25 Նոյեմբեր, Բշ
Ապրիլի 3-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ տոնի առթիվ ուխտի մեկնեց Հայոց նվիրական սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Ս. Պատարագին: Հայոց դարձի նախասկիզբը համարվող սրբավայրում երիտասարդաց միությունը, Ս. Գրիգոր Լուսավորչի բարեխոսությանը դիմելով, միասնական աղոթք հնչեցրեց առ Տեր՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության, Հայոց ազգի հավատի մեջ ամրապնդման և զորացման համար: Միասնական աղոթքի ժամանակ երիտասարդներն ընթերցեցին Ս. Ներսես Շնորհալու «Հավատով Խոստովանիմ» աղոթաշարը, «Տեր ողորմեա» շարականը երգեցին: Հնագույն սրբավայրը երիտասարդներին հիշեցրեց Հայոց առաջին հայրապետի վարքը՝ մեծ փորձության՝ Խոր Վիրապում կրած ծանր չարչարանքների դիմաց, Հայոց Հայրապետը մեծ պարգևի արժանացավ՝ Հայոց ազգը դարձի եկավ՝ վերագտնելով իր կյանքում ճշմարիտ Լույսը: Սրբի վարքը հիշեցրեց նաև հետևյալ կարևոր հորդորը՝ երբեք չխոտորվել Սուրբ Գրքից և ճշմարիտ հավատքից՝ այդ ամենի մեջ տեսնելով հայ ժողովրդի առաջընթացը ապահովող կայուն հիմքը:
Այնուհետև երիտասարդները եղան Արտաշատի այն բլրի վրա, ուր, Հայ Եկեղեցու ավանդության համաձայն, Հայ եկեղեցու առաջին լուսավորիչներ՝ Ս. Թադեոս և Ս. Բարթողիմեոս առաքյալները, հանդիպել են միմյանց և իջևանել այդտեղ: Այդ հանդիպման հիշատակին տեղադրված խաչարձանի մոտ միության անդամները դիմեցին նաև առաջին լուսավորիչների բարեխոսությանը:
Ուխտի ուղին երիտասարդաց միության համար ևս մեկ առիթ էր՝ կրկին նորոգելու իր ուխտը՝ վառ պահելով հոգում սուրբ հավատքը և հավատարիմ մնալով ազգային-եկեղեցական հարուստ ավանդներին: «Զորավոր» երիտասարդաց միության ուխտի հոգենորոգ օրն եզրափակվեց սիրո ճաշով:
Փրկության ուղին, որով ընթանում է քրիստոնյան, զերծ չէ փորձություններից, քանի որ դեպի երկինք տանող ճանապարհը նեղ է և նեղ է այն դարպասը, որով մուտք են գործում երանելի վայր (Մատթ. 7:13-15): Ուստի այդ ճանապարհին քրիստոնյան զորանում է Քրիստոսի և սրբերի կյանքի օրինակով, ուխտագնացությամբ, պահքով և բարեգործությամբ:
Կարինե Սուգիկյան