Մկրտու­թյուն

Մկրտու­թյուն է այն սրբա­րար խոր­հուրդն, որ սրբում է մեզ մարդ­կա­յին նախ­նա­կան մեղ­քից, վերս­տին ծնունդ է տա­լիս Ս. Հո­գու շնոր­հած նո­րոգ կյան­քով և Քրիս­տո­սի Ե­կե­ղե­ցու մեջ ըն­դու­նում: Մկրտու­թյամբ ու­րեմն Քրիս­տոս փրկում է մեզ և նո­րո­գում, կամ ինչ­պես ա­ռա­քյալն է ա­սում` «ապ­րե­ցոյց զմեզ ի ձեռն ա­ւա­զա­նին միւ­սան­գամ ծննդեանն եւ նո­րո­գու­թեամբ Հոգ­ւոյն Սրբոյ» (Տիտ., Գ 5): Մարդն էլ պետք է նախ ծնվի «ի ջրոյ և ի Հոգ­ւոյ», Աստ­ու­ծո տա­ճար դառ­նա, ըն­դու­նվի Քրիս­տո­սի մահ­վան` ըստ ո­րում և կյան­քի հա­ղոր­դակ­ցու­թյան մեջ, կցորդ լի­նի նո­րա չար­չա­րա­նաց, Աստ­ու­ծո որ­դի, ժա­ռանգ ու Քրիս­տո­սի ժա­ռան­գա­կից դառ­նա, որպեսզի մտնի հավի­տե­նա­կան կյան­քի ժա­ռան­գու­թյան մեջ[1]: Այս մի նոր ծնունդ է, ո­րով ծնո­ղա­կան մարմ­նից ծնված մար­մի­նը ծնվում է Հո­գուց և աստվա­ծա­յին ներ­գոր­ծու­թյամբ ել­նում է ջրից կամ վե­րած­նու­թյան ավա­զա­նից, մի նոր մարդ դառ­նում և Աստ­ու­ծո փրկա­գոր­ծա­կան նոր Ուխ­տի մեջ մտնում:

Մարդ, ծնվելով Ա­դա­մի ցե­ղից, ստա­նում է Ա­դա­մի պատ­կերն իբ­րև հին մարդ, բայցև ծնվելով վերս­տին ջրից ու Հո­գուց` ստա­նում է Քրիս­տո­սի պատ­կերն իբ­րև նոր մարդ և այ­նու­հե­տև հնու­թյունը վայր թոթա­փած` նո­րո­գա­պես պտղա­բեր լի­նում և ա­զատ կյան­քով ապ­րել սկսում. «Այս­պէս ծնա­նին որ­դիք Աստ­ու­ծոյ», - ա­սում է Ս. Գրի­գոր Լու­սավո­րի­չը[2]: Այս նո­րոգ կյան­քի կո­չումն է, որ նոր ա­րա­րա­ծը կամ էա­պես վե­րած­նյալը զար­գա­նա և հաս­նի «յայր կա­տա­րեալ ի չափ հա­սա­կի կա­տար­մանն Քրիս­տո­սի», որպեսզի տի­րե հին մար­դու վրա, սրբա­գոր­ծե, դեն ձգե «զմարդն հին, զա­պա­կա­նեալն ցան­կու­թեամբք խա­բէու­թեանն. Եւ նո­րո­գել հոգ­ւովն մտաց» ու փո­խուել նո­ր մար­դու` «ըստ պատ­կե­րի Ա­րար­չին իւ­րոյ»: Ա­պա նա դառ­նում է նոր ա­րա­րած հո­գով ու բնու­թյամբ և իս­կա­կան աստված­պաշ­տու­թյան ու զար­գաց­ման սկիզբն առ­նում` Քրիս­տո­սի հետ ճշմա­րիտ հա­ղոր­դակ­ցու­թյան մեջ մտնե­լով (Ե­փես., Դ. Կող., Գ):

Մկրտու­թյան զգա­յա­կան տարր կամ նյութ ընտ­րված է ջու­րը, վասն­զի նո­րա բնա­կան ներ­գոր­ծու­թյունն ա­մե­նից լավ հա­մա­պա­տաս­խա­նում է մկրտու­թյան շնոր­հի գերբ­նա­կան ներ­գոր­ծու­թյան, ըստ ո­րում, ջու­րը ոչ միայն մաք­րող լվա­ցող է այս աշ­խար­հում, այլև պտղա­բե­րող կեն­դա­նաց­նող է[3] և ու­րեմն աստվա­ծա­յին սրբա­րար ու կեն­դա­նա­րար շնորհ­նե­րը հա­մա­պա­տա­խան կեր­պով կպա­րու­նա­կվին նո­րա մեջ: Հաս­կա­նա­լի է, որ այդ ջու­րը չէ մար­դու մեղ­քը լվա­ցողն, այլ` Աստ­ու­ծո բա­նը և ա­մե­նա­սուրբ Եր­րոր­դու­թյան հավատքն, ո­րի ե­րեք ան­ձանց յուրա­քան­չյուրի ա­նու­նով ա­ռան­ձին ե­րե­խա­յին մեկ ան­գամ` ու­րեմն ըն­դամենը ե­րեք ան­գամ, ընկղ­մում են ջրի մեջ` ըստ Քրիս­տո­սի պա­տվե­րին և սո­վո­րեց­րա­ծին[4]: Ե­րե­խան մկրտվելով Քրիս­տո­սի հետ թաղ­վում է ավա­զա­նի գե­րեզ­մա­նի մեջ, սրբվում և հարություն առ­նե­լով` ստա­նում է նոր կյանք Քրիս­տո­սի հարությամբ[5]: Վասնզի ինքն Քրիս­տոս, յուր ծննդյան օ­րը մկրտվելով Հոր­դա­նա­նում, խոր­տա­կեց սա­տա­նա­յին[6] և ջրհե­ղե­ղյան մար­դա­կո­րույս ջու­րը մար­դա­կե­ցույց և վե­րած­նող դարձ­րեց, ինչ­պես և նույն ջու­րը ամեն ան­գամ սրբա­րար է դառ­նում յուրա­քան­չյուր մկրտվո­ղի հա­մար Ս. Հո­գով[7]:

Արդ` «Որ հա­ւա­տայ եւ մկրտի­ցի, կեց­ցէ. եւ որ ոչն հա­ւա­տայ, դա­տա­պար­տես­ցի», - ա­սում է Քրիս­տոս (Մարկ., ԺԶ 15), հե­տևա­բար մկրտու­թյամբ է մարդ ստա­նում Քրիս­տո­սի կյան­քի, չար­չա­րա­նաց, մա­հվան և հարության մի­ջո­ցով յուր փրկու­թյունը, սա­կայն ա­ռանց հավատ­քի մկրտու­թյունն էլ չի օգ­նիլ: Մկրտվո­ղը պետք է շա­րու­նակ զորա­նա հավատ­քով, որպեսզի կա­րո­ղա­նա ավե­լի և ավե­լի վա­յե­լել Աստ­ու­ծո շնորհ­նե­րը: Բավա­կան է, որ մարդ նախ հե­ռա­նա սա­տա­նա­յի իշ­խա­նու­թյունից` աշ­խար­հա­սի­րու­թյունից, ա­պա հավատ­քով փրկու­թյան գի­տու­թյուն ու­նե­նա, ձգտում ու տեն­չանք և անձ­կու­թյուն զգա դեպի փրկու­թյուն, այն ժա­մա­նակ մկրտու­թյունը շնոր­հա­բեր ու եր­ջան­կա­ցու­ցիչ կլի­նի նո­րա հա­մար[8]: Եվ այս­պես` նախքան մկրտու­թյունը պետք է հավատ­քի արթ­նու­թյուն վա­ռվի մկրտվո­ղի մեջ, իսկ հետո, երկ­նավոր բա­րի­քի բաշ­խվելով, հավատ­քը գործ­նա­կան կեն­դա­նու­թյուն կստա­նա այդ շնոր­հաց ներ­գոր­ծու­թյան ներ­քո: Ըստ այսմ` Ս. Հո­գին զար­թեց­նում է նո­րա­ծին ման­կան միա­միտ հո­գու մեջ տրա­մադ­րու­թյուն դեպի փրկու­թյուն, քրիս­տո­նյա և ու­սյալ կնքա­հայրն էլ ե­րաշ­խավո­րում է նո­րա հավատ­քի ա­պա­գա դաստիա­րա­կու­թյունն, և մա­նուկն էլ մկրտվում է յուր ծնո­ղաց հավատ­քով[9]: Ծնո­ղաց կամքն ան­շուշտ նո­րած­նի կամքն էլ է. ինչ­պես որ ման­կան մարմ­նավոր կյան­քը ծննդից ա­ռաջ մի է մոր մարմ­նավոր կյան­քի հետ և ծննդով ինք­նու­րույն է դառ­նում, այն­պես էլ ման­կան հո­գևոր կյան­քը ծննդից հետո մի է ծնո­ղաց հո­գևոր կյան­քի հետ այն­քան ժա­մա­նակ, մին­չև որ նո­րա հո­գևոր կյանքն ինք­նու­րույն հա­սու­նու­թյան կհաս­նի և պարզ ինք­նա­գի­տակ­ցու­թյուն ձեռք կբե­րե: Հավատ­քի ճա­նա­չո­ղու­թյունն ու փրկու­թյան գի­տակ­ցու­թյունը պա­հանջ­վում է չա­փա­հաս ու հա­սու­նա­ցած մկրտվա­ծից, որպեսզի նա ձգտի և միա­նա յուր Փրկչի հետ, իսկ մա­նու­կից այդ չէ պա­հանջ­վում, այլ քա­նի որ մկրտու­թյունը նոր գի­տակ­ցու­թյան հիմ­նադ­րու­թյուն է, նոր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն է և նոր ան­ձի սկզբնավո­րումն է, մա­նու­կը մկրտվում է ծնո­ղաց հավատ­քով, նո­րա կամ­քի տե­ղը բռնում է ծնո­ղաց կամքն, և ու­րեմն նո­ցա վրա է ընկ­նում նաև հավատ­քի բո­լոր պա­հանջ­նե­րը: Այս­պի­սով, այդ պա­հանջ­նե­րը պետք է ման­կան վե­րա­բեր­մամբ լցու­ցա­նեն նախ ծնող­նե­րը, հա­պա` կնքա­հայրն, և հետո այդ ա­մե­նի հո­գա­տարն է ինքն Ե­կե­ղե­ցին: Ա­ռանց այդ բո­լոր պա­հանջ­նե­րը կա­տա­րե­լու մա­նու­կը չի կա­րող փրկվիլ, թեև մկրտու­թյամբ զարթ­նում է նա, և նո­րա մեջ մի հավատք ու ձգտումն է շարժ­վում դեպի յուր Փրկի­չը, Ս. Հո­գու շնոր­հա­գոր­ծու­թյունն ու դեպի լու­սա­միտ կյանք: Ճշմա­րիտ վե­րած­նու­թյունը կա­տա­րե­լա­պես ի­րա­գործ­վում է հավատ­քի բո­լոր պա­հանջ­նե­րի կա­տար­մամբ, ո­րով մարդ մտնում է Քրիս­տո­սի հետ մի սերտ հարա­բե­րու­թյան մեջ, գի­տե, որ Ե­կե­ղե­ցու փրկիչ Քրիս­տո­սը  նաև յուր Փրկիչն է, ար­թուն կյանք է վա­րում և այլևս չէ ընկ­նում հո­գևոր քնի ու թմրու­թյան մեջ (Ա Պետ., Գ 21): Իսկ ե­թե այդ պա­հանջ­նե­րը չեն ի­րա­գործ­վում, մկրտվածն ընկ­նում է հո­գևոր քնի մեջ, թմբրում է, և երբ այդ թմբրու­թյունը շու­տով չէ վե­րացն­վում, սուզ­վում է իս­կա­կան մա­հվան ան­դուն­դում: Բայց Քրիս­տոս ա­ռան­ձին սի­րով կան­չեց մա­նուկ­նե­րին դեպի ինքն` իս­կա­պես նո­ցա­նը հա­մա­րե­լով Աստ­ու­ծո ար­քա­յու­թյունը (Մատթ., ԺԹ 14. Մարկ., Ժ 14. Ղուկ., ԺԸ 16): Ուստիև Ե­կե­ղե­ցին նույնիսկ ծննդյան սկզբից հո­գում է յուր ան­դամ կազ­մող­նե­րի հա­մար, որպեսզի ճշմա­րիտ աս­տված­պաշ­տու­թյան ու կյան­քի հիմ­քը դնե և ոչ թե կո­խան ճա­նա­պար­հում սերմն­սեր­մա­նո­ղի նմա­նի (Մատթ., ԺԳ 4), ցրվելով յուր հավա­տա­ցյալ­նե­րի որ­դի­նե­րին կամ զրկե­լով նո­ցա լու­սավոր նոր կյան­քի սկզբնավո­րու­մից:

Հաս­կա­նա­լի է, որ երբ չա­փա­հաս մար­դը կա­մե­նա քրիս­տո­նեու­թյուն ըն­դու­նել և մկրտվել Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցում, նա պետք է նա­խա­պես լավ դաստիա­րա­կվի, կրթվի, ճշմա­րիտ հավատ­քով մկրտվի ու զորա­նա Ս. Հո­գով: Այդ­պի­սի կրթվող­նե­րը կոչ­վում են «ե­րա­խայ», այ­սինքն` ան­չա­փա­հաս` ըստ Ս. Հո­գու որ­դեգ­րու­թյան, դե­ռա­հաս, դեռ չհա­սած որ­դեգ­րա­կան շնոր­հաց: Նո­քա ըն­դուն­վում էին ե­կե­ղե­ցում, հո­գևո­րա­կան­նե­րի մոտ դաստիա­րակ­վում, լսում էին քա­րոզ, միայն թե հա­ղոր­դու­թյան ժա­մա­նակ դուրս էին գա­լիս, երբ սար­կավագն ազ­դա­րա­րում էր. «Մի՛ ոք յե­րա­խա­յից, մի՛ ոք ի թե­րա­հա­ւա­տից, եւ մի՛ ոք յա­պաշ­խա­րո­ղաց եւ յան­մաք­րից մեր­ձես­ցի յաստուա­ծա­յին խոր­հուրդ»[10]: 0րի­նավոր կրթու­թյունից հետո` հրա­ժա­րվիլ սա­տա­նա­յից և խոս­տո­վա­նել էին տա­լիս Ե­կե­ղե­ցու հավա­տա­լիք­նե­րը, հեր­քում հե­թա­նո­սա­կան մո­լո­րու­թյուն­ներն և ա­պա մկրտե­լով` ս. պա­տա­րա­գի ևս ար­ժա­նաց­նում: Ըստ այսմ` քա­նի որ հավատ­քը հիմ­նա­կան տեղ է բռնում մկրտու­թյան մեջ, ան­կա­րե­լի է մկրտել ան­դարձ հե­թա­նո­սին կամ ան­հավատ ծնո­ղաց որ­դի­նե­րին[11]: Ա­ռա­քյալք ևս մկրտում էին ամ­բողջ ըն­տա­նի­քը միայն այն ժա­մա­նակ, երբ ծնող­ներն ու չա­փա­հաս ան­դամ­նե­րը դաստիա­րա­կված էին լի­նում քրիս­տո­նեա­կան վար­դա­պե­տու­թյամբ[12]: Այդ­պես էին վար­վում մա­նուկ­նե­րի հետ նաև ա­ռա­քե­լա­կան հայ­րե­րը, ինչ­պես վկա­յում են Զմյուռ­նա­յի ե­պիս­կո­պոս Պո­ղի­կար­պոսն († 156) ու Ո­րի­գի­նե­սը († 254): Իսկ ե­թե հե­թա­նոս ծնող­նե­րի ե­րե­խա­նե­րին մկրտեն, կդա­տա­պար­տվին թե՛ մկրտված­ներն ու թե՛ մկրտվող­նե­րը[13], վասնզի այդ­պի­սի վար­մուն­քով ցույց տված կլի­նին հավատ­քի գաղ­ջու­թյուն և անզ­գա վե­րա­բեր­մունք դեպի աստվա­ծա­յին մեծ սրբու­թյունը: Բա­ցա­ռու­թյուն են կազ­մում մի­միայն այն ե­րե­խայք, ո­րոնք ըն­կե­ցիկ են կամ ծնող­նե­րից զրկված. այդ­պի­սիք Հա­յաստա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցու որ­բախ­նամ հաստա­տու­թյան սե­փա­կա­նու­թյուն են կազ­մում և մկրտվում են` քրիս­տո­նյա կնքա­հոր խնա­մա­տա­րու­թյան հանձնվե­լով[14]:

Կնքա­հայրն էլ, ինչ­պես բառն իսկ ցույց է տա­լիս, կա­րող է մի­միայն տղա­մար­դը լի­նել, որպեսզի ճշտիվ հա­մա­պա­տաս­խա­նի այդ ս. խոր­հուր­դի էու­թյան: Ե­թե կի­նը ստանձ­ներ այդ դերն և կնքա­մայր դառ­նար, հա­կա­սու­թյուն հառաջ կբե­րեր, վասնզի կնքա­մայ­րը կամ մայ­րը մի­միայն Ե­կե­ղե­ցին է, որ վերս­տին ծնում է ման­կան ի ժա­ռան­գու­թյուն և որ­դեգ­րու­թյուն երկ­նավոր Հոր. մինչ­դեռ կնքա­հայրն ոչ թե մայ­րա­կան դե­րի խոր­հուրդն է ներ­կա­յաց­նում, այլ հայ­րա­կան, այ­սինքն` Ավե­տա­րա­նի, հանձն առ­նե­լով ու­սու­ցա­նել ման­կան ս. Ավե­տա­րա­նի ճա­նա­պար­հով: Այդ­պես և տղա­մարդն է սո­վո­րա­բար վկա­յու­թյան գոր­ծում ըն­դուն­վում[15]: Ուստիև ինչ­պես որ Քրիս­տո­սի մկրտու­թյան մի­ջո­ցին Տի­րա­մոր կամ առ­հա­սա­րակ կա­նանց ներ­կա­յու­թյուն չէ հիշ­վում, այդ­պես էլ նո­քա սո­վո­րա­բար բա­ցա­կա­յում են ի նշան և ի հուշ, որ ներ­կա­յա­ցու­ցիչ են և սպա­սավոր են մարմ­նավոր ծննդյան, ըստ յուրյանց բնա­կան կար­գին, և ոչ վե­րած­նու­թյան[16]: Նո­ցա բա­ցա­կա­յու­թյամբ մա­նու­կը չէ հիշեց­նում մկրտու­թյան ս. խոր­հուր­դի կա­տար­ման ժա­մա­նակ հին Ա­դա­մի ժա­ռան­գավո­րած ախ­տավոր մարմ­նա­կան ծնուն­դը, այլ ա­մեն­քի մեջ ներշն­չում է նոր Ա­դա­մի հո­գևոր և ա­նախտ ծնուն­դը, ո­րով մկրտվո­ղը վե­րածն­վում, նո­րոգ­վում է` նոր կյան­քի հա­մար լու­սա­զար­դվելով: Ու­րեմն մարմ­նավոր ծնողն ու­ղար­կում է յուր ման­կան ար­քա­յու­թյան ըն­տա­նի­քի մո­րը և վերս­տին ստա­նում է այդ հո­գևոր ծնո­ղից յուր լու­սա­զարդ սա­նի­կին:

Մկրտու­թյունը պետք է, որ նա­խա­պատ­րաստու­թյամբ լի­նի: Քրիս­տո­սի իս­կա­կան մկրտու­թյան նա­խա­պատ­րաստող ե­ղավ Հովհան­նես Մկրտիչն, որ օ­րի­նա­կան լվա­ցո­ղու­թյամբ ա­պաշ­խա­րել էր տա­լիս և Աստ­ու­ծո ար­քա­յու­թյան ճա­նա­պարհ բաց ա­նում նո­ցա սրտե­րի մեջ, որպեսզի պատ­րաստ լի­նեին ըն­դու­նե­լու Քրիս­տո­սի փրկու­թյունն ու Հո­գով Սրբով մկրտվելու[17]: Ժո­ղո­վուրդն էլ դի­մում էր դեպի այդ ա­պաշ­խա­րա­կան մկրտու­թյունը, ըստ ո­րում` թլփա­տու­թյամբ ևս, հիշում էր միշտ Աբ­րա­հա­մի հետ դրած աստվա­ծա­յին Հին Ուխ­տը, ո­րոշ­վում էր հե­թա­նոս ան­հավատ­նե­րից և սպա­սում 0ծյալի փրկա­գոր­ծու­թյան: Նույն կար­գով պետք է նա­խա­պատ­րաստվի և չմկրտվա­ծը, կամ, ե­թե մա­նուկ է, նո­րա ծնո­ղը, որպեսզի ու­ղիղ և ան­սայ­թաք լի­նի նո­րա ըն­թաց­քը դեպի սրբու­թյուն և վե­րած­նու­թյուն: Ջեր­մե­ռանդ հավատ­քով վե­րա­բեր­մուն­քը պա­հանջ է թե՛ մկրտվո­ղի և թե՛ մկրտո­ղի վրա, ո­րոնք պետք է միշտ հիշեն Ս. Հոր խոս­քը. «Նա թէ եւ ոչ Հո­գին Սուրբ մկրտի­ցի ընդ մկրտեալսն, ոչ մկրտու­թիւնն կա­տա­րեալ ա­սի, այլ լուա­ցումն ջրոյ»` կա­րոտ իս­կա­կան մկրտու­թյան (Ս. Եղիշե, 314): Այդ է պատ­ճառն, որ քա­հա­նան պար­տավոր է ան­սվաղ կա­տա­րել մկրտու­թյունն և ա­պա պա­տա­րագ մա­տու­ցա­նել սրբու­թյամբ[18]: Այ­սինքն` ոչ միայն մկրտվողն, այլև մկրտող պաշ­տոնյան պար­տավոր է բա­րե­պաշ­տու­թյան զգաց­մունք­նե­րով և ջեր­մե­ռանդ հավատ­քով զի­նված մտնել այն խորհր­դա­կա­տա­րու­թյան մեջ, ո­րով պայ­մա­նավո­րված է մար­դու ամ­բողջ ա­ճու­մը, զար­գա­ցումն, հառաջա­դի­մու­թյունն ու լու­սավոր կյան­քը:

Ա­հա այս­պի­սի խորհր­դավո­րու­թյամբ է կա­տար­վում այս ս. խոր­հուր­դը, և ո­րով­հե­տև ճշմա­րիտ մկրտու­թյունը, ի­րա­գոր­ծվելով հանուն Հոր և Որդ­վո և Հոգ­վույն Սրբո, միան­գամընդմիշտ սրբում է մեկ սկզբնա­կան մեղ­քը, միան­գամընդմիշտ վե­րած­նում է, մի ան­գամ է ի­րա­կա­նաց­նում ճշմա­րիտ հաշ­տու­թյունն ի մահն Քրիս­տո­սի և ի հարությունն, և դրոշ­մով մի ան­գամ է տրվում ան­քակ­տե­լի կնի­քը մկրտվո­ղի հո­գու վրա[19], հաս­կա­նա­լի է, որ այդ­պի­սի մկրտվա­ծը չի կա­րող կրկին ան­գամ մկրտվիլ: Կրկնել մկրտու­թյունը նշա­նա­կում է մի այլ Եր­րոր­դու­թյուն դավա­նել. ըստ ո­րում և մի այլ Քրիս­տոս, փրկչա­կան մի այլ մահ, կրկնա­կի վե­րած­նու­թյուն և մի այլ Ս. Հո­գու, իսկ այս­պես դավա­նե­լը հերձ­վա­ծո­ղու­թյուն է: «Մի Տէր, մի հա­ւատք, մի մկրտու­թիւն», - ա­սում է ս. ա­ռա­քյալը (Եփ., Դ 5), այն­պես որ Հոր և Որ­դու և Ս. Հո­գու ճշմա­րիտ ա­նու­նով և ա­ռա­քե­լա­կան կար­գով մկրտվա­ծը հա­մար­վում է մկրտված ամեն մի քրիստո­նեա­կան և ճշմա­րիտ ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցու հա­մար: «Քան­զի անհ­նար է մի ան­գամ մկրտե­լոցն, որ ճա­շա­կե­ցին յերկ­նա­ւոր պար­գե­ւացն, եւ հա­ղորդք ե­ղեն Հոգ­ւոյն Սրբոյ, եւ զգե­ղե­ցիկ Բա­նին Աստ­ու­ծոյ ճա­շակս ճա­շա­կե­ցին, եւ զզօ­րու­թիւնս հան­դեր­ձե­լոյ աշ­խար­հին, եւ կոր­ծա­նես­ցին, միւս ան­գամ նո­րո­գել յա­պաշ­խա­րու­թիւն եւ վերս­տին ի խաչ հա­նել ան­ձանց զՈր­դին Աստ­ու­ծոյ, եւ դար­ձեալ խայ­տա­ռա­կել», - գրում է Ս. Պո­ղոս ա­ռա­քյալը[20]: Մկրտու­թյան փրկա­կան հաստա­տու­թյան և անջն­ջե­լի ի­րա­գոր­ծու­թյան տե­սա­նե­լի հայտա­րարն է Հա­յաստա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցում ս. Ավա­զա­նի ան­շար­ժու­թյունը[21]:

Սա­կայն Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցին վերս­տին մկրտում է այն ա­ղան­դավոր­նե­րի մկրտած­նե­րին (ա­րիո­սյան, մա­կե­դո­նյան, նես­տո­րա­կան, սա­բե­լյան և այլն), ո­րոնք չու­նին Ս. Եր­րոր­դու­թյան ճշմա­րիտ դավա­նու­թյունն և ու­րեմն ճշմա­րիտ հավատ­քով ու հավա­տամ­քով չեն մկրտում հանուն Հոր և Որդ­վո և Հոգ­վույն Սրբո, և կամ թե որևիցե կեր­պով ել­նում են ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու կար­գից` էա­պես ու խորհր­դավո­րա­պես խախ­տե­լով այդ ս. խոր­հուր­դի կա­տա­րու­մը: Այս­պես, օ­րի­նակ, կա­յա­ցած չէ այն մկրտու­թյունն, որ կա­տա­րվել է մաս­նավոր աշ­խար­հա­կան մար­դու կամ մին­չև ան­գամ սար­կավա­գի և ոչ թե քա­հա­նա­յա­կան ձեռ­նադ­րու­թյուն ստա­ցած հո­գևո­րա­կա­նի ձեռ­քով, ինչ­պես գի­տենք թե՛ ա­ռա­քյալ­նե­րի կար­գից, որ Փի­լիպ­պոս սար­կավա­գի քա­րո­զու­թյամբ մկրտված­նե­րի փրկու­թյունը ի­րա­գոր­ծված չէ հա­մար­վում, և թե՛ Ս. Նու­նեի պատ­մու­թյունից, որ Ս. Գրի­գոր Լու­սավոր­չից քա­հա­նա­ներ խնդրեց Վրաց վե­րած­նու­թյան հա­մար[22]: Ըստ ո­րում և ե­թե մեկը վե­րա­հաս մա­հվան ճգնա­ժա­մին հավատ­քով փա­փա­գում է մկրտվել, նա ոչ թե կա­րող է աշ­խար­հա­կա­նի ձեռ­քով հաս­նել յուր փա­փա­գին, այլ մկրտված ու փրկված է հա­մար­վում յուր հավատ­քով[23], ինչ­պես և փրկու­թյան ար­ժա­նա­ցել են Քրիս­տո­սի փրկա­գոր­ծու­թյան հուսով վախ­ճա­նված նա­հա­պետ­ներն ու սրբե­րը Հին Ուխ­տում: Եվ քա­նի որ մկրտու­թյան խորհր­դի ի­րա­կա­նաց­ման հա­մար նախ անհ­րա­ժեշտ է հավատք և երկ­րորդ` սրբազ­նա­գործ ա­րա­րո­ղու­թյունն, ակ­նե­րև է, որ չի ի­րա­գոր­ծվիլ ա­ռանց հավատ­քի, լոկ սրբա­զան ա­րա­րո­ղու­թյամբ և կամ հավատ­քով, բայց կեղծ ա­րա­րո­ղու­թյամբ, այլ վե­րա­հաս մա­հվան ար­գել­քը լիա­զորու­թյուն է տա­լիս հավատ­քի փրկա­րա­րու­թյան:

Մկրտու­թյան ս. խոր­հուր­դը սկզբից մին­չև վերջ գե­ղեց­կա­պես պատ­կե­րա­նում է յուր աստի­ճա­նա­կան ըն­թաց­քով և հիմ­քե­րով Հա­յաստա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցու ա­րա­րո­ղու­թյան մեջ: Նախ` ե­րե­խա­յի կող­մից աս­վում են Ե­կե­ղե­ցու դրան ա­ռաջ հինգ հա­տված սաղ­մոս­ներ` ըստ հինգ զգա­յա­րա­նաց, ո­րոն­ցով խնդրվում է Աստ­ու­ծո ո­ղոր­մու­թյունն, ա­ռաջ­նոր­դու­թյունն ու լու­սավո­րու­թյունը դար­ձող և ի Տեր հուսա­ցո­ղի վրա: Դո­րա հե­տևանքն է լի­նում, որ սպի­տակ ու կար­միր նա­րոտը ո­լոր­վում է` «միա­ւո­րեալ ի մի ի խոր­հուրդ կե­նա­րար ա­րեան եւ ջրոյն, որ ել ի տի­գե­րա­խոց կո­ղէն Քրիս­տո­սի». մկրտվո­ղը պսա­կի հուսով մտնում է Քրիս­տո­սի հո­վա­նավո­րու­թյան ճա­նա­պար­հը և եր­րեակ աղոթ­քից հետո ա­սում է «Հրա­ժա­րիմ­քը»: Այս ա­ռա­ջին մա­սով ե­րե­խան ե­րես է դարձ­նում մե­ղան­չա­կան աշ­խար­հից ու կյան­քից:

Երկ­րորդ մա­սում մկրտվո­ղը դառ­նում է «ի լույս աստված­գի­տու­թյան», խոս­տո­վա­նում է «Հավա­տամ­քը», լսում է Ավե­տա­րանն ու Հա­յոց դավա­նան­քը, քա­հա­նա­յի աղոթ­քով խնդրվում է հավա­սա­րել ճշմա­րիտ երկր­պա­գու­նե­րի հետ և ու­րա­խու­թյան սաղ­մոս­նե­րով մտնում է ե­կե­ղե­ցի ու շա­րա­կա­նով դի­մում դեպի ավա­զա­նը:

Եր­րորդ մա­սում կա­տար­վում է բուն մկրտու­թյունը, ըստ ո­րում, օրհն­վում է ջու­րը, որ Ս. Հո­գով դառ­նա «ի սրբու­թիւն հո­գե­ւոր ի­մաստու­թեան, ի նա­հա­տա­կու­թիւն եւ ի յաղ­թու­թիւն հա­կա­ռա­կա­մար­տին, ի զօ­րու­թիւն պա­տուի­րա­նա­պա­հու­թեան ա­ռա­քի­նի գոր­ծոց, եւ յա­մե­նա­կա­տար հրա­հանգս եւ ի կրթու­թիւնս աս­տուած­­պաշ­տու­թեան: Որ­պէս զի լու­սա­ւո­րեալ մտօք եւ ա­ռա­քի­նա­սէր վա­րուք կեց­ցէ յայսմ աշ­խար­հիս ի փրկու­թիւն ան­ձին իւ­րոյ, ի պա­տիւ եւ ի փառս ա­մե­նա­սուրբ Ե­րրոր­դու­թեան: Եւ ար­ժա­նի լի­ցի հա­սա­նիլ վի­ճա­կի ժա­ռան­գու­թեան սրբոցն ի լոյս»: Այս օրհ­նու­թյան կար­գը սաղ­մոս­նե­րով, ըն­թեր­ցված­նե­րով, աղոթ­քով ու ս. մյու­ռո­նով կա­տա­րե­լուց հետո, քա­հա­նան մկրտում է ե­րե­խա­յին: Այս լի­նում է չոր­րորդ մասն, ո­րով մա­նու­կը ստա­նում է վե­րա­ծնու­թյան շնորհ­նե­րը Ս. Հո­գով. «Որք ի Քրիս­տոս մկրտե­ցա­րուք, զՔրիս­տոս զգե­ցեալ էք, որ ի Հայր լու­սա­ւո­րե­ցայք, Ս. Հո­գին բերկ­րես­ցի ի ձեզ»[24]: Եվ այս կար­գից հետո կա­տար­վում է դրոշ­մի ս. խոր­հուր­դի ա­րա­րո­ղու­թյունը[25]:

Բայց ո­րով­հե­տև քրիս­տո­նյա­յի զավակն այլևս ոչ թե, ըստ Ա­դա­մի կար­գին, ա­նեծ­քով է ծնվում, այլ ըստ նոր Ա­դա­մին` ավե­տի­քով և ու­րա­խու­թյամբ իբ­րև Աստ­ու­ծո և յուր ե­կե­ղե­ցուն ըն­ծա, ուստիև աստվա­ծա­յին օրհ­նու­թյան ու­րա­խու­թյունը ծննդյան օ­րիցն է սկսվում, երբ քա­հա­նան գնում է տու­նը, «խոր­հուրդ մեծ» եր­գում` ըստ հրեշ­տա­կաց, Քրիս­տո­սի Ծննդյան Ավե­տա­րա­նը կար­դում և Ս. Կույսի ող­ջույնը տա­լիս ծննդա­կա­նին. «Ու­րախ լեր, բերկ­րեա՛լդ, Տէր ընդ քեզ, օրհ­նեալ ես դու ի կա­նայս, եւ օրհ­նեալ է պտուղ ո­րո­վայ­նի քո»[26]:

Եվ ինչ­պես որ մկրտու­թյունից ութ օր հետո քա­հա­նան գնում է, նա­րոտը վերց­նում և, լո­ղաց­նե­լով ման­կա­նը, վե­րա­հաստա­տում նո­րա վե­րած­նու­թյունն ու սրբու­թյունն ու ավե­տում, թե` «Ար­դա­րա­ցար, սրբե­ցար, զօ­րա­ցիր յա­նուն Հօր եւ Որդ­ւոյ եւ Հոգ­ւոյն Սրբոյ», այն­պես էլ քա­ռա­սուն օր լրա­նա­լուց հետո մայ­րը գա­լիս է ե­կե­ղե­ցի, նո­րան նվի­րում յուր ման­կան և աղոթ­քով ստա­նում է աստվա­ծա­յին «շնոր­հաց ու զորու­թյան» հո­վա­նու տակ: Այս կար­գով մայ­րը մո­ռա­նում է մարմ­նավոր ցավով ծնուն­դը և ըն­դու­նում սրբված, Աստ­ու­ծո ճշմա­րիտ երկր­պա­գու և «աստված­գի­տու­թյան լույսը զգե­ցած» ման­կան, որ կոչ­վում է նոր ճա­նա­պարհ ըն­թա­նալ Քրիս­տո­սի շավ­ղով (Ղուկ., Բ 22-39): Մի խոս­քով, թե՛ մկրտու­թյան և թե՛ նո­րա հարա­կից կար­գե­րի խոր­հուրդն ու էու­թյունը ցույց է տա­լիս, որ մա­նու­կը ծնվում է Քրիս­տո­սի ծննդյան խոր­հուր­դով, սրբվում է Քրիս­տո­սով և ա­ճում, զորա­նում է Քրիս­տո­սի հետ, որպեսզի նո­րա խա­չը կրե յուր վրա ե­կե­ղե­ցու հա­ռա­ջա­դի­մու­թյան հա­մար:

Հռովմեա­կան ե­կե­ղե­ցին տար­բեր­վում է ա­ռա­քե­լա­կան կար­գից այս խոր­հուր­դի թե՛ գոր­ծո­ղու­թյամբ ու թե՛ բա­նա­ձևով: Հա­յաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցու մկրտու­թյան բա­նա­ձևն է. «(Այս ա­նուն) ծա­ռայս Աստ­ու­ծոյ ե­կեալ յե­րա­խա­յու­թե­նէ ի մկրտու­թիւն, մկրտի յա­նուն Հօր եւ Որդ­ւոյ եւ Հոգ­ւոյն Սրբոյ, գնեալ ա­րեամբն Քրիս­տո­սի ի ծա­ռա­յու­թե­նէ մե­ղաց, ըն­դու­նի զոր­դեգ­րու­թիւն Հօրն երկ­նա­ւո­րի, լի­նել ժա­ռան­գա­կից Քրիս­տո­սի եւ տա­ճար Հոգ­ւոյն Սրբոյ», ո­րի մեջ էա­կանն է` «Մկրտի յա­նուն Հօր եւ Որդ­ւոյ եւ Հոգ­ւոյն Սրբոյ»: Այս էա­կան մա­սը մնա­ցել է ա­ռա­քյալ­նե­րի ժա­մա­նա­կից, սա­կայն Հռովմեական ե­կե­ղե­ցին, ուժ տա­լով յուր կղե­րի նշա­նա­կու­թյան և իշ­խա­նու­թյան, այս ևս փո­փո­խել է մո­լո­րա­բար, ձևա­կեր­պե­լով այս­պես. «Ես մկրտեմ (զայս ա­նուն) յա­նուն Հօր եւ Որդ­ւոյ եւ Հոգ­ւոյն սրբոյ. Ա­մէն»: Այս­պի­սով, նա թե՛ ա­ռա­քե­լա­կան կարգն է խան­գա­րում և թե՛ մկրտո­ղի ան­ձին ավե­լի ա­ռաջ­նա­կարգ նշա­նա­կու­թյուն է տա­լիս, քան թե Քրիս­տո­սին ի վնաս քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցու ա­ռա­քե­լա­կան միու­թյան և հո­գևոր նշա­նա­կու­թյան: Իսկ այդ­պի­սի մարդ­կա­յին ձգտումն է, որ դա­տա­պար­տում է Պո­ղոս ա­ռա­քյալը, քա­նի որ Քրիս­տոս է ևեթ մկրտու­թյան իս­կա­կան կա­տա­րո­ղը քա­հա­նա­յի ձեռ­քով[27]:

Հռովմեական ե­կե­ղե­ցին մկրտու­թյունն էլ այլապես է կա­տա­րում, ոչ թե ե­րիցս ընկղ­մե­լով, այ­սինքն` մկրտե­լով ջրի մեջ, այլ միայն ջուր սրսկե­լով ե­րե­խա­յի վրա, ինչ­պես եր­բեմն ա­նում էին հին դա­րե­րում հիվանդ­նե­րին: Նեո­կե­սա­րիա­յի ժո­ղո­վը Գ. դա­րում այդ մի ար­գե­լված ու դա­տա­պար­տե­լի գործ է հա­մա­րում` մեր­ժե­լով այդ­պես մկրտված­նե­րին հո­գևոր աստի­ճա­նից (Կա­նոն ԺԲ.): Մինչ­դեռ Հռովմեական ե­կե­ղե­ցին ԺԳ դա­րում մտցրեց այդ­պի­սի մո­լար սո­վո­րու­թյունն, ինչ­պես վկա­յում է նույնիսկ Թով­մա Աք­վի­նա­ցին: Այդ­պի­սով նա չա­րա­չար սխալ­վում է, զի եղ­ծում է ե­րեք­օ­րյա թաղ­ման խոր­հուր­դի ա­րա­րո­ղու­թյունը, ո­րին են­թարկ­վում է մա­նու­կը զգա­լա­պես և ել­նե­լով, ու­րեմն, Քրիս­տո­սի հետ հարություն առ­նում նոր կյան­քի հա­մար:

Բո­ղո­քա­կան­ներն էլ ե­թե ըն­դու­նում են մկրտու­թյան ս. խոր­հուրդ լի­նե­լը, սա­կայն ու­սու­ցա­նում են Հռովմեական ե­կե­ղե­ցուն հա­կա­ռակ, որ իբր թե մկրտու­թյունն ոչ թե Քրիս­տո­սի հավա­տաց­յալին վերջ­նա­կա­նա­պես սրբում է նախ­նա­կան և անձ­նա­կան մեղ­քե­րից, այլ միայն նշա­նակ է այդ մեղ­քե­րի ներ­ման, ըստ ո­րում, այդ­պի­սով մարդ նո­րա հարա­բե­րու­թյան մեջ է մտնում Աստ­ու­ծո հետ: Ու­րեմն մկրտու­թյամբ մարդ դառ­նում է Աստ­ու­ծո որ­դի, հույս է ստա­նում հավի­տե­նա­կան կյան­քի և աստվա­ծա­յին շնոր­հաց, ո­րոնք և ստա­նում է ան­տե­սա­նե­լի և ար­տա­քին որևիցե պայ­մա­նից ան­կախ կեր­պով: Այս վար­դա­պե­տու­թյունն ակ­նե­րև հա­կա­սու­թյուն է, վասնզի ե­թե Աստ­ված մկրտու­թյամբ չէ սրբում մար­դու մեղ­քե­րը, այլևս ինչո՞ւ է սահ­մա­նել այդ և կամ ին­չո՞ւ չէ սրբում. մի՞թե չի կա­րող կամ չէ կա­մե­նում և կամ ին­չո՞ւ նե­րում է մկրտվա­ծի մեղ­քե­րը, երբ նա իս­կա­պես մե­ղավոր է: Եվ քա­նի որ Քրիս­տոս երկ­րորդ Ա­դամն է, չէ՞ որ նո­րա­նով նոր կյանք և ար­դա­րու­թյուն է պար­գևում մար­դուն մկրտու­թյամբ: Այլև Քրիս­տոս սուրբ է, չէ՞ որ սուրբ է և նո­րա մար­մի­նը` ե­կե­ղե­ցին կամ հավա­տա­ցյալը, չէ՞ որ նա փրկեց Ա­դա­մի մե­ղան­չու­մով ըն­կած մար­դուն և մկրտու­թյամբ բարձ­րաց­նում է, իսկ ե­թե մար­դը մնում է նույն վի­ճա­կում, և Քրիս­տոս յուր ար­դա­րու­թյամբ մի­միայն ծած­կում է նո­րա մեղ­քը, այլևս այդ ինչ փրկու­թյուն է կամ նո­րո­գու­թյուն, երբ մարդ դեռևս մե­ղաց մեջ թավալ­վում է: Ակն­հայտ­նի այս հին մո­լո­րու­թյունն, որ Ո­րի­գի­նե­սի ա­շա­կերտ Պրոկ­ղը և ու­րիշ հե­րե­տի­կոսք հնա­րե­ցին, բո­լո­րո­վին հա­կա­սա­կան է ու դա­տա­պար­տե­լի, ըստ ո­րում, հա­կա­ռակ է նաև Ավե­տա­րա­նի վար­դա­պե­տու­թյան, որ ա­սում է, թե մկրտու­թյամբ մարդ ստա­նում է նոր կյանք, սրբվում է մեղ­քե­րից և նո­րոգ­վում նոր Ա­դա­մով (Հովհ., Գ 4-6. Գործք, Բ 38. Ա Կոր., Զ 11 և այլն):

Բայց Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցին, ճա­նա­չե­լով Քրիս­տո­սի փրկա­գոր­ծու­թյան էու­թյունն, որ ճշմար­տա­պես ի­րա­գործ­վում է յուրա­քան­չյուր մկրտվո­ղի վրա այս ս. խորհր­դով, յուր խորհր­դա­կա­տա­րու­թյամբ ևս շատ ան­գամ է հիշում այս սկզբուն­քի հաս­տա­տու­թյունը հա­կա­ռակ վե­րո­հիշյալ ծայ­րա­հեղու­թյանց: Նա ամ­փո­փում է մկրտվո­ղի խնդրա­ծը այս­պես. «Հա­ւատք, յոյս, սէր եւ մկրտու­թիւն. Մկրտիլ եւ ար­դա­րա­նալ. սրբիլ ի մե­ղաց, ա­զա­տիլ ի դի­ւաց եւ ծա­ռա­յել Աս­տու­ծոյ»: Մկրտողն էլ խնդրում է աղոթ­քի մեջ. «Մեր­կեա՛ ի սմա­նէ զհնու­թիւն մե­ղաց եւ նո­րո­գեա՛ ի կեանս նորս եւ լցո՛ զօ­րու­թեամբ Հոգ­ւոյդ Սրբոյ ի նո­րո­գու­թիւն փա­ռաց Քրիս­տո­սի քո»: Եվ ա­պա մկրտե­լով և հանձ­նե­լով կնքա­հորը` հայտա­րա­րում է. «Որք ի Քրիս­տոս մկրտե­ցայք, զՔրիս­տոս զգե­ցեալ էք, ա­լէ­լուիա: Որք ի Հայր լու­սա­ւո­րե­ցայք, Սուրբ Հո­գին բերկ­րես­ցի ի ձեզ, ա­լէ­լուիա»: Այս ա­մենն ար­տա­հայտում է այն մեծ ի­րո­ղու­թյունն, որ կա­տար­վում է նո­րոգ հավա­տա­ցյալի վրա. նա, ըստ նա­խըն­թա­ցին, մեռ­նում է յուր հին մար­դով Քրիս­տո­սի հետ և իբ­րև նոր մարդ հարություն առ­նում Քրիս­տո­սով, որ­պես­զի դար­ձյալ Քրիս­տո­սով ու Քրիս­տո­սի հետ նոր կյան­քի մեջ նո­րո­գա­պես հարա­տևի:

 

[1] Հովհ., Գ 5. Հռովմ., Զ 3, 4. Մատթ., ԻԸ 18-20. Մարկ., ԺԶ 16. Հռ., Ը 17:

[2] Հաճախ., Բ 423:

[3] Ծննդ. Ա, 2, 20. Բ 5. Հովբ, ԺԴ 9. Բ Պետր., Գ 5:

[4] Եփ., Ե 26. Մատթ., ԻԸ 19. Գործք, ԺԶ 3. ԺԵ 1-30. Գաղ., Բ 3. Ղուկ., Բ 21. Մատթ., Գ 13-15. Հովհ., Գ 22. Դ 1-2:

[5] Հռ., Ե 10. Զ 3-5. Կող., Բ 12. Գաղ., Գ 27. Եբր., Ժ 22. Ա Պետր., Գ 21. Գործք, ԻԲ 16. Բ 38. Սաղմ., Ծ 7: Ս. Հովհ., Իմաստ.,12, 86. Եղիշե, 83, 213:

[6] Հովհ. Իմաստ., 12. Շարական, 409. Եղիշե, 208, 344. Ագաթ., 238-239:

[7] «Մի՛ ի լոկ ջուր եւ դատարկ հայիցես յաւազան անդր, այլ շուրջ զջրովն եւ շնորհօքն խառնի Հոգին Սուրբ կենդանի: Քանզի կրկին է մարդն` յոգւոյ եւ ի շնչոյ կարգեալ. վասն այսորիկ եւ սրբողն պիտի, զի որ անմարմին է` անմարմնովն, եւ որ մարմնաւոր է` մարմ­նովն: Արդ ջուրն սրբէ զմարմինն, եւ ոգին դրոշմէ զհոգին, զի ցօղեալք ի սիրտս եւ լուա­ցեալք զմարմինն ջրով սրբով, մատչիլ եւ յանդիման լինիլ առաջի Աստուծոյ մեծու­թեան աստուածութեան կարասցուք: Արդ` յորժամ իջանես ի ջուր անդր, մի իբրեւ ի թե­թեւ եւ ի դա­տարկ ջուր ինչ հայիցես. այլ ի զօրութենէ Հոգւոյ անտի՛ փրկութեանն սպա­սեսջիր, զի առանց երկուցն անհնար է քեզ կատարեալ լինել»: Ս. Կյուրեղ, Կոչ. Ընծայ., 42:

[8] Տե՛ս նախորդ հղումը (խմբ.):

[9] Հմմտ., Ս. Հովհ. Իմաստ., Ճառք, էջ 9:

[10] Ա Կոր., Ժ 1-12. Ժամագիրք:

[11] Ընդհանր., 81, 311-314. Ս. Հովհ. Իմաստ., 6:

[12] Գործք, Ժ 24. ԺԶ 15-33. ԺԸ 8. Ա Կոր., Ա 16:

[13] Մատթ., Է 6. Ընդհանր., 81. «Ասեմք եւ յաղագս զծնունդս այլազգեացն մկրտելոյ, որ սովորութեամբ բերի ի հին ժամանակաց, եւ է ընդդէմ հրամանին Քրիստոսի, որպէս ասաց` «Ոչ տալ զսրբութիւն շանց...»:

[14] Ս. Գրիգոր Տաթևացի, Հարց., էջ 591. Որբանոցներ, անկելանոցներ և այլ սույն­պի­սի բարեգործական հաստատությունները կարգի դրավ Հայաստանում Ս. Ներսես Մեծն` հանձնելով այդոնց հոգատարությունը վանական միաբանությանց: Նույն կար­գերը մնա­ցին և հետևյալ դարերում, ինչպես ցույց են տալիս Դվնա և Պարտավի Ս. ժողովների կանոնները:

[15] Ս. Գրիգոր Տաթևացի, Հարց., 591:

[16] Տե՛ս Բուն Մաշտոց, էջ 233. «Քանզի կանայք` ախտաւոր եւ մարմնական ծննդեանն սպասաւոր են եւ ձեռնտու, ի հոգեւոր եւ յանախտ ծնունդ մի հուպ լիցին»: - «Մկրտութիւն առնել երկիւղածութեամբ, եւ կանայք ի ժամ մկրտութեան մերձ առ քա­հա­նայսն մի՛ իշխեսցին կալ, որպէս սովորեցին ոմանք առնել յանդգնաբար եւ մկրտել ընդ նոսա, այլ ի տեղւոջ իւրեանց աղօթեսցին»: Ս. Սահակ, Կանոնք:

[17] Մարկ., Ա 4. Է 4-8. Եբր., Թ 9-10. Ս. Ներսես Շնորհալի, Մեկն., Մատթ., 52:

[18] Ընդհանր., 80-81. Ս. Հայրը հրամայում է երկյուղածությամբ կատարել մկրտու­թյունն և ապա ասում է. «Եւ մի ոք ի քահանայից յետ հաց ուտելոյ իշխեսցէ առնել մկրտութիւն առողջից մանկանց, բայց եթէ յերկիւղէ մահու, այլ նախ կատարեսցէ զմկրտութեանն գործ, եւ ապա մատուսցէ զպատարագն սուրբ, յորմէ եւ զմկրտեալն հաղորդեցուսցէ»:

[19] Ս. Գրիգոր Տաթևացի, Հարց., 590:

[20] Եբր., Զ 4-6. Հռովմ., Զ 3. Գաղ., Գ 27:

[21] Ս. Հովհան Իմաստասեր, Ճառք, էջ 5, 6, 7. «Հարկ է հաւանութեամբ եւ հաւատովք հետեւել զկնի բոլոր քրիստոսականացս եւ սեղան եւ աւազան քարեղէն անշարժաբար յամենայն եկեղեցիս արձանացուցանել». - «Զի եւ պատշաճագոյն իսկ առ յարմարութիւն խորհրդոյս` զնիւթս զայս տեսանեմ եղեալ, որպէս թէ զանյողդողդ եւ զանշարժահիմն փրկութեան մերոյ իրողութիւն` կարծրագոյն եւ դժոխաշարժելի գործարանաւ տնօրի­նել»:

[22] Գործք, Ը 12-18. «Եւ սարկաւագունք մկրտութիւն մի իշխեսցեն առնել, ապա եթէ արասցեն` լուծեալ լիցին ի սարկաւագութենէն հանդերձ պատուհասիւ, զի ոչ է սար­կա­ւագն քահանայ, այլ` սպասաւոր քահանային»: Ս. Սահակ:

[23] «Եթէ դիպեսցի երախայի հիւանդանալ, եւ քահանայն հեռի իցէ, եւ ընթանան ըն­տա­նիքն առ քահանայն ի կոչել, անդէն ուր դիպաւ, քահանայն սկսցի զկարգ մկրտու­թեան յանուն երախային, եւ եթէ դէպ լիցի երախային մեռանել, յորժամ եկեսցէ քա­հանայն եւ կնքեսցէ սուրբ նշանաւն զգլուխն եւ թաղեսցէ ընդ Քրիստոսի մկրտեալսն, այդ կանոն ի վերայ ակամային դիպեսցի»: Կանոն Սիոն կաթուղիկոսի: Հմմտ. և Կո­չումն Ընծ. «Եթէ ոք ոչ ընկալցի զմկրտութիւնն, փրկութիւն ոչ գոյ նորա, բայց միայն մար­­տիրոսացն, որք եւ առանց ջուրց առնուն զքաւութիւն»:

[24] Տե՛ս և Ս. Հովհ. Իմաստ., էջ 9. Ս. Հովհ. Մանդակունի, 122:

[25] «Մկրտութիւնս ոք ծուլութեամբ մի իշխեսցէ առնել, որպէս լսեմք, այլ երկիւղիւ եւ զգուշութեամբ, բուրուառօք եւ ճրագովք, եւ առագաստեալ վարագուրօք, որպէս վայել է, լուսաւորութեամբ ս. Աւազանին: Եւ աւազանն կանգնեսցի յեկեղեցւոջն կամ ի տան պաշտամանն, թէ քարեղէն իցէ, թէ զինչ եւ իցէ, երկիւղածութեամբ արժանի եւ բաւա­կանութեամբ գործոյն, լուսաւորութեան լայնութեամբ եւ խորութեամբ, զի բաւակա­նաբար ծածկեսցէ ջուրն զհասակ մանկանցն, որ մկրտիցին: Եւ ի տունս շինականացն քահանայք մկրտութիւն մի՛ իշխեսցեն առնել, բայց վասն երկիւղի մահու, թէ վտանգ ինչ իցէ»: Ներսես Բ, Կանոն Դվնա Ս. ժողովին, որ 551 թվին:

[26] Մաշտոց, ձեռաց., 323. Ղուկ., Բ 8-21. Ա 39-56: Տե՛ս և ստորև գլ. ԽԲ: Ամբողջ ժողովուրդ մկրտելու հրահանգը տե՛ս Ընդհանր., էջ 311-314:

[27] Ա Կոր., Ա 10-17. Ս. Գրիգորր Տաթ., Հարց., 588:

 

 

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

 

26.11.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․