքինի կյանքով է ապրում. «Ինչպես բարի խոսքն է ծառայում որպես բարեկամության սկիզբ, այնպես էլ զրպարտությունը թշնամության, ատելության ու հազարավոր կռվի սկիզբ ու պատճառ է դառնում: Ոչինչ այնպես չի տանջում հոգին ու սիրտը, որքան ծաղրն ու զրպարտությունը: Ով վրդովմունք է հայտնում, երբ իր մասին վատ են խոսում, այդ կերպ ապացուցում է իր մասին ասվածի ճշմարտացիությունը: Հիշեք ձեր շուրթերի արժեքը, դուք Աստծուն Հայր եք անվանում, բայց միևնույն ժամանակ անվանարկում եք ձեր եղբորը: Երբ միմյանց առջև երկու հակադիր դռներ են և ուժեղ քամի է բարձրանում, դռներից մեկը փակելով՝ միջանցիկ քամին դադարում է և կորցնում իր ուժը: Ուրեմն այստեղ երկու դուռ կա՝ քո բերանը և քեզ զրպարտողի բերանը, եթե դու փակես քո բերանը, կկործանես քամու ողջ ուժը, բայց եթե բացես, այն կդառնա անզսպելի: Նրանք, ովքեր իրենց մասին վատ խոսքեր են լսում, թող անհոգ մնան, քանի որ ուրիշի կողմից ասված վատ խոսքի համար իրենք պատասխան չեն տալու»: Ուստի լավ է ոչ մեկին չզրպարտել և հաճույքով չլսել զրպարտողին: Հակառակ դեպքում զրպարտողի հետ մեղավոր կլինի նաև լսողը, ով հավատում է զրպարտությանը:

Ըստ հայրաբանության՝  ապաշխարության մի տեսակ է չարախոսությանը համբերելը, ուստի չպետք է չարանալ զրպարտողի դեմ: Քրիստոսին և Նրա հետևորդներին ևս զրպարտեցին, Քրիստոս չէր պատասխանում զրպարտանքին, չէր վիճաբանում և Նրա հոգին չէր խռովում: Երանելի Մաքսիմ Խոստովանողը զրպարտվածին հուսահատվելու փոխարեն խորհուրդ է տալիս աղոթել. «Շատ աղոթեք զրպարտողի համար, և Աստված կբացահայտի ձեր մասին ճշմարտությունը նրան, ով վիրավորել է ձեզ»: Այսինքն՝ վաղ թե ուշ զրպարտությունը բացահայտվում է, և զրպարտության զոհը հոգեպես ուժեղանում է ու Տիրոջ կողմից պսակի արժանանում:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

14.06.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․