Հրեշտակը մարդու կերպարանք առած մոտենում է մի այգեպանի: Այգու տերը շատ է ուրախանում, ցանկանում է հյուրասիրել, ծառերից պտուղներ է քաղում ու տալիս հրեշտակին, այնուհետև իր սովորության համաձայն սկսում գանգատվել և դատել հարևան այգեպաններին, իրենց ժողովրդի ու թագավորի արարքները` մատնացույց անելով, թե ինչպես են ապրում և քարուքանդ անում երկիրը: Վերջում հարցնում է, թե ի՞նչ պատվի է արժանացել, որ հրեշտակն է իրեն այցելել: Հրեշտակը պատասխանում է.
- Գիտես, թե ինչո՞ւ եմ այստեղ. քիչ առաջ մրջյուններն աղաղակ բարձրացրեցին առ Աստված, որովհետև քարուքանդ արեցիր նրանց բույնը, իսկ վայրի շուշաններին պոկեցիր և քո այգուց դուրս նետեցիր, և նրանց ողբը նույնպես հասավ Երկնավոր Հորը: Քեզ արդար մի´ համարիր. երբ դու այդպիսին ես, ինչպե՞ս կարող ես դատել ուրիշներին:
Երբ Աստծո լույսով ճանաչում ես ինքդ քեզ, այլևս ժամանակ չես ունենում խոսելու ուրիշների արարքների մասին, այլ աշխատում ես Սուրբ Հոգու օգնությամբ շտկել ինքդ քեզ:
Հովհաննես Մանուկյան